Արմինե Գաբրիելյան, Պատմվածք

Մինչև արևը մայր մտնի

«Թե բարկանաք էլ, մեղք մի՛ գործեք.
արեգակը ձեր բարկության վրա թող մայր չմտնի» (Եփ. 4:26)

Դեկտեմբերի մանրիկ ձյունը հանդարտ իջնում էր քաղաքի վրա, շարվում Լիլիթի ծաղկի խանութի լայն պատուհաններին, «Ֆլորենա»  ցուցանակին։ Քաղաքը մանրից տոնական տեսք էր ստանում։ Վառվռուն զանգուլակներ էին կախվում ամենուր։ Սիրուն ծաղկեփնջերի շրջապատում տաք թեյ էր խմում Լիլիթն ու իրեն կինոյում կզգար, եթե ամուսնու հետ կռված չլիներ, ու տղայի գնահատականներն էլ դպրոցում գերազանց կամ գոնե լավ լինեին։

Հակոբի ուշադրությունից հա էլ բողոքել է։ Իսկ վերջերս լրիվ անտանելի է դարձել։ Տանը համարյա չի լինում, եղած ժամանակ էլ երկու բառ փոխանակեն, թե չէ։ Երկու բառն էլ ի՞նչ է։ Հարց է տալիս, մարդը չի պատասխանում։ Հետո էնպես  է հարցը ձևակերպում, որ նրան մնա միայն հա կամ չէ ասելը։ Էն էլ՝ գլխով։ Հացն ուտում է, գլուխը  մտցնում հեռախոսի մեջ։ Գիշերն էլ շան պես հոգնած եմ՝ ասում, շուռ գալիս քնում։ Շաբաթ-կիրակի նույնը, ամեն օր՝ նույնը։  Երեկ չդիմացավ․ երեսին շպրտեց, ինչ մտածում էր, դարձավ կռիվ։ Ամուսինն ասաց, որ հոգնել է, կուշտ է ամեն ինչից, զզվեցրել է ամենօրյա բողոքներով․․․ ինքն էլ լեզվի տակ չմնաց։ Հոգնել ե՞ս, գնա․․․վատ բառ ասաց․․․ դրանց մոտ․․․

Հաստատ սիրած ունի։ Սիրած պահելն էլ ոնց է լինում․ պոզով-պոչով հո չի լինում։ Մնում է գտնել, թե էդ անամոթն ով է, որ քիթը մտցրել է իրենց տասնհինգամյա խաղաղ կյանքի մեջ ու ավելի է խորացնում ամուսինների միջև եղած անդունդը։

Հեռախոսով սրտի դարդը պատմեց սկեսուրին։ Սկեսուրն ասաց․

-Աչքովդ էլ տեսնես՝ չհավատաս։ Տղաս տենց բան անող չի։

Մայրն էլ․

-Տղամարդն ու շունը մեկ են, այ բալա։ Ում դռանը ոսկոր ուտեն, մեկ է՝ իրենց դռանն են հաչալու։ Ես որ իմ քաշածները պատմե՜մ․․․Էհ, քաշողը գիտի, աշողն ի՞նչ գիտի։

Քույրն էլ․

-Ա՛յ քուր, Աստծուց կրակ ե՞ս ուզում․ ո՛չ խմող ա, ո՛չ խաղացող։ Բա որ էն մեկելների պես․․․

Տաք թեյ էր խմում ու անդարդ ֆեյսբուքն էր թերթում, երբ կանանց խմբերից մեկում աչքով ընկավ մի գրառում` անանուն․ «Աղջիկներ ջան, հանդիպում եմ ամուսնացած տղամարդու հետ։ Կնոջ հետ երջանիկ չեն, մինչև ինձ հետ հանդիպելն էլ երջանիկ չէր․․․ կինը կայացած կին է, սեփական ծաղկի սրահ ունի, տասներեք տարեկան  տղա ունեն, որին շատ է սիրում, բայց կնոջ հետ երջանիկ չեն․․․»։ Հարցնում էր՝ վերջ դնի՞ արդյոք հարաբերություններին, թե․․․ Հարյուր յոթանասունմեկ մեկնաբանություններից քսանը աղջկան խրատում էր, որ ուրիշի դժբախտության  վրա երջանկություն չեն կառուցի, մի տասը հոգի օգնում էր խճճված աղջկան դուրս գալ այդ թնջուկից՝ հնարավորինս անվնաս երեք կողմի համար, մի քանիսն էլ  խորհուրդ էին տալիս հարցատուին գրել մաքրամաքուր հայերենով՝ զերծ ուղղագրական ու կետադրական սխալներից․․․ 

Լիլիթի ոտուձեռը թուլացավ, բայց արագ էլ հավաքեց իրեն։ Կարևորը՝ գտել է էն անամոթին, որն իր  սեփական ոտքով ընկավ թակարդը։ Ֆեյսբուքի կարգավորումներ բաժնում փոփոխություններ արեց, ու Լիլիթ Մարտիրոսյանը դարձավ «Հոգեբանական անվճար ծառայություններ»  անվանումով օգտատեր։

Աղջկան գրեց․ «Անանուն ջան, եկ հանդիպենք, զրուցենք․ մենք հոգեբանական անվճար ծառայություններ ենք մատուցում անձնական երջանկություն փնտրող հայաստանցի կանանց․․․»

Իրականում օգտանվան մի մասում էր միայն խաբում․ հոգեբան չէր, բայց ուրիշի՝ այսինքն իր, ամուսնուց հեռու մնալու խորհուրդը տալու էր անվճար։

Ֆեյսբուքը ծնգծնգաց, ու ամուսնու սիրուհին շնորհակալություն հայտնեց մեծահոգի հոգեբանին և  հրավիրեց սրճելու։ Հենց վաղը՝ ուղիղ ժամը տասնչորսին՝ «Էլիտ»  սրճարան։

Ա՛յ դու․․․ ամաչեց իր մտածած բառից։ Ի՜նչ էլ ժամ ես ընտրել։ Ամուսնուս ընդմիջումն հենց էդ ժամին էլ ավարտվում է։ Մի ժամ հետը սիլի-բիլի կանես, կգաս։

Խանութը փակեց ու տուն գնաց։ Առևտուր էլ չկար։ Ծաղիկ գնող չկա․ Ամանորից առաջ ո՛չ ամուսնացող կա, ո՛չ սիրահարվող, ո՛չ ծննդյան տարեդարձ նշող։

Տանը ամեն ինչ նորմալ-երեկվա նման էր։ Տղան, իր սենյակում փակված, կա՛մ հեռախոսով է խաղում, կա՛մ համակարգչով։

Դուռը կիսաբացեց․

-Սոված չե՞ս։

Տղան գլխով չէ արեց։

-Ի՞նչ ես կերել։

Տղան ուսը գցեց։

-Դասերդ սովորել ե՞ս։

-Ըհը՛։

 Հոր կտորն է։

Հիշեց ամուսնու սիրածին․ «Տղա ունեն, որին շատ է սիրում, բայց կնոջ հետ երջանիկ չեն․․․»  ։ Սիրտը նորից կտոր-կտոր եղավ։

***

Սրճարանում շատ մարդ չկար։ Մի քանի երիտասարդներ, մի զույգ, մի սեղանի շուրջ էլ՝ երեք ընկերուհիներ։ Հերթով բոլորին էր  նայում  ու մտքում կառուցում երկխոսություն-հնարավոր վիճաբանությունը իր և ամուսնու հետ քարշ եկող, երեկ քսան հազար կանանցից խորհուրդ հարցնող աղջկա միջև։ Մեկ էլ աղջիկը տնկվեց դիմացը․

-Բարի օր։ Հոգեբանական անվճար ծառայություններ․․․․

-Այո՛, ես եմ․․․

-Կներեք, որ ուշացա,- սիրուն-հանգիստ ասաց աղջիկն ու նստեց։

Մի կերպ ջանալով թաքցնել հուզմունքը, զայրույթը, խանդը՝ Լիլիթը նկատեց մեռածի շեկացրած ճոխ մազերը, որ լցվել են ուսերին ու թիկունքին, իրենից մի քիչ լիքոտ է, բայց գեր չէ, քիթն ու շրթունքները հաստատ դզած-փչած են, մի խոսքով՝ ոչ մի բնական բան չկա։ Իրենից տարքիով փոքր է, բայց մեծ է երևում։

-Ես իմ սուրճը խմել-վերջացրել եմ։ Ի՞նչ կուզեք,-կիսաարհամարհական-կիսահեգնական, բայց քաղաքավարի փորձեց երևալ։

-Ես սուրճ չեմ խմում,-մոտեցած մատուցողին լայն ժպիտով ասաց Անանունը։ -Ինձ կանաչ թեյ։

Լիլիթը գրչի փականը գործնական շարժումով ճտտացրեց, նոթատետր-բլոկնոտը դրեց սեղանին, դիրքավորվեց ու պատրասվեց հարձակման։ Աղջկա աչքից չվրիպեց, որ նոթատետրի ու գրչի վրա բանկերից մեկի անունն էր գրված։ Ժպտաց։ Հենց երեկ ինքն էլ է նույնից նվեր ստացել Ամանորին ընդառաջ՝ որպես բանկի հավատարիմ հաճախորդ։

-Դե՛, սկսեք սկզբից։

-Ինչի՞ց։

-Ե՞րբ եք ծանոթացել։

-Մոտ մեկ ամիս առաջ։

Էդ է,  էլի։ Հենց էս մի ամիսն է, որ ոտքից գլուխ փոխվել է Հակոբը։

-Քնել ե՞ք հետը։

-Ձեզ միայն դա է՞ հետաքրքրում։

-Որպես հոգեբան՝ ամեն ինչ պիտի իմանամ։

-Ո՛չ։

Լիլիթը թեթևացած շունչ քաշեց։

-Միասին հաճելի զրուցելը, քայլելը, թանկարժեք ընթրիքը, համբուրվելը օքեյ ա, Ձեր կարծիքով, կարևորը՝ անկողին չմտնեն։ Ա՛յ քեզ տրամաբանություն,- ամբարտավան տոնով  ասաց աղջիկը։

-Հոգեբանը ե՛ս եմ, Դուք ե՞ք ինձ հոգեբանական դասեր տալիս։

-Չէ՛, պարզապես զարմանում եմ Ձեր մտածելակերպի վրա։ Եվ հետո Դուք ավելի շատ բանկի աշխատողի եք նման, քան հոգեբանի,- աչքի պոչով բլոկնոտին նայեց Անանուն աղջիկը։

Տես, է՜։ Ոնց հաշվի չէր առել էս մանրուքը։ Հեչ էլ խճճված չի երևում աղջիկը։ Երեկ ֆեյսբուքում իրեն դրել էր խեղճի տեղ, այնինչ՝ թացը չորից լավ էլ տարբերող է։

Լիլիթը փորձեց վստահություն ներշնչել։ Աթոռն առաջ բերեց, ոտքը գցեց ոտքին, ձեռքերը դարսեց իրար վրա, լուրջ ու ցածր տոնով ասաց․

-Նշանակում է՝ տղամարդը դեռ չի դավաճանել իր կնոջը։

-Իսկ ի՞նչ կապ ունի էստեղ նրա կինը։

-Դե ուրեմն էնքան չի սիրում Ձեզ, որ պատրաստ լինի նման քայլի։

-Իմ նախկին ամուսինը աջուձախ քնում էր սրա-նրա հետ, բայց ոչ մեկին էլ չէր սիրում։

Նախկին ամուսի՜ն։ Ուրեմն փեշդ մի անգամ արդեն ծակվել է, և կորցնելու բան չունես, անամոթի՛  մեկը։

-Իսկ ես կարծում եմ, որ իմ թվարկածն էլ արդեն դավաճանություն է,-շարունակեց նա։ Եվ հետո ուրիշ բառ ընտրեք, տիկի՛ն հոգեբան։

Թվա՞ց, թե իսկապես ծաղրանքով ասաց «տիկին հոգեբան»  բառերը։

-Լիլ․․․․յա՛։ Լիլյա։

-Ի՞նչ։

-Անունս ասեցի  Լիլյա։

Աղջիկը կչկչալով ծիծաղեց։ Ծիծաղից խեղդվելով՝ ապուշ կտրած Լիլիթին ասաց․

-Բոյֆրենդիս կնոջ ու նրա ծաղկի սրահի անունն էլ է Լիլյա։

Հլը էդ սրիկային տես։ Անունս ու խանութիս անունը փոխել է, որ․․․ Լավ, Հակոբ տղա, միամիտ չեմ, ոչ էլ երեկ եմ ծնվել, քեզ հետ հետո կխոսեմ։

-Իմ անունը Մարիետա է, բայց կարող եք ինձ կրճատ Մարի ասել։ Հանդիպման վերջում ծանոթացանք,- նորից ծիծաղեց Մարին։

-Գնում ե՞ք արդեն։

-Այո՛։ Դուք դժվար էլ կարողանաք ինձ ինչ-որ խորհրդով արդեն օգնել։ Ամանորին Ծաղկաձոր ենք մեկնելու․ կես ժամից գեղեցկության սրահում պիտի լինեմ։ Սուրճի ու թեյի  համար վճարել եմ արդեն,- թիթիզ-թիթիզ ծլվլաց Մարին ու թռավ։

Լիլիթին թվաց՝ սրճարանի բոլոր այցելուներն ու աշխատողները իրեն են նայում ու ամոթանք տալիս՝ մի տղամարդն ինչ է, որ կողքիդ պահել չես կարողանում, էս աղջկան կանչիր բերիր, որ վրադ ծիծաղի՞։ Մենակ միասին Ծաղկաձոր գնալը չգիտեիր, էդ էլ իմացար։ Էդ էի՞ր ուզում։

Վեր կացավ, որ տուն գնա։ Ոտքերը ծանր էին՝ քարի կտոր, գլխի տեղ սալ քար էր, պայուսակի մեջ՝ ծանր կշռաքարեր։ Ամբողջ ճանապարհին մտածում էր բաժանվելու մասին, երեխային առնել-գնալու մասին։ Անաղուհաց քրդի շուն ես, դու, Հակո՛բ։ Էդքան տարի քեզ ու հարազատներիդ նվիրված եմ եղել, բոլորի առաջ դրել-վերցրել եմ, երեխա ենք ունեցել, տուն ու տեղ ենք դրել իրար հետ, որ մի ամսվա ծանոթիդ համար կին-երեխա ուրանա՞ս․․․ Հենց երեկոյան ողջ ճշմարտությունը կնետի Հակոբի երեսին, կասի, որ գիտի իր ու Մարիետա-Մարիի մասին, Ծաղկաձորում Նոր տարին միասին անցկացնելու մասին, թանկարժեք ընթրիքների ու Լիլյա դարձած իր մասին, տղային սիրելու, բայց կնոջ հետ երջանիկ չլինելու մասին․․․ Դեկտեմբերի ցուրտը լցվել էր կոշիկների մեջ, և ոտքերը փայտացել էին, բայց դա իրեն չէր նեղում։

Տանն  ամեն բան նույնն էր։ Տղան սենյակում փակված խաղ էր խաղում, դասերն արել էր, թե չէ՝ ոչ էլ հարցրեց, սոված էր թե չէ՝ չհարցրեց, որովհետև տեսավ սեղանին երշիկով բրդուճի մնացորդներ։ Փորձեց մի քիչ տները կարգի բերի, բայց շարժումները դանդաղ էին, միտքը՝ ուրիշ տեղ։ Սուրճ եփեց ու նստեց։ Ամուսինը մտավ  տուն։

Միշտ Հակոբն էր վերջին տուն մտնողը։ Երբ բանալին պտտում էր դռան փակի մեջ, Լիլիթը մի տեսակ ապահովության ու պաշտպանված լինելու զգացում էր ունենում։ Ծանր ու խայտաբղետ օրը մնում էր դրսում, ինքն ընկղմվում էր ընտանեկան հաճելի հոգսերի մեջ։ Մեկ-մեկ կատաղում էր ամուսնու ու տղայի քչախոսությունից, մեկ-մեկ՝ համակերպվում։ Զանգ էր տալիս մորը կամ քրոջն ու դեսից-դենից խոսում։ Բայց էս անգամ նույն զգացողությունը չունեցավ։ Իրեն ներսից ուտելով՝ սեղան էր գցում ու հետն էլ մտածում՝ ինչից սկսի կոկորդը խեղդող խոսակցությունը։

-Նոր տարուն չգնա՞ք մեր Արամենց տուն, – գլուխը հեռախոսից բարձրացնելով՝ ասաց Հակոբը։

-Ի՞նչ,- չլսեց-չհասկացավ Լիլիթը։

– Ասում եմ՝ Նոր տարուն չգնա՞ք մեր Արամենց տուն․ առաջին Նոր տարին է առանց հոր։

-Նոր տարուն դու էստեղ ե՞ս լինելու։

-Բա ու՞ր պիտի լինեմ,- ուսը թոթվեց Հակոբը ու ուղիղ նայեց կնոջ աչքերի մեջ։

Եսիմ։ Բա Մարիի հետ Ծաղկաձոր չէ՞ր գնալու։ Ասի՞ , թե՞ չասի։ Իսկ կարո՞ղ է՝ ինքը սխալվել է, և Մարին իսկապես ուրիշի սիրուհին է։ Չէ՛, նման հարցերում կինը երբեք չի սխալվում։ Որոշեց, որ ուղիղ հարցնելուց ճիշտը չկա։

-Հակո՛բ, Մարի անունով աղջկա ճանաչում ե՞ս։ Կամ Մարիետա։

-Չէ՛, ինչի՞,- կարճ կապեց Հակոբը։

Չէր խաբում Հակոբը։ Հանգիստ էր երևում։

-Տեղերս բաց՝ քնեմ,- մարմինը ծռմռեց Հակոբը։- Դու էլ շուտ կգաս,- մի քիչ քնքշացավ ամուսնյակը։

-Ըհը՛։

Ինչ լավ բան է սիրված, երջանիկ լինելը։ Մտածում էր Լիլիթը, երբ Հակոբն արդեն շուռ էր եկել կողքի ու խռռացնում էր։ Ինչքան լավն ես, դու, Հակո՛բ։ Ճիշտ է, մի քիչ քչախոս ես, սերը ցույց չտվող, բայց ես  հո գիտեմ, թե ներսից ինչքան փխրուն ու խղճով ես։ Վա՜յ, Լիլո՛, Լիլո՛։  Ո՞նց մտքովդ անցավ, ո՞նց կասկածեցիր։ Հակոբի ասած՝ կնգա խելք։ Մարին էդքան էլ վատը չէր բայց։ Մենակ շուրթերն էին անբնական ուռած։ Մանեկող մարդ է ունեցել, բաժանվել է, հիմա էլ ուզում է երջանիկ լինել։ Ի՞նչ անի խեղճ աղջիկը։ Բայց Լիլյան ինչով է մեղավոր, ախր։ Խե՜ղճ կին։ Տեսնես գիտի՞, որ մարդը Նոր տարուն ուրիշի հետ Ծաղկաձոր է մեկնելու։ Ասա՝ մի տղամարդն ինչ է, որ կողքներդ չեք կարողանում պահել։ Ինչ լավ է, որ մինչև մութն ընկնելը պարզեց ամեն ինչ, թե էս գիշեր էլ քնել չէր կարողանալու։

Անջատեց կողքի լուսամփոփն ու թևը գցեց Հակոբի ուսին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *