Մեր տանը լվացք փռելն արարողակարգ էր։ «Մերդ թարս է միշտ փռում», -բողոքում էր տատս, ավելի ճիշտ՝ փնթփնթում։ Մերս դրանից նեղվում էր։ Ես էլ զարմանում էի, որ տարիների ընթացքում մերս ո՛չ լվացք փռել էր սովորել, ո՛չ էլ տատիս փնթփնթոցին․․․ գոնե տատիս փնթփնթոցին սովորեր, որ սկսեր բանի տեղ չդնել՝ տատիս խոսքերը օդի մեջ ցնդեին, չխայթեին։ Բայց ամեն անգամ խայթում էին։ Մերս գույնը փոխում էր, մի տեսակ ներսից «ուռչում»։ Եվ ես հասկանում էի, թե իրականում ինչքա՜ն է ուզում տատիս ուզածով լվացքը փռել, բայց դե մի բան միշտ այն չէր լինում։ Ու դրա մեջ միշտ այնքան դրամատիզմ էր մերս դնում, որ․․․
Նորից լվացքը փռված էր։ Տատս ուղղել էր մորս հետևից։ Պատուհանից նայում էի, թվում էր, թե լվացքին․․․ Չէ՛, Արամին էի սպասում։ Պետք է գար։ Հեռախոսս ծնգաց։
-Գնամ Բոբիին հաց տամ,- կմկմացի ու դուրս թռա։
Մեր տան հետևում էինք միշտ հանդիպում։ Գյուղի մեջ ո՞ւր գնայինք։ Սեր-մեր էինք խաղում, ամենակարևորը մեկս մյուսին համարում, ինչ-որ ապագայի ծրագրեր, ֆլան-ֆստան, գունավոր բաներ։ Չէինք հասկանում. կյանքը չգիտեինք ու չէինք հասկանում։
Գիշերը, երբ ներսումս փոթորկվող հույզերով պառկեցի քնելու, հանկարծ տատիս ձայնը ծակեց պատը․
-Մանի՛կ, Մանի՛կ(մորս էր կանչում), գնա՛ շանը կեր տուր, անտերը սովից վնգստում է։
-Անոն տվել է (ես, էլի),- ասում էր մերս։
Ներսումս մի բան սեղմվեց։ Իհարկե, չէի տվել, զուտ պատրվակ էի օգտագործել, որ տնից դուրս գայի։ Բայց հո՞ չէի խոստովանի։ Շունը պետք է սոված մնար։
Լսվեցին տատիս մանրիկ ու դողդոջուն քայլերը։
-Լվացք փռել էլ չսովորեցիր, ու՜ր մնաց․․․- փնթփնթում էր տատս։
Բայց ներսումս ջերմ, հանգստացնող բան զգացի, երբ դռան ճռոցը լսեցի. Տատս գնաց, որ Բոբիին հաց տար։
***
Գարունը եկավ։ Արամը գյուղի մյուս տղամարդկանց հետ մեկնեց Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։ Նորից ֆլան-ֆստան՝ սիրո խոստովանություններ, որ գար ու գալու էին մեր տուն, նշան էին դնելու և այլն։ Ու ներսս թրթռում էր: Հիմար էի։ Հիմա՛ր, ինչպես բոլոր սիրահարվածները, անփո՛րձ սիրահարվածները։
Մի օր էլ գյուղում լուր տարածվեց, որ Սահակենց Արշոն լավ չի, հոգու վրա է։
Սովորական լուր էր, էլի։ Պատերազմի ժամանակ, երբ գյուղում քիչ ջահելներ չզոհվեցին, հիմա ծերերի մահը մահ չէր համարվում։ «Երանի այն ջահելներն էլ նրա տարիքին հասնեին»,- բոլորը կարծես սա էին մտածում։ Ու ծերերը մեռնում էին, բայց մահը կարծես նրանց ինչ–որ կերպ շրջանցում էր․ ջահելները բոլորի փոխարեն արդեն մեռել էին ու ցավ միայն իրենք էին թողել։
Սահակենց Արշոն էլ մեռավ, ի վերջո։ Մեռավ՝ մեռավ, ի՞նչ անենք, քանի՜ ջահել․․․ Բայց աչքիս տատս հանկարծ կծկվեց։ Մի տեսակ միջով մի բան անցավ, կուչ եկավ ու փակվեց։ Նկատեցի։ Գնաց սենյակ ու դուռը փակեց։ Ուզեցի գնալ հետևից, մերս չթողեց.
-Մինչև պապուդ առնելը, տատդ Արշոյի հետ սեր-մեր է ունեցել, թո՛ղ, թո՛ղ, ես էլ գնամ լվացքը փռեմ, դժվար էսօր վրես խոսա,- և վերջին բառերի հետ մերս մի տեսակ ժպտաց։ Նայեցինք իրար ու սկսեցինք ծիծաղել։ Տատի՞ս չստացված սիրո վրա։ Չէ՛, հազիվ թե։ Ուղղակի․․․ դե հիմա։ Երևի կյանքի վրա, բոլորիս վրա։
Ամիսներն անցնում էին։ Ես սպասում էի։ Վերջապե՜ս։ Եկան գյուղի արտագնա աշխատանքի մեկնածները։ Արամն էլ։ Սիրտս նորից սկսեց ավելի արագ բաբախել, ավելի ու ավելի․․․ Բայց տագնապն էլ էր շատ․ «Կգամ, կխոսենք»,-գրել էր Արամը ու կորել։ Մի տեսակ ոչ մի արձագանք։ Մի քանի անգամ ես էի գրել, բայց անպատասխան։ Սկսել էի լարվել ու արդարացումներ էի փնտրում․երևի նոր է եկել, խառն է և այլն։ Մերս էլի ոնց որ բան չնկատեր, բայց տատս․․․ հայացքով մի տեսակ հետևում էր ինձ, որսում յուրաքանչյուր պահը, որ շնչում էի․․․․«Ի՞նչ է ուզում էս կնիկը ինձնից», -ներվայնանում էի։ Մի տեսակ հետևում էր ինձ։
Հերթական լվացքը պետք է փռվեր։
Մերս խնդրեց, որ ծղիկներից մեկը ես վերցնեմ, բակ հանեմ։
-Իմացա՞ր, նշանդրենք ենք հրավիրված,- մերս։
Ուշադրություն չդարձրեցի։ Շատ պետքս էր։
-Վալոդի Արմանին են նշանում։
Բառերը ծակեցին։ Ինձ թվաց, որ օդը չեմ զգում, մի պահ նույնիսկ չընկալեցի մորս բառերը․ ինձ դադարեցի զգալ։
-Ինչ-որ խոսել է հետը․․․ հիմա էլ եկած-չեկած նշան են դնում․․․
Մերս էլի կշարունակեր, բայց հեռախոսի ձայնը ընդհատեց։ Վազեց տուն։
-Լվացքը կփռես,- հեռվից լսեցի մորս ձայնը։
Հենվել էի պատին։ Լսածս դեռ չէի մարսել։ Բութ ու ծակող ինչ-որ բան ներսս քերում էր։ Հանկարծ տատիս ստվերը նկատեցի։ Մոտենում էր լվացքին․․․ Չգիտեմ, թե ինչ մղումով ՝ պոռթկացի․
-Թ՛ող, չկպնես։ Ես կփռեմ։
Տատս խայթվածի նման հեռու գնաց ու զարմանքով նայեց ինձ։
Սկսեցի փռել։ Նայում էի խայթող հայացքով տատիս ու հատուկ՝ ոնց պատահեր, վերցնում էի թաց շորերն ու փռում պարանին։ Ոնց որ տատիս աչքը խոթեի՝ նայի՛, ոնց ուզում եմ՝ թարս ու շիտակ, փռում եմ։ Տատս նայում էր, բայց ձայն չէր հանում։ Երևի աչքերս այրվում էին՝ ցավից, անզորությունից, ու տատս զուտ այդ պահին հայտնված թիրախ էր, որի վրա ուզում էի այդ ամենը թափել ու թափում էի։
-Տե՛ս, թարս եմ փռում, տե՛ս, նույն գույնի շորերը իրար կողքի չեմ փռում․․․
Հա՛, պետք է մունաթ գայի, ինչ-որ տեղ գոռայի։ Եվ տենդի մեջ շարունակում էի հա՛ փռել․․․
Տատս հանկարծ մանրիկ քայլերով մոտեցավ։ Շատ լուռ, մի տեսակ զգույշ, վերցրեց ձեռքիցս թաց շորերը․․․
-Բալե՜ս․․․- միայն դա լսեցի։
Գրկեց։ Տատիս դողդոջուն ձեռքերի մեջ զգացի, թե ինչպես է շոյում մազերս։
Կուչ եկա ու ազատություն տվեցի արցունքներիս։ Բայց էլ ինձ մենակ չէի զգում։ Ես էի, տատս, թաց լվացքն ու քամին։ Եվ քամին օրորում էր մեր ծուռ, խառուխշտիկ լվացքը…
