(գրախոսություն)
Հայ ժամանակակից հասարակական-քաղաքական կյանքի անորոշությունը և տագնապայնությունը շատ ստեղծագործողների առաջ դնում են ազգի փրկության իրական ճանապարհը որոնելու հարցը: Հայ գրականության բազմադարյա պատմությունն ինչ-որ առումով այդ հարցի տարաբնույթ մեկնաբանությունների մի տևական ու անվերջանալի ճանապարհ է: Մեր ժողովրդի պատմական ճակատագիրը յուրաքանչյուր ժամանակաշրջանում ստիպում է նորովի անդրադառնալ ի սկզբանե առաջադրված խնդրին: Որքան էլ վերացական թվա հարցը, վերջին շրջանի աղետալի իրադարձությունները հերթական անգամ ցույց տվեցին դրա առարկայական և օրախնդիր նշանակությունը:
Մհեր Իսրայելյանի «Բաբելոնի աշտարակ ըստ Մարդամեկի» պատմվածքը վերն առաջադրված հարցի որոնման մերօրյա արտահայտություններից է: Մեր գրախոսության նպատակը պատմվածքի գաղափարական բովանդակության վերլուծությունն է: Խնդիրներն են դետալ-մանրամասների փոխաբերական նշանակությունների վերհանումը և դրանց ներքին զարգացման ու փոփոխման օրինաչափությունը բացատրելը: Հետազոտության առարկան «Բաբելոնի աշտարակ ըստ Մարդամեկի» պատմվածքն է: Կկիրառենք վերլուծության և համադրության ընդհանուր տրամաբանական մեթոդները, մեկնաբանական, կառուցվածքաբանական և նկարագրողական մեթոդները:
Պատմվածքը կառուցված է բազմանշանակ դետալ-մանրամասների հիմքով: Դրանք պատումը դարձնում են կառուցիկ ու բազմաշերտ՝ ներկայացնելով տարբեր քաղաքական-մշակութային իրողությունների համակցություն: Նախադրությունն արդեն հիմնված է մի կարևոր դետալ-մանրամասնի վրա, որն ունի վավերական հիմք. «Արդեն թվում էր թե մուսաս անհույս խռովել է ինձնից, երբ մայրաքաղաք Երևանի երկնքում պայթած կայծակի հետագիծը ուրվագծեց մեր ավետյաց երկրի իրական սահմանները»[1]։ Ֆեյսբուքյան տիրույթում լայն արձագանք ստացած այս իրադարձությունը պատմվածքի սկզբնահատվածում արդեն գծագրում է բախումնային իրավիճակ, որն արտաքին պլանում որոշակիորեն քաղաքականացված է, սակայն խորքային իմաստով ներկայացնում է վերքաղական ու վերկուսակցական խնդիր՝ փրկության ճանապարհի որոնումը։ Կայծակի գծագրած քարտեզը ազգային ճակատագրին, հասարակական-քաղաքական իրադարձություններին զուգակցելու միտումով պայմանավորված հակադիր մեկնաբանություններն ի վերջո հանգում են երևույթի զգացմունքային ու բանական ընկալումների հակադրությանը։ Եվ այստեղ է, որ ծայրահեղորեն հակադիր այդ ընկալումները միասնականանում և խաչվում են խորագրի ներսում։ Բաբելոնյան աշտարակի խորագրային ակնարկը պետք է հասկանալ իբրև անհնարինի և հնարավորի հակաբևեռների միացման կետ։
Ռոմանտիկ-զգացմունքային գնահատականների հոսքն ընդհատում է առաջին ու վերջին մոհիկանի սթափեցնող խոսքը. «-Բաբելոնի աշտարակ եք ցանկանում կառուցել, չեք կարող, իջեք հողի վրա,-հատու զգուշացրեց առաջին ու վերջին մոհիկանը»։ Սա վերհանում է նաև ռոմանտիկ-երազողների կառուցած հեռանկարների ամենախոշոր բացթողումը. նրանց նպատակները կտրված են հողից. «-Ափսոս, եթե կայծակը մի քիչ էլ ձգվեր, ուրվագիծը կտաներ կհասցներ ծովից ծով,- հոգոց հանեցին առավել երազկոտները»։ Առաջին ու վերջին մոհիկանի սթափեցնող կոչը պատմվածքի հանգույցն է, որ փաստորեն նշանավորում է փրկության վերհողային ուղիների սահմանափակումը։ Եվ հենց այդ պահին է չքանում ռոմանտիկ ձգտումների պատկերային արտահայտչամիջոցը՝ կայծակ-քարտեզ-դետալ- մանրամասնը. «Ցավոք, կայծակի շունչը, ինչպես հաճախ պատահում է հայի բախտի հետ, չէր հերիքել, և սպառված շնչի հետ հետագիծը կտրվել ու տարրալուծվել էր տիեզերական անսահմանության մեջ»։ Հայի բախտի հետ տարվող այս զուգահեռը պատմվածքի գերիշխող գիծն է, և այդ գծի վրա են շարվում մյուս բոլոր դետալ-մանրամասները։ Դրանք նախ և առաջ հայ ժողովրդի ազգային բնավորության գծերը և ճակատագրի բնույթն ընդհանրացնող արժեք ունեն։ Վերնագրում առկա Բաբելոնյան աշտարակի հղումը հեղինակ-հերոսին ուղղորդում է նաև դեպի լեզուների բաժանման հարցը։ Այս պայմանականության օգնությամբ կառուցվում են երկու բավականին հաջող դետալ-մանրամասներ։ Խոսքն օտարազգի մարդկանց՝ հայոց լեզվի մասին արտահայտած կարծիքների մասին է. «Հենց այդ վայրկյանին էլ հիշեցի հույն ընկերոջս այն միտքը, որ ասում էր, թե հայերը իրար հետ խոսելիս կարծես կռիվ անեն։ Չինացի ընկերս ասում էր, որ կարծես թե ուզենան երգել, սակայն մի բան վերջին պահին չստացվի, կամ ձայնի հզորությունը չհերիքի կամ լսողությունը»։ Հայերեն խոսակցությունների մասին օտարերկրացիների կարծիքները խորքային պլանում ներկայացնում են հայ ժողովրդի բնավորության գծերից մեկը և որոշակիորեն դրանով պայմանավորված ազգային ճակատագիրը։ Այս երկու դետալ-մանրամասները ցույց են տալիս հայի բախումնայնությունը և այդպես էլ իրագործման չհասած իդեալները՝ կիսատ մնացած բախտը։ Սրանց միջև կա պատճառահետևանքային կապ։ Եվ այդ տեսանկյունից այս դետալ-մանրամասնը զուգադրվում է պատմվածքի սկզբանահատվածի կայծակ-պատկերի նշանակությանը։ Փաստորեն զուգակցվում են տեսողական և լսողական դետալ-մանրամասները։ Կայծակի գծագրած պատկերը պայմանավորել էր բախում-բանավեճ, նրա անհետացումը զուգադրվել էր հայի բախտի հետ, իսկ այստեղ նշված երկու բնութագրիչները իրենց խորքային նշանակությամբ համահունչ են նախադրության մեջ ակնարկվածին: Այսքանից հետո դարձյալ կենտրոնում դրվում է հարցը, թե ո՞րն է փրկության իրական ճանապարհը։ Եվ այստեղ է, որ առաջ է բերվում Մարդամեկի անանուն կերպարը: Ակամա ունկնդիր դարձած պատմող-հեղինակը դարձյալ առնչվում է ազգային փրկությանը վերաբերող խոսակցություններին: Խորագրի Բաբելոնյան աշտարակ ակնարկ-դետալը դարձյալ առաջ է բերվում խոսակցությունների տիրույթ՝ ներկայացնելով գործողությունների զարգացման գագաթնակետը: Այստեղ պատմող-հեղինակը ներկայանում է ակամա ունկնդրի դերում, որի անհրաժեշտաբար սահմանափակված տեսալսողական տարածությունը ներկայացնում է ընդամենը պատառիկներ տարածվող խոսակցությունից: Սա ազգային փրկության ուղիները կերտելու բախում-բանավիճային քննարկումների նորովի դրսևորում է, որ ինչ-որ տեսանկյունից կարող է զուգակցվել նախադրության տիրույթում առկա բանավեճին: Բայց գործողությունների զարգացման գագաթնակետը, հեղինակ-պատմողի սահմանափակված դիտանկյան մեթոդը, որ գեղարվեստորեն արդարացված է բանավեճ-համագործակցության խորքային իմաստն ընթերցողից ժամանակավորապես թաքցնելու միտումներով, նորովի և առավել բովանդակային ու արտաքաղաքական իմաստ են հաղորդում առերևույթ դարձյալ քաղաքական քննարկմանը: Բանավեճի կենտրոնում անանուն Մարդամեկն է և նրա ազգափրկիչ ծրագիրը: Վերջինիս քողարկվածությունը պայմանավորում է անհրաժեշտ լարում և ապահովում անսպասելիության էֆեկտը: Սա հենց գործողությունների զարգացման գագաթնակետն է, իսկ լուծումը ենթադրում է քողարկված ծրագրի բացահայտումը: Այդ ճանապարհին ներբերվող երազ-պատկերը պատմվածքի բոլոր առանցքային դետալ-մանրամասները կապակցելու գործառույթն է իրականացնում. «Այդ գիշեր երազ տեսա, բոլոր թեկնածուները մորեմերկ (ավստրիացու դրվագը-Կ. Մ.), ինչպես աշխարհ էին եկել, հարիսա էին եփում (նախընթաց ակնարկը հարիսայի մասին, հարիսա-ազգային բնութագրիչներից մեկը-Կ. Մ.)։ Երգում էին, բայց ձայնը չէր լսվում (չինացի ընկերոջ կարծիքը հայերի խոսակցությունների մասին-Կ. Մ.), ասես համր կինոնկար լիներ, մնջախաղ։ Ազգային առանձնահատկություն է, հարիսան այնքան պիտի հարեին, որ դառնար միասեռ զանգված» (ընդգծումները մերն են-Կ. Մ.): Հարիսա և շերեփ դետալները մշակութային-քաղաքական նոր շերտ են բացում: Սրա մասին են ակնարկում թղթե և երկաթե շերեփ արտահայտությունները (Խրիմյան Հայրիկ): Իսկ երազի բուն ակնարկն այն է, որ, իրոք, Մարդամեկի առաքելությունն առաջնային է: Սա բուն առաքելության բացահայտման առաջին ակորդն է, որին պիտի հետևի հանգուցալուծումը՝ առաքելության բնույթի վերջնական բացահայտումը. «Լույսը դեռ չբացված Մարդամեկը հուշիկ քայլերով դուրս եկավ տնից և կոպիտ ձեռնոցներն ու վառ դեղին անվտանգության ժիլետը հագին աննկատ բարձրացավ աղբատար մեքենայի թափքին։ Շարժիչի տպավորիչ հռնդյունը հուշեց, որ չէի սխալվել»: Մարդամեկը զբաղվում է աղբահանությամբ, որն էլ պատմվածքի բազում պատկեր-փոխաբերություններից առաջնայինն ու գլխավորն է: Այսպես՝ պատմվածքի դետալ-մանրամասները ոչ այլ ինչ են, եթե ոչ բազմաշերտ պատկեր-փոխաբերություններ: Դրանց ծավալման ընթացքը թույլ է տալիս կատարել հետևյալ դասակարգումը: Սյուժեի զարգացման նախընթաց փուլերում բերվող դետալ-մանրամասներն ավելի շուտ հարց-փոխաբերություններ են: Իսկ հանգուցալուծումը առաջադրված հարցերի պատասխան-փոխաբերությունն է: Վերացարկման մակարդակում պատմվածքը ներկայացնում է «ո՞րն է փրկության ճանապարհը» հարցը և «ազատագրումը ներքին աղբից» պատասխանը: Սակայն վերջնադրվագում առաջ քաշվող պատասխանն անցնում է ներքին որոնման տևական ճանապարհ, տարակերպ բախումնային ենթափուլեր, շոշափում է բանական և զգացմունքային լուծումների տիրույթները և առաջին ու վերջին մոհիկանի պահանջ-նախազգուշացմանը հետևելով՝ տալիս հողային ու իրական լուծումը: Խորագրի Բաբելոնյան աշտարակ հղումը զգացմունքայնության դաշտից տեղափոխվում է շոշափելիության ու հողայնության մակարդակ, դառնում առավել իրական ու իրագործելի: Ազգային ներքին աղբից ազատագրվելը միգուցե Բաբելոնյան աշտարակ կառուցելու ավարտուն գործողություն չէ, բայց այդ դժվարին ճանապարհի առաջին քայլն է:
Այսպիսով՝ Մհեր Իսրայելյանի «Բաբելոնի աշտարակ ըստ Մարդամեկի» պատմվածքն արձագանքում է հայ ժողովրդի մերօրյա խնդիրներին ու առաջադրում վերջիններիս լուծման հստակ նախաքայլ: Պատմվածքն իրավամբ ունի գեղարվեստական բարձր արժեք և կուռ կառուցվածք: Ազգային փրկության ուղու որոնումը հեղինակը գրեթե ամբողջությամբ ներկայացրել է գեղարվեստորեն բազմաշերտ դետալ-մանրամասների օգնությամբ՝ հնարավորինս զերծ մնալով ճակատայնությունից: Հանգույցից մինչև հանգուցալուծում ընկած ճանապարհը հարց-փոխաբերությունների վերափոխումն է պատասխան-փոխաբերությանը:
[1]https://granish.org/babeloni-ashtarak-yst-mardameki/: Մեջբերված բոլոր հատվածներն այս կայքից են:
