Կայծակի աստվածը չի հարվածում ուտող մարդուն, հաճախ ասում էր պապս, երբ փոքր էինք։ Ի՞նչ կցուցաներ առակը։ Ուտելն առաքինություն էր։ Պապս կարող էր ժամերով ուտելու կարևորության մասին մեջբերումներ անել Կոնֆուցիոսից ու նրա աշակերտներից։ Որպեսզի ավելի շատ գնահատեինք սնունդը, նա երբեմն ինձ ու քրոջս պատմություններ էր պատմում քաղցի մասին։ Օրինակ՝ մի աղքատ գիտնական գնում է խնջույքի ու սեղանի վրա թափված քունջութի սերմեր է տեսնում։ «Թույլ տվեք ձեզ գեղագրություն սովորեցնել»,- ասում է տղամարդը հյուրերին, լպստում է ցուցամատն ու սկսում է վարպետորեն գրել սեղանին՝ ընթացքում մաքրելով քունջութի սերմերը։ Ահա մեկ ուրիշ պատմություն՝ մի աղքատ գյուղացի քաղաքում այցելում է իր ընկերոջը։ Ընկերը նրան շքեղ ռեստորան է հրավիրում, մի բաժակ թեյ է պատվիրում և ամենայն քաղաքավարությամբ խնդրում է նրան հյուրասիրվել բոլոր անուշահոտություններով։ Պապս մեզ նաև պատմություններ էր պատմում սովի մասին։ Տասնչորսերորդ դարում հարևանները վաճառում էին իրենց երեխաներին, որ ստիպված չլինեին ուտելու իրենց սեփական որդիներին ու դուստրերին։ Նրանք սկսում էին ընտանիքների ամենափոքրերից, բացատրում էր պապս, որովհետև փոքրերը ոչինչ չէին հասկանում, ուստի չէին վախենա։
Վերջին պատմությունը և՛ սարսափեցրել էր ինձ, և՛ գրավել։ Իմ մանկության տարիներին ուտելիքի պաշարը միշտ քիչ էր, և սնունդը միշտ չափաբաժիններով էին տալիս, բայց սովը՝ այդքան վտանգավոր հնչողությամբ այդ բառը, ինձ համար առեղծված էր։ Ես մոտավորապես չորս տարեկան էի, երբ պապս առաջին անգամ պատմեց այդ պատմությունը։ Որպես ամենափոքր երեխա՝ ես պատկերացնում էի՝ ինչպես են ծնողներս փոխանակում ինձ հարևանի տղայի հետ։ Նա իմ տարիքի էր, բայց ավելի խոշոր ու թմբլիկ․ լավ գործարք կլիներ իմ ընտանիքի համար։ Իմանալով, որ սովի ժամանակ հենց ինձ են զոհաբերելու, ես ինձ զգում էի կարևոր, հասուն ու տխուր։ Ես ուսումնասիրում էի կրեկերների ու թխվածքաբլիթների թիթեղյա տարաները, որ պապս պահում էր իր գրապահարանի վերևում, և մտածում էի՝ մի՞թե արժանի չեմ հյուրասիրության․ չէ՞ որ մեծ գործ պիտի անեի ընտանիքի համար։ Պապիս, քրոջս ու իմ ննջարանն ընդհանուր էր։ Մեր սենյակը մոտ հարյուր քառակուսի ոտնաչափ էր։ Այնտեղ երկու մահճակալ կար և այն կահույքը, որ պապս բերել էր իր նախկին տնից՝ մի ամուր գրասեղան ու փայտե գրապահարան։ Եթե կանգնեի իմ ու քրոջս ընդհանուր երկտեղանոց մահճակալի եզրին, մի թեթև ցատկով կարող էի հայտնվել պապիս մեկտեղանոց մահճակալի վրա, իսկ հետո կարող էի մահճակալի գլխից մագլցել գրասեղանի վրա, որտեղից էլ հեշտորեն կհասնեի գրապահարանի վերևում շարված թիթեղյա տարաներին։ Բայց մեզ չէր թույլատրվում անել այդ ցատկն ու սկսել ներխուժումը։ Նրա գրասեղանի վրա ամեն չափի վրձիններ կային, թանաքաման, նկարչության ու գեղագրության համար նախատեսված բրնձի թղթերի մի կույտ, մեկ բրոնզե ու մեկ մարմարե թղթաճնշիչ և լամպ, որի հիմքի վրա հիանալի կերպով փորագրված էր կամուրջ ու տաղավար։ Նրա գրապահարանի գրքերը մաշված ու դեղնած էին, կապված էին թելերով, որ թուլացել էին։ Միակ չկոտրվող առարկաները կրեկերի թիթեղյա տարաներն էին և գուրման թթուների տոպրակները, որ նա թանկարժեք խանութից գնում էր իր ամենամսյա գնումների ժամանակ։ Դրանք նույնպես մեզնից հեռու էին պահվում։ Իր նախուտեստները նա մենակ էր ուտում։
Երբ պապս լավ տրամադրություն էր ունենում, մեզ սովորեցնում էր արտասանել Թան դինաստիայի օրոք՝ յոթից տասներորդ դարերում, գրված բանաստեղծություններ։ Երբեմն էլ ուսումնական ծրագրում թաքուն իր սեփական բանաստեղծություններն էր խցկում ու կենդանու տեսքով մեկական կրեկեր էր տալիս յուրաքանչյուրիս, երբ կարողանում էինք անգիր անել իր աշխատանքը։ Քույրս, որ չորս տարով մեծ էր ինձնից, սովորեցրել էր ինձ կրեկերը դնել ջրի բաժակի մեջ ու սպասել, որ այն մեծանա։ Մենք միասին նայում էինք՝ ինչպես էր աքաղաղը կամ փիղը փքվում, իսկ հետո գդալով զգուշորեն հանում էինք դրանք ջրից։ Ագահությունից երբեմն կրեկերները շատ երկար էինք թողնում ջրի մեջ, և գդալի առաջին իսկ հպումից դրանք անհետանում էին․ երևույթ, որ մանկությանս տարիներին իմ մեծագույն տարակուսանքի պատճառն էր եղել։
Կիրակի օրերին կեսօրին ծնողներս հաճախ ստիպված էին լինում մասնակցելու պարտադիր շքերթների։ Հայրս, որ ֆիզիկոս էր, իր գիտահետազոտական ինստիտուտի հետ, իսկ մայրս, որ ուսուցչուհի էր, իր դպրոցի հետ։ Հազար ինը հարյուր յոթանասունականների կեսերն էր, երբ ավարտին էր մոտենում Մշակութային հեղափոխությունը։ Այդ տարիներին թվում էր՝ կիրակի օրերին միշտ շքերթ կար՝ տոնելու Կուսակցության նոր քաղաքականությունը կամ Նախագահ Մաոյի նոր բանաստեղծության հրապարակումը։ Երբեմն շքերթի կանչում էին աշխատանքային օրերի գիշերը, և շքերթը տևում էր մինչև լուսաբաց։ Շաբաթվա ընթացքում ծնողներս քիչ ժամանակ էին ինձ հետ անցկացնում, իսկ ես ցերեկային խնամքի կենտրոնից վերադառնալուց կարճ ժամանակ անց պետք է արդեն պառկած լինեի։ Շաբաթ-կիրակի օրերին, այնուամենայնիվ, նրանց բացակայությունը նշանակում էր, որ ես ստիպված էի մնալու պապիս հետ։ Այդպիսի մի օր՝ կեսօրին, քույրս ու ես արթնացանք երկար ցերեկային քնից։ Մեր վերջույթները ծանրացել էին քաղցից ու հուսահատությունից։ Զգացվում էր ձմեռվա շունչը․ մութը շուտ էր ընկել։ Փողոցից եկող քայլերթի հնչյունները բարձր էին, բայց, միաժամանակ, հեռվից էին գալիս։ Մեր բազմաբնակարան շենքի կենտրոնական ջեռուցումը միացնելու էին միայն ընթրիքի ժամից հետո։ Պապս նստել էր լամպի մոտ ու կարդում էր, իսկ նրա գլխի հսկայական ստվերն ընկել էր պատի վրա։ Քույրս ու ես ձեռքներս պահել էինք վերմակների տակ ու չէինք կարողանում վեր կենալ։ Նույնիսկ հիմա ձմեռային օրերի՝ ընթրիքին նախորդող մռայլ ու անօգուտ ժամերն ընկճում են ինձ։
Ի վերջո, պապս հասկացավ, որ դեռ ծնողներիս վերադառնալու ժամը չէ, իսկ մենք բոլորս քաղցած ենք։ Նա մտավ խոհանոց ու մի քանի րոպե անց ննջարան վերադարձավ՝ իր հետ բերելով մի աման ապուր՝ իր համար և մի աման էլ՝ մեզ համար։ Ապուրը պատրաստել էր մի կաթսա եռացրած ջրով, երկու գդալ խոզի ճարպով և մեկ լիքը գդալ սոյայի սոուսով։ Ապուրի վրա լողում էին յուղի ոսկեգույն կաթիլները, որոնք փայլում էին լամպի նարնջագույն լույսի տակ։ Քույրս ու ես արագ դուրս թռանք մահճակալից ու զգուշորեն սկսեցինք փչել՝ սառեցնելու ապուրը։ Յուղի կաթիլները լողացին՝ ուրախ շրջաններ կազմելով, և կյանքը հանկարծ ուրախ դարձավ, ինչպես կրեկերը, որ ուռչում է ջրում՝ լցվելով հույսով։
Պապս ծնվել էր 1897 թվականին։ Նա Շանհայից ոչ հեռու գտնվող մի փոքրիկ քաղաքում ապրող՝ մետաքսի ու կտորեղենի վաճառականի միակ որդին էր եղել։ Նրա ծնողները, որ համեմատաբար ունևոր ու շատ հեռատես էին եղել, նրան ուղարկել էին միաժամանակ և՛ հին չինական դպրոց՝ պոեզիա սովորելու (ամենակարևոր կրթությունը ցանկացած կրթված տղամարդու համար), և՛ արևմտյան ոճի միջնակարգ և ավագ դպրոց, ինչը դեռ հազվագյուտ երևույթ էր քսաներորդ դարի սկզբի համար և բոլորովին պարտադիր չէր կտորեղենի խանութի ժառանգորդի համար։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո նա դարձել էր իր հայրենի քաղաքի սակավաթիվ մտավորականներից մեկը և մի քանի տարի դասավանդել էր տղաների դպրոցում։ Իր վաղ քսանականներին նա գնացել էր Շանհայ՝ փորձելու կարիերա սկսել հրատարակչության ոլորտում։ Մի շարք քննություններ էր հանձնել՝ նպատակ ունենալով աշկերտ դառնալու Շանհայի կոմերցիոն մամուլում, որը Չինաստանում արևմտյան ոճի առաջին հրատարակչություններից էր։ Երբ մենք փոքր էինք, նա սիրում էր պարծենալ իր հանձնած մրցակցային քննություններով։ Ըստ պատմության իր տարբերակի՝ երիտասարդներից մեկը, որին նա գերազանցել էր, Լու Սյունն էր, որը հետագայում դարձել էր երկրի ամենահայտնի գրողներից մեկը։ Լու Սյունը ստիպված էր գրող դառնալ, պնդում էր պապս, որովհետև հրատարակչության ոլորտում նա ուրիշ հնարավորություն չուներ։
Պապս իր առաջին կնոջ հետ ամուսնացել էր մոտավորապես այն ժամանակ, երբ տեղափոխվել էր Շանհայ, բայց նա շուտով անհայտ պատճառով մահացել էր․ կախվել էր իր առաջին երեխային ծնունդ տալուց մի քանի օր հետո։ Պապիս՝ հայրենի քաղաքի հին ծանոթներից մեկը լսել էր լուրն ու հեռագրով առաջարկել էր նրան կնության առնել իր կրտսեր քրոջը, որ ամենագեղեցիկն էր ինը քույր-եղբայրներից։ Պապս ամուսնացել էր նրա հետ, ու նա դարձել էր իմ տատը։
Վաղ տարիքի մի քանի լուսանկարներից մեկը, որ ունեմ նրանից, նրա անձնագրի դեղնած լուսանկարն է՝ արված հազար ինը հարյուր երեսունականներին։ Նա կրում է կոստյում ու փողկապ, կլոր շրջանակներով ակնոց, իսկ դեմքն արտահայտում է անտարբերություն կամ, ես կասեի, գոռոզություն։ Այդ ժամանակ նա արդեն խմբագրի պաշտոն էր ստացել ու իր կյանքի ծաղկուն շրջանում էր։ Երբ ես երեխա էի, հարավի մեր բարեկամները նրան նկարագրում էին որպես մի ձեռքում բարակ ոսկեզօծ ձեռնափայտով, իսկ մյուսում՝ ցիլինդրով տղամարդու։ Իր համաքաղաքացիների հետ նա երբեմն անգլերեն էր խոսում, իսկ կրտսեր եղբորը գրանցել էր՝ մասնակցելու ինչ-որ «առողջ փոքրիկ» մրցույթի, որը հովանավորում էր Բրիտանիայից թանկարժեք կաթնամթերքի ներկրմամբ զբաղվող մի ընկերություն։ Երբ փոքրիկը հաղթել էր, նրա մեծ նկարը տպվել էր թերթերի գովազդներում, իսկ նա ընտանիքին տարել էր մահջոնգի գիշերային երեկույթների, և մինչ նրա երեք որդիներն իրար գլխի կիտված քնել էին հյուրերի սենյակում, ինքը խաղացել ու գումարներ էր շահել։ Մի քանի տարի նա ու իր ընտանիքը շքեղության մեջ էին ապրել։ Նրա ծնողների խանութն այդպես էլ չէր գայթակղել նրան՝ վերադառնալու իր հայրենի քաղաքը։
Հետո բախտը երես էր թեքել նրանից։ «Առողջ փոքրիկ» մրցույթում հաղթած երեխան մահացել էր դիֆթերիայից, իսկ տատս, տեսնելով որդու մարմինը, խելագարվել էր։ Մեկ տարի անց նա ծնունդ էր տվել իր վերջին երեխային՝ մորս, բայց այդպես էլ խելքը գլուխը չէր եկել։
Կարճ ժամանակ անց Ճապոնիայի ներխուժման պատճառով նրանք հեռացել էին Շանհայից։ Պապս միացել էր Գոմինդանին՝ Ազգային ժողովրդական կուսակցությանը, և որպես խորհրդական ծառայել էր բանակում։ Նա իր ընտանիքին իր հետ մարզից մարզ էր տանում ու երբեք ոչ մի տեղ բավականաչափ երկար չէր մնում՝ հաստատվելու ու տուն դնելու համար։ Իր երկու որդիներին նա ուղարկել էր ռազմական ակադեմիաներ։ Երբ նրանք ավարտել էին ուսումը, Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվել էր, իսկ կոմունիստները թշնամի էին համարվում։ 1945-ից 1949 թվականներին նրանք երեքով քաղաքացիական պատերազմում կռվել էին Գոմինդանի կողմից ու պարտվել Մաոյին։ Նրա ավագ որդին զորքի հետ նահանջել էր Թայվան, իսկ ինքն ու կրտսեր որդին հանձնվել էին իրենց ստորաբաժանումների հետ։
Ազատագրումից հետո պապս մի քանի տարի գործազուրկ էր մնացել Գոմինդանի սպա լինելու խարանի պատճառով։ Ի վերջո, իր հին ընկերներից մեկի օգնությամբ Պեկինում ինչ-որ հրատարակչությունում աշխատանք էր գտել։ Ինչպես հայտնի ասացվածքում է ասվում նրա նման մարդկանց մասին, «նա պետք է պոչը ոտքերի արանքում պահեր», բայց նա չէր կարողացել հանգիստ մնալ։ Նա ասում էր, որ նախագահ Մաոն դժոխքի թագավորն է, իսկ կուսակցական պաշտոնյաները՝ նրա պահապան հրեշները։ Դրա պատճառով նա, ուր որ էր, բանտում էր հայտնվելու։ Բայց, փոխարենը, ընդամենը վաղաժամ թոշակի էր անցել։ Առավել անհավանական է այն, որ Մշակութային հեղափոխության տասը տարիների ընթացքում նա ոչ մի անգամ ծեծի չէր ենթարկվել Կարմիր գվարդիայի կողմից։ Նա շատ մեղքեր էր գործել, որոնց պատճառով կարող էին տանջամահ անել նրան։ Նա կապիտալիստների զավակ էր (նրա ծնողները կտորեղենի խանութ ունեին), հետադիմական մտավորական էր (նա պոեզիա էր գրում ավանդական թեմաներով՝ նոր պրոլետարական ռեժիմը գովաբանելու փոխարեն), հակահեղափոխական մնացորդ էր (նա Գոմինդանի սպա էր եղել), ամերիկացի իմպերալիստների գաղտնի լրտես էր (նրա ավագ որդին Թայվանում էր, իսկ Թայվանն Ամերիկայի դաշնակիցն էր) և անարգում էր մեր մեծն առաջնորդին՝ նահագահ Մաոյին։ Տասնյակ հազարավոր մարդիկ էին սպանվել այս կատեգորիաներից որևէ մեկին պատկանելու պատճառով, իսկ պապս ապրում էր երջանիկ ու առողջ կյանքով։ Երբ ես ծնվեցի, նա ութսունին մոտ էր։ Այդ ժամանակ նա հարևանությունում արդեն լեգենդ էր դարձել։ Նրա՝ երբեմնի սև խնամված մազերը համարյա ձյունաճերմակ էին դարձել, բայց նա պարբերաբար գնում էր վարսավիրանոց՝ դրանք հարդարելու։ Մեջքն ուղիղ էր, և թեև հասակն ընդամենը յոթ ոտնաչափ էր, ավելի բարձրահասակ էր թվում, քան նրանից շատ ավելի բարձրահասակ մարդիկ։ Ամեն առավոտ արթնանում էր ժամը հինգին ու մեկ ժամ վազում էր, իսկ օրվա ընթացքում պոեզիա էր գրում ու նկարում։ Ոսկեզօծ ձեռնափայտին հիմա փոխարինել էր ձեռքով փորագրված ձեռնափայտը, բայց նա հազվադեպ էր դրանից օգտվում։ Նա քրոջս ու ինձ բացատրում էր, որ երբ մարդիկ տեսնում են ձեռնափայտի վրա հենված ծերունու, կորցնում են հետաքրքրությունը նրա նկատմամբ։ Ձեռնափայտը կրում էր միայն նրա համար, որ անծանոթ մարդիկ պատկառանք տածեին իր տարիքի և առողջության նկատմամբ։
Պապս երբեք չդադարեց նախագահ Մաոյին դատապարտելուց։ Երբ քույրս երկրորդ դասարանում էր սովորում, մի օր տուն եկավ ու արտասանեց մի բանաստեղծություն, որ սովորեցրել էին դպրոցում։ Բանաստեղծությունը գրել էր նախագահ Մաոն՝ ի պատասխան Խրուշչովի «գուլաշ կոմունիզմին»։ Բանաստեղծության ամենահայտնի տողն էր՝ «Նախ շոգեխաշեք կարտոֆիլը, ապա ավելացրեք տավարի միսը։ Ձեր գազերը մեզ մի՛ վաճառեք»։
Քույրս շարունակ արտասանում էր բանաստեղծությունը, իսկ ես հռհռալով այնքան կրկնեցի արգելված բառը, որ մայրս այլևս չկարողացավ լուռ մնալ։
-Հասկացանք, որ կարողանում ես արտասանել բանաստեղծությունը, -ասաց նա քրոջս, -բայց պարտադիր չէ՝ անվերջ կրկնես։
-Բայց դու ասում էիր՝ բանաստեղծությունը պետք է հնարավորինս շատ արտասանել, -ասաց քույրս։
-Լավ բանաստեղծությունը՝ այո, -ասաց մայրս։
-Այս բանաստեղծության հեղինակը նախագահ Մաոն է։
-Վատ բանաստեղծություն է գրել նախագահ Մաոն, -հայտարարեց պապս ու տող առ տող բացատրեց՝ ինչու էր դա վատ բանաստեղծություն։
Վատն էր, քանի որ գռեհիկ էր, ոչ պոետիկ ու ահավոր հանգավորվսծ։ Դրա համար մենք պետք է լավ կրթություն ստանանք ու պոեզիա գրել սովորենք, ասաց նա, որ այդպիսի բանաստեղծություն չգրենք։
Մայրս շրխկացնելով փակեց պատուհանները՝ անհանգստանալով, որ անցնող մարդիկ կարող էին լսել պապիս։
-Կարո՞ղ եք բոլորդ լռել, -վերջապես ասաց նա՝ համբերությունը կորցնելով։
Պապս արհամարհեց նրան։
-Բացի այդ, շոգեխաշված տավարի միս ու կարտոֆիլ՝ դա ի՞նչ ուտեստ է։ Միայն գյուղացու մտքով կարող էր անցնել դրա մասին պոեզիա գրել։
Հետո նա մեզ համար մի քանի բանաստեղծություն արտասանեց՝ բոլորը համեմված այնպիսի նրբախորտիկներով, որ վեր էր նախագահ Մաոյի երևակայությունից։ «Ֆուգուն՝ չնաշխարհիկ համով, բայց մահացու թունավոր ձուկը լողում է գարնանը։ Գարունն ամենալավ եղանակն է, քանի որ նրա մաշկն ամենանուրբն է այդ սեզոնին»։ «Միայնակ ձկնորսական նավակը լողում է մշուշի մեջ՝ սպասելով, որ կարմրախայտը բռնի խայծը»։ «Սուն դինաստիայի ամենագեղեցիկ մարմնավաճառը արծաթե դանակով մեջտեղից բացել է թարմ քաղված նարինջները, մինչ կայսրը նստած է կարմիր լապտերի մոտ, իսկ մարմնավաճառի սիրեկանը թաքնվել է մահճակալի հետևում ու ականջ է դնում»։
Այնուամենայնիվ, պապս կկիսեր նախագահ Մաոյի սերը շոգեխաշված տավարի մսի ու կարտոֆիլի նկատմամբ, եթե միայն մենք տավարի միս ունենայինք։ Մենք ապրում էինք պլանային տնտեսության ժամանակաշրջանում։ Մարդկանց աշխատավարձերը հիմնականում որոշվում էին ըստ նրա, թե որքան ժամանակ էին նրանք ծառայել երկրին։ Հայրս ու մայրս վաստակում էին գրեթե նույնքան, որքան այլ ոլորտներում աշխատող իրենց հասակակիցները։ Ամեն ինչը չափաբաժնով էր՝ ալյուրը, բրինձը, շաքարավազը, աղը, ձեթը, տոֆուն, ձուն, միսը, ձուկը, օսլան։ Այն, ինչը չափով չէր, դառնում էր համեղ հյուրասիրություն։ Քույրս շշից սոյայի սոուս էր խմում, իսկ ես կում-կում քացախ էի վայելում։
Մսի միակ տեսակը, որ պարբերաբար ունենում էինք, խոզի միսն էր։ Խոզի միս գնելը, ինչպես մեր կյանքում ամեն ինչը, հավերժական երկընտրանք էր։ Երբ մսավաճառները վատ տրամադրություն ունեին, նրանք մեզ ճարպակտոր էին տալիս։ Եթե լավ տրամադրություն ունեին, այնպիսի կտորներ էին տալիս, որոնց վրա ճարպը քիչ էր, ուտելի միսը՝ ավելի շատ, թեև սա էլ մեկ ուրիշ խնդիր էր առաջացնում․ բավականաչափ ճարպ չէր լինում՝ ավելացնելու ձեթի փոքրիկ ու անհույս չափաբաժնին։
Խնդիրը լուծելու համար ծնողներն իրենց երեխաներին ուղարկում էին՝ քսան ֆենանոց միս գնելու։ Դա խոզի փորից կտրված մսի շատ բարակ շերտ էր, որը չէին հաշվում որպես չափաբաժիններով տրամադրվող մսատեսակ։ Իմ տարիքի յուրաքանչյուր երեխա մեծացել է յուղոտ վաճառասեղանի առջև կանգնելու և դողացող ձայնով քսան ֆենանոց միս խնդրելու հիշողությամբ։ Մսի կտորը նետում էին խոհանոցային լայն տախտակի վրայով, որ երեխայի աչքերի մակարդակին էր։ Ես ու քույրս հերթով էինք գնում խոզի միս գնելու․ եթե մսավաճառները շաբաթը մեկ անգամից ավելի էին տեսնում քեզ, նրանք բարձրաձայն մեկնաբանություններ էին անում ծնողներիդ հաշվին՝ նրանց անվանելով ստոր, որովհետև ագահ են ու չեն բավարարվում իրենց չափաբաժնով։
Հին թերթի մեջ փաթաթված խոզի փափուկ միսը ձեռքիս՝ տուն էի քայլում ես, և մինչ ճարպը տարածվում ու մգեցնում էր թերթի տպագիր տառերը, ես երազում էի մթերային խանութի վաճառող դառնալու մասին։ Տանը հայրս զգուշորեն կտրում էր ճարպը՝ այն հետոյի համար պահելու, իսկ մսի մնացած մասը պատրաստում էր բանջարեղենի հետ՝ բողկին ու կաղամբին մսի համ հաղորդելու համար, ինչպես ինքն էր ասում։ Երբ մատուցվող ամանը դրվում էր սեղանին, պապս միշտ առաջինն էր վերցնում մսի մի քանի կտորը։ Իմ փայտիկները խառնվում էին իրար, երբ փորձում էի մի կտոր մսի համար պայքարել նրա դեմ։ Նա երբեք այնքան մեծահոգի չէր գտնվում, որ թողներ՝ հաղթեի։
Երբ դժվարանում էի կուլ տալ բողկը, պապս ասում էր․ «Չգիտես՝ ինչ է քաղցը։ Եթե միայն ապրած լինեիր սովի երեք տարիները»։
Հաճախ էին հիշատակում այդ տարիների՝ 1959-ից 1961 թվականների մասին՝ ցույց տալու, թե ինչ երես առած երեխաներ էինք մենք:
«Մարդիկ ծառի կեղև և խոտի արմատներ էին ուտում, -ասում էր պապս: -Մարդիկ էին սպանվում մեկ կիլոգրամ բրնձի համար»։
«Քաղցած մկները մի գիշերվա մեջ կերել էին մորս շերամորդերը, մի ամբողջ խրճիթ շերամորդ, -ասում էր հայրս: (Նա Չինաստանի հարավ-արևելքում ապրող գյուղացիների ընտանիքից էր։ Այնտեղ հողն այնքան ամուլ էր, որ, ինչ էլ ցաներ ընտանիքը, լավ չէր աճում: Նրա մայրը չորս երեխա է մեծացրել և իր շերամորդերով վաստակած գումարով երկու որդիներին ուղարկել է քոլեջ, իսկ երկու դուստրերին՝ բուժքույրական դպրոց:) -Իսկ հետո նրանք բռնել ու եփել էին մկներին»։
Ըստ մորս պատմության, որ ամենատխուրն էր, իր մայրը՝ պապիս երկրորդ կինը, որ խենթացել էր, հրաժարվել էր ուտելուց՝ իր բաժին ուտելիքը մորս համար խնայելու։ Տատս մահացել էր սովի երկրորդ տարում:
«Կայծակի Աստվածը չի հարվածում ուտող մարդուն, -եզրափակում էր պապս: -Եթե չես ուտում, ոչ ոք չի կարող քեզ օգնել»:
Կիրակի առավոտները ես հորս հետ գնում էի մթերային խանութից գնումներ անելու։ Նա ինձ կանգնեցնում էր ամենաերկար հերթի վերջում՝ միշտ ձվի վաճառասեղանի մոտ, իսկ ինքը գնում էր՝ այլ մթերքներ փնտրելու։ Յուրաքանչյուր անձի համար ձվի ամսական չափաբաժինը կես կիլոգրամ էր, բայց շատ ժամանակ խանութում նույնիսկ ձու չէր լինում։ Այդուհանդերձ, ամեն կիրակի մենք փորձում էինք մեր բախտը։
Ես կանգնել էի հերթում ու հետևում էի կիրակնօրյա եռուզեռին։ Մի մարդ հերթից հերթ էր քայլում ու մարդկանց ասում, որ կորցրել է իր ողջ ընտանիքի տալոնները, բայց նրանք բոլորը գլուխները թափահարում էին ու երես թեքում նրանից։ Փողոցում՝ կանգառում, մարդիկ սպասում էին ավտոբուսին, որը երբեք ժամանակին չէր գալիս։ Երբ այն վերջապես եկավ, փողոցի մյուս կողմից մի տարեց մարդ գոռաց․ «Սպասի՛ր, ընկե՛ր, խնդրում եմ, սպասի՛ր»։ Երիտասարդ ուղեկցորդը, քմծիծաղը դեմքին, լուսամուտից հանեց գլուխն ու նայեց դեպի ավտոբուսը վազող մարդուն։ Հենց այն պահին, երբ նա համարյա հասնում էր ավտոբուսի աստիճաններին, ուղեկցորդը փակեց դուռը, իսկ երբ ավտոբուսը շարժվեց, ձեռքով հրաժեշտ տվեց նրան։
Տեսնելով՝ ինչպես է ծերունին հևում լարվածությունից՝ ես սկսեցի լաց լինել։ Իմ հետևում կանգնած երկու կանայք խոսում էին այն մասին, թե որքան փափկասիրտ երեխա եմ ես։ Ես սրբեցի արցունքներս։ Երբ հայրս վերադարձավ՝ նպարեղենը ձեռքին, նա հերթում իմ տեղը զբաղեցրեց ու ասաց, որ, եթե ուզում եմ, կարող եմ մի փոքր շրջել
տարածքում։
Փոխարենը, ես մի կերպ հասա վաճառասեղանի մոտ՝ հետևելու վաճառողների աշխատանքին։ Վաճառողուհին կշռում էր ձվերը, իսկ տղամարդ վաճառողը վերցնում էր գումարն ու լրացնում տալոնների գրքույկները։ Ժամանակ առ ժամանակ նրանք դադար էին տալիս՝ փոխադարձ կատակներ անելու։
-Քեզ նայիր, -ասաց տղամարդը՝ կրկնօրինակելով ձվերի հետ աշխատող կնոջ դանդաղ շարժումները։ -Էդքան զգույշ մի եղիր։ Քո ձվերը չեն։
-Փակիր կեղտոտ բերանդ, -ասաց կինն ու մի ձու նետեց տղամարդու ուղղությամբ։
Նա խույս տվեց, ու ձուն ջարդվեց իմ առջև՝ վաճառասեղանի վրա։ Կինը վերցրեց ձուն ու նետեց վաճառասեղանին դրված թասի մեջ։ Ես ավելի մոտեցա։ Թասում սպիտակուցների մեջ լողում էր վեց դեղնուց։ Մի կերպ թուքս կուլ տվեցի։ Կոտրված ձվերն ավելի թանկ էին վաճառում, քան ամբողջական ձվերը, բայց դրանք չէին մտնում չափաբաժնի մեջ։
Հերթը դանդաղ էր առաջ շարժվում։ Կանաչ գլուխներով ճանճերը բզզում էին թասի շուրջը, իսկ ես քշում էի դրանց։ Ճանճերը վերադառնում էին, իսկ ես շարունակում էի քշել։
-Ընկեր, կարո՞ղ եմ գնել այդ կոտրված ձվերը, -հարցրեց մի ծեր մարդ։
Սիրտս սկսեց ավելի արագ բաբախել։ Դրանք մեր ձվերն էին։ Այդ ես էի պաշտպանել դրանք ճանճերից։
Վաճառողուհին նայեց ծեր մարդուն ու ասաց՝ ոչ։
-Բայց, ինչու՞, ընկեր։
-Որովհետև ես եմ ասում, -ասաց վաճառողը։
-Որովհետև ե՛ս եմ ասում, -ասաց վաճառողուհին՝ բռունցքով հարվածելով իր գործընկերոջ կրծքին։
Ես երազում էի, որ նրանք նույն տրամադրությունն ունենային, եթե հանկարծ մեզնից առաջ որևէ մեկը խնդրեր թույլ տալ գնել կոտրված ձվերը։ Երազում էի, որ նրանք մտափոխվեին, երբ հայրս հասներ վաճառասեղանին։ Ես նայեցի կպչուն վաճառասեղանի վրա սողացող ճանճերին։ Չափից դուրս շատ ցանկություններից սիրտս լցվել էր։
Հայրիկիցս առաջ դեռ մոտավորապես տասը հոգի կար, երբ վաճառողը հրաժարվեց տալոնների գրքույկը վերցնել։
-Էսօրվա համար՝ վերջ։ Էլ չենք վաճառում։
Մարդիկ խորը շունչ քաշեցին։
-Բայց, ընկեր, -ասաց ինչ-որ մեկը՝ ցույց տալով վաճառասեղանից այն կողմ գտնվող ձվերը։ -Դրանք դեռ չեն սպառվել։
Տղամարդն ու կինը շրջվեցին ու ձեռք ձեռքի տված քայլեցին դեպի խանութի խորքը։ Մարդիկ հապաղեցին, բայց տեսնելով, որ ոչ ոք դուրս չի գալիս՝ վերսկսելու վաճառքը, ամբոխը ցրվեց։ Ամեն կիրակի նույն պատմությունն էր, բայց երբեմն հրաշքով վաճառողը վերադառնում էր տասը-քսան րոպեից։ Այդ ժամանակ ես արագ վազում էի վերաձևավորվող հերթի սկիզբը և, եթե բախտներս բերում էր, ու վաճառողը հումորի զգացում էր ունենում, ես կարող էի քայլել հորս հետևից՝ նայելով կոտրված ձվերին, որոնց գեղեցիկ դեղին դեղնուցները ցատկոտում էին պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ այնքան առատ ու ծանր։ Մենք տանը սառնարան չունեինք, նշանակում էր՝ ընթրիքին ձվածեղ էինք ուտելու։
Այդպիսի երեկոներին պապս, իր ձողիկներով ձվածեղի մի մեծ կտոր բռնած, ինչ-որ պատմություն էր պատմում։
-Մի գյուղացի գնում է քաղաք ու մտնում ռեստորան, -սկսում էր նա։ -Մենյուի մեջ մի ուտեստ է տեսնում՝ «Տապակած ոսկի» անվանումով։ Լավ է հնչում, մտածում է ու պատվիրում։ Երբ մատուցողը գալիս է՝ ափսեով ձվածեղը ձեռքին, նա, նախ, զայրանում է, ապա ոգևորվում։ Վազելով վերադառնում է տուն՝ կնոջ մոտ, ու ասում․ «Հերիք է տանջվես, այ կին։ Մենք հիմա հարուստ ենք։ Չե՞ս հասկանում՝ մեր հավերը ոսկի են ածում»։
Ամեն անգամ ձվածեղ ուտելիս պապս նորից ու նորից պատմում էր նույն պատմությունը, մինչև մի օր ես այնքան էի մեծացել, որ սկսեցի խղճալ ու արհամարհել նրան։ Իր տեղից, որտեղ նստած խժռում էր, նա կարող էր ծաղրել մարդկանց. նրա աչքերում բոլորն ապուշ էին։ Նա կարող էր պոեզիա արտասանել և քննադատել նախագահ Մաոյին, բայց նա չէր հասկանում այն դժվարությունները, որ ընկած էին նույնիսկ մեկ աման ձվածեղի հետևում։ Այն, ինչ մենք ուտում էինք, այլոց ողորմածության արդյունքն էր։ Ուտելը հաճույքի փոխարեն բեռ դարձավ ինձ համար։
Մի օր պապիս գրքերի հավաքածուի մեջ մի գիրք գտա, որտեղ նկարագրվում էին մեդիտացիայի տարբեր եղանակներ։ Ինձ ամենաշատը գրավեց մի մեթոդ, որից հին ժամանակներում օգտվել էին միանձնուհիները։ Իրենց շնչառությունը կառավարելով՝ նրանք կարողացել էին դադարեցնել դաշտանը և սահմանափակել սննդի կարիքը։ Այդ ժամանակ ես տասնմեկ կամ տասներկու տարեկան էի և կարծում էի՝ չկա ավելի լավ բան, քան ձերբազատվել այն բոլոր դժվարություններից, որոնք թուլացնում են մարմինը։ Միանձնուհիների մեդիտացիան դարձավ իմ երեկոյան զբաղմունքը, մինչև ծնողներս կվերադառնային աշխատանքից, իսկ քույրս՝ միջին դպրոցից։ Պապս միշտ նախուտեստներ էր ուտում, մինչ ես, ոտքերս խաչած, նստում էի մահճակալիս վրա։ Փորս գռմռում էր՝ երազելով այն բաժնի մասին, որ նա երբեք չէր տալու։
Մինչև իր կյանքի վերջը պապս չկորցրեց ախորժակը։ Նա համարյա իննսուն տարեկան էր, բայց շարունակում էր վազել։ Երբ արդեն չէր կարողանում վազել, երկար քայլում էր՝ շարունակելով հրաժարվել ձեռնափայտին հենվելուց։ Կայծակի աստվածը չի հարվածում ուտող մարդուն։ Նա՝ մեծ ախորժակով ու արտասովոր բախտի տեր այդ մարդը, իր սեփական հավատամքի կենդանի ապացույցն էր։
Միայն մորս հետ երկար խոսակցությունների արդյունքում ես հասկացա՝ ինչպես էր պապս հաջողացրել խուսափել հետապնդումից։ Մի անգամ՝ հազար ինը հարյուր երեսունականներին, նրա գործընկերներից մեկը խնդրել էր նրան օգնել բանտից ազատելու ինչ-որ ձախական պոետի։ Նա օգնել էր, իսկ հետո, ասում են, պոետին տարել էր մի շքեղ ռեստորան ու նրան ոչ միայն մի բաժակ լավ թեյ էր հյուրասիրել, այլ նաև լիարժեք ճաշ։ Քսան տարի հետո պոետը բարձրաստիճան պաշտոնյա էր դարձել Մշակույթի նախարարությունում։ Երբ պապս իր տխրահռչակ մեկնաբանությունն էր արել նախագահ Մաոյի հասցեին, պոետը կազմակերպել էր, որ նա վաղաժամ թոշակի անցնի։
Ուտելը փրկել էր նրան աշխատանքային ճամբարից, բայց նաև քիչ էր մնացել՝ նրա վախճանի պատճառը դառնար։ 1962 թվականին, երբ վերջապես ավարտվել էր սովը, պապս միացել էր ինչ-որ շաբաթօրյա ճաշի ակումբի և շաբաթական մեկ օր թոշակի անցած խմբագիրների հետ ճաշել էր այնտեղ։ Նա իր տարիքի մի կնոջ հետ էր ծանոթացել, ու նրանք սիրահարվել էին։ Երբ նա վերջապես առաջ էր քաշել ամուսնության թեման, մայրս ու նրա քույր-եղբայրները ցնցվել էին։ Նրա տարիքի մա՛րդը։
Նույն տարում հորս ծանոթացրել էին մորս հետ՝ որպես հնարավոր զուգընկերոջ։ Նրանց առաջին հանդիպման ժամանակ՝ մորս տանը, հայրս, որ գյուղացու որդի էր ու նոր էր ժամանել Պեկին, երկրորդ աման լապշայով ապուր էր խնդրել։ Մայրս ապշած էր մնացել․ քաղաքավարի հյուրը կնախընտրեր սովամահ լինել, քան տանտիրոջից հավելյալ ուտելիք խնդրել։ Պապս, այնուամենայնիվ, հավանություն էր տվել նրանց միությանը․ չէ՞ որ խոսքն ուտող մարդու մասին էր։ Նա նաև մի քանի պատմական գրքեր էր ուսումնասիրել ու որոշել, որ հորս ընտանիքը՝ սերունդներով գյուղացիների ընտանիք, Թան դինաստիայի անմիջական ժառանգներն էին։
Պապիս ամուսնությունն այդպես էլ չէր կայացել իր երեխաների կատաղի դիմադրության պատճառով, բայց նա ուրախությամբ ամուսնացրել էր մորս 1966 թվականին։ Բնակարանի վարձակալության գումարը խնայելու կամ գուցե սիրտ կեղեքող հիշողություններից խուսափելու համար՝ պապս հեռացել էր իր հին տնից և տեղափոխվել էր՝ ապրելու իմ նորապսակ ծնողների հետ։ Նրանք ապրում էին խիստ ապահովված համալիրում, որտեղ հայրս ու մյուս երիտասարդ գիտնականներն աշխատում էին հետազոտական հաստատությունում՝ միջուկային զենք ստեղծելու վրա։ Ավելի ուշ այդ տարի սկսվեց Մշակութային հեղափոխությունը, և հարյուրավոր մտավորականների հանրության աչքի առաջ ծեծի ենթարկեցին, մտրակեցին, ոտքերով հարվածեցին ու սպանեցին կարմիր գվարդիականները։ Պապս նույն ճակատագրին կարժանանար, եթե ամուսնացած լիներ ու ապրելիս լիներ հին թաղամասում։ Պարզվեց՝ իմ ծնողների տուն տեղափոխվելն, այնուամենայնիվ, նրա կայացրած ամենաիմաստուն որոշումն էր։ Ազգային պաշտպանության համակարգի համար հետազոտական ինստիտուտի կարևորության շնորհիվ Կարմիր գվարդիային չէր թույլատրվում մտնել մեր համալիրը։
Պապս մահացավ 1987 թվականին՝ հենց այն ժամանակ, երբ մայրցամաքային Չինաստանի և Թայվանի հարաբերությունները սկսեցին ջերմանալ։ Շուտով՝ վերջին չորս տասնամյակների ընթացքում առաջին անգամ, նա նամակ ստացավ իր ավագ որդուց։ Պապս անցել էր երեք ռեժիմների, երկու համաշխարհային պատերազմի, երկու քաղաքացիական պատերազմի, սովի ու հեղափոխության միջով։ Անփոփոխ էր մնացել նրա հավատը ուտելու հանդեպ, որը ես չէի հասկանում։ Ուտող մարդուն, ինչպես անուղեղ խոզին, կարելի էր հեշտորեն նվաստացնել ու մորթել։ Մենք բոլորս մսի կտորներ էինք այլ մարդկանց խոհանոցային տախտակների վրա։
Պապիս իմաստությունն ինձ համար բացահայտվեց միայն այն ժամանակ, երբ ծառայում էի բանակում։ 1991 թվականին ես տասնութ տարեկան էի։ Դրանից երկու տարի առաջ պատրաստվում էի ընդունվել Պեկինի համալսարան՝ Տյանանմեն հրապարակի պրոդեմոկրատական շարժման կենտրոններից մեկը։ 1989 թվականի հունիսի արյունահեղությունից հետո կառավարությունը, որպես նախազգուշական միջոց, որոշել էր համալսարան ընդունվող բոլոր ուսանողներին ուղարկել բանակ՝ մեկ տարի կարգապահություն սովորեցնելու և ուղեղները լվանալու համար։ Իսկ կոչում էին դա «քաղաքական վերադաստիարակություն»։
Մեր ճամբարը կենտրոնական Չինաստանի մի փոքրիկ քաղաքում էր։ Ձմռանը միջին ջերմաստիճանը երեսունհինգից քառասունհինգ աստիճան Ֆարենհայթ էր։ Ըստ կառավարության քաղաքականության՝ եղանակը բավականաչափ տաք էր, և ջեռուցման կարիք չկար։ Այդ ձմռանը՝ եռօրյա ձնաբքից հետո, խողովակները սառան, և մեզ գոյատևելու համար մեկական թաս ջուր տվեցին, մինչև խողովակների սառած ջուրը կհալվեր։ Ամեն առավոտ մենք ստիպված էինք ջարդել սառույցը, որպեսզի կարողանայինք լվանալ մեր դեմքները։ Նախաճաշին նոսր շիլա էին տալիս, իսկ որպես ճաշ ու ընթրիք՝ շոգեխաշված բողկ։ Մենք ապրում էինք սովի ու հուսահատության մեջ։
Ամանորի գիշերն իմ ջոկատի ինը աղջիկները՝ սառած, քաղցած ու դողալով, հոգևոր հյուրասիրություն կազմակերպեցին։ Մենք հերթով խոսում էինք մեր կերած լավագույն ուտեստի մասին։ Առանց երկար-բարակ մտածելու՝ ես առաջարկեցի պապիս՝ խոզի ճարպով ու սոյայի սոուսով ապուրը։ Ի տարբերություն իմ ջոկատակիցների նկարագրած արտասովոր ուտեստների՝ իմ առաջարկածը միակն էր, որը, գուցե, հնարավոր լիներ պատրաստել ճամբարում։ Եթե կարողանայինք սողոսկել խոհանոց, փոքրիկ կրակ վառել, կաթսայով ջուր եռացնել ու ավելացնել մի քանի գդալ խոզի ճարպ ու սոյայի սոուս, մենք ապուր կունենայինք։
Մենք երազում ու երազում էինք, մինչև լույսերը մարեցին։ Մեզնից ոչ մեկը չէր համարձակվում մտնել սառույցի պես սառն անկողինների մեջ։ Ես հասկացա, որ միայն նա, ով ճանաչել էր քաղցն ու ցուրտը, կարող էր հորինել խոզի ճարպով ու սոյայի սոուսով ապուրը, և առաջին անգամ ես սիրով հիշեցի այն օրերը, երբ պապս արծաթե դանակով զգուշորեն մանր կտորների էր բաժանում թանկարժեք թթուները՝ չիմանալով, որ ես, թաքնված սեղանի տակ, հետևում էի իրեն։
Մթության մեջ աղջիկներից մեկը բացեց կաթի փոշու փաթեթը։ Մենք իրար փոխանցեցինք փաթեթն ու կուլ տվեցինք կաթի փոշին։ Փոշին գրգռեց մեր կոկորդները, ծայրահեղ քաղցրությունը վերածվեց դառնության։ Ես երդվեցի, որ այլևս երբեք չեմ ուտի կաթի փոշի, բայց չկարողացա հրաժարվել, երբ փաթեթն ինձ հասավ երկրորդ անգամ։ Այն, ինչ մենք ուտում էինք, այլոց ողորմածության արդյունքն էր, իսկ ուտել, թե ոչ՝ մեր սեփական ողորմածության հարցն էր։
Անգլերենից թարգմանությունը՝ Լիլիթ Պետրոսյանի
