Լարիսա Պետրոսյան, Պատմվածք

Ելեն աքիր

                                                                    

-Վա՜յ, Ելեն աքի՜ր, քու մերած մածունը ինչքան եմ սիրո՜ւմ, էս վե՞նց ես անում, վեր սհե քարի պես պինդ ա,- հիացած բացականչում էր Ելեն աքոր տեգոր դասախոս տղան, որը հենց նոր էր եկել Երևանից:

Ամառ էր, կնոջ հետ եկել էր գյուղ ու դեռ իրենց  բակ չմտած, վազել էր հորեղբոր տուն, որն իրենց տանը կպած էր: Տանձի սաղարթախիտ, զովասուն ծառի տակ նստած, առաջն էր քաշել սպիտակ էմալապատ կաթսան ու փայտե շերեփով խոր ափսեն էր լցնում պնդությունից շերտ-շերտ դարսդարսվող մածունը:

-Բա հա՜ցը, հա՜ցը, վենց վեր սիպտակ փրփուր ըլի,- ոգևորությունից գյուղական բարբառին էր անցել գիտությունների թեկնածու դասախոս տեգորորդին:

Նա սպիտակ հացն ախորժակով կծոտում էր, հետն էլ գդալը լիքը-լիքը լցնելով, տեղ-տեղ ծլծլացնելով, վայելում էր մածունը` շիջացնելով օգոստոսյան տապից ու երկար ճանապարհի հոգնածությունից ու փոշուց վառվող ներսի ջերմությունը: Իրոք, մածունը շատ ախորժալի տեսք ուներ, վրան մի մատ հաստ սեր կար, սերն էլ կարծես Եվրասիայի քարտեզի փոքրացված մակետը լիներ` ուրվագծված հազար ու մի աշխարհագրական պատկերով. մի տեղ մածունը ուռել էր, դարձել բլուր, մի տեղ կարծես ակոսներով վարած դաշտ լիներ, մի այլ տեղ` անտառ, մի քանի տեղից էլ մածունի վրայի յուղը դեղին երակներ էր կապել` նմանվելով երկրի մակերևույթը ծուռ ու մուռ հատող գետերի: Դասախոսն անվարան կտրտում, ավերում էր ինքնըստինքյան գծագրված քարտեզը` վայելելով մածունի համեղ սերը:

-Վա՜յ, Ելեն աքիր ջա՜ն, բա մե՜ղրը, մե՜ղրը, մայիսյան ա, չէ՞,- շարունակում էր շաղակրատել դասախոսը, հիմա էլ անդրադարձ կատարելով խնկագույն մեղրին, սպիտակ մածունի վրա ծլլացնելով կավե կլոր ամանի մեջ` արևի տակ ոսկու նման փայլող դեղին ու թափանցիկ մեղրը,- համոզված եմ` Խաչի թալի ծաղիկների մեղրն ա, մեր մեղուները Խաչի թալեն թողած հո հեռո՞ւ չեն գնալու,- եզրահանգում էր նա` շարունակելով բավականությամբ վայելել հազվագյուտ բնական ուտելիքը:

Ով ճաշակել է մեղրի և մածունի համադրությունը, նա կիմանա դրա համն ու հոտը: Դասախոսը, որ բնական ուտելիքներով էր մեծացել, բայց քաղաքում մնացել էր, իր ասած, ծռտի-պռտի ուտելիքների հույսին, հիմա երանությամբ ըմբոշխնում էր գյուղական բնական սնունդը` վերապրելով մանկության համն ու հոտը:

Նրա մոտ նստած քաղաքացի կինը, ամուսնու ոգևորությանն անհաղորդ, ոչ մի բանից չէր օգտվում: Սիրուն դեմքը ծռմռելով` ասում էր.

-Մածունից գոմի հոտ է գալիս: Առհասարակ գյուղի ամեն ինչից գոմի հոտ է գալիս:

Այնպիսի տոնով էր ասում, որ ասելիքի հետևից մի հատ յաա՜խկ-ն էր պակասում: Բայց, ենթադրելով նրա դեմքի քամահրական արտահայտութունից ու իրար հավաքած շուրթերից, չէր բացառվում, որ այդ յախկ-ը մտքում էր ասում: Նա կապույտ շալվարին` ծնկից մի քիչ վերև, իբր մաքրում է, կամացուկ քսեց մի հասուն դեղնականաչավուն տանձ ու սկսեց մանր-մանր կծոտել. կարծես ոչ թե ինքն էր տանձ ուտում, այլ տանձն էր իրեն ուտում:

Դասախոսը դեռ շարունակում էր հիանալ ու գովաբանել Ելեն աքորն ու նրա տնտեսությունը.

-Ելեն աքիր, ես քու մերած մածունը, քամած մեղրը, թխած հացը շա՜տ-շա՜տ եմ սիրում,- ընդհանուր հայտարարի բերելով սեղանին դրված գյուղական բոլոր բարիքները` դեռ երկար ծպպացնում էր դասախոսը:

Ելեն աքիրը, ութսունը բոլորած ու մի քիչ էլ անցած կին, նստել էր մի ինքնաշեն, կոպիտ աթոռի: Նստած տեղն էլ երևում էր, որ շատ բոյով է: Երկար ոտքերը գրեթե երկու տակ ծալել էր, երկար ձեռքերը խաչուփաչ դրել կրծքին ու կարմիր այտերին ու դեռ փայլուն, պլպլան սև աչքերում չարաճճի ժպիտ խաղացնելով` ընդառաջ էր գնում տեգոր տղայի շաղակրատանքներին.

-Լա՜վ կըռնըտակերս ես տալիս, քե՜ մատաղ,- ասում էր նա` ձայնի մեջ, միայն իրեն հատուկ, հեգնախառը ելևէջներ:

Ելեն աքիրը հայտնի էր իր յուրահատուկ հումորով, դիմացինին հեգնելու տաղանդով, ձեռ առնելու բնատուր կարողությամբ: Նա հյուրասեր ու մարդասեր էր, օջախը` շեն ու լիքը: Ճիշտ է, սիրում էր հեգնել, հումորով վերաբերվել ամեն ինչին, նույնիսկ չէր խնայում ինքն իրեն, բայց նաև շատ անուշալեզու էր: Այդ պատճառով էլ դեռ իրենց տները չմտած` տեգոր երեխաները առաջինը վազում էին Ելեն աքոր մոտ, նրա համադամ կերակուրների հետ միասին ճաշակելու նաև նրա անսպառ սերն ու գորովը, կատակն ու ծիծաղը, քանի որ քարե կոշտ քաղաքում ապրելով`սրտները սիրո պակասից սլարել ու թալկացել էր:

-Չէ՜, Ելեն աքիր ջան, հվատա, քու ծեռի ճուրքն ուրիշ ա, դրա համար էլ ես քեզ էլ եմ շատ սիրում, քու եփած-թխածն էլ:

-Ատա ցավդ տանեմ, բա ես էլ ծեր շհարի շալակն եմ սիրում, էլի՜,- անկեղծանալով ծոր տվեց Ելեն աքիրը:

«Շհարը» քաղաքն էր (թե ինչո՞ ւ էին այդ օտարահունչ բառը գործածում մեր հին մեծերը, պարզ չէր, հավանաբար Երևանի հին թաղամասերից մեկի` Շհար տեղանունն էին ամրագրել): Ասում էին՝ շըհըրեցիք եկան: Այդ ասելիս` նրանց ձայնի մեջ այնքան պատկառանք կար, կարծես այլմոլորակայիններ, կամ Մարս մոլորակից լուսապսակով ոգիներ էին իջել: Բայց իրականում քաղաքացիք էին, էլի՜, Ելեն աքոր ասած` անհա՜մ, անհո՜տ…

Ելեն աքոր նշած «շհարի շալակն» էլ մի բուռ ծծովի կոնֆետ էր, որը նրա ծաղկավոր բամբազ խալաթի գրպանն էին խոթում`շտապողական ասելով.

-Ա’ռ, Ելեն աքիր ջան, ա’ռ, չայ կխմես:

-Այնպիսի տոնով են ասում, կարծես շոկոլադ ուտելը այդ եզերքում արգելված էր, ու աղբյուրի զուլալ, սառնորակ ջուրը կամ սառը թանն ու նաև, ինչու ոչ, ոգելից, կարմիր գինին թողած, Ելեն աքիրը «տռլղան» չայ էր խմելու: «Վա՜յ է՜…Ելեն աքիրը ծեր տընըզատեղը չի, չայի էլ կնիկ չի, նա էնքան տաք ու էներգիայով կնիկ ա, որ շատ տաքից նրա սիրտը թլանում-թրթռում ա»,-թոնթորում էր նա մտքում:

Լավագույն դեպքում մի քառածալ, ծաղկավոր գլխաշոր էլ էին բերում, որ բացելուց ու նայելուց հետո, Ելեն աքիրը նորից ծալում էր, դնում փայտե սնդուկում իրեն տեղը գտած քսուրի մեջ` «եդի օրվա հետի»:

Տանձի ծառի տակ դեռ երկար շարունակվեցին նրանց զրույց-կատակները: Ելեն աքոր աչքից չվրիպեց միայն տանձ ուտող քաղաքացի հարսի քաղքենի ջարդուխուրդը: Աչքերի խորհրդավոր, խորամանկ խաղով նայելով նրա կապույտ շալվարին` անթաքույց հեգնանքով դիմեց նրան.

-Ատա՛, ցավդ տանեմ, էդ շալվարը վեր կեցել ես, տրա հաջաթն ունե՞ս :

-Է՜, Ելեն աքի՜ր,- ծանոթ լինելով նրա մեղմ կսմթոցներին` սրտնեղեց հարսը:

-Ելեն աքիր, ակնոցավոր հավ չունե՞ս,- կնոջը անհարմար դրությունից փրկելու և նրա հետագա կտցահարումներից պաշտպանվելու համար` կատակի տվեց դասախոսը:

-Չէ՜, ցա՛վդ տանեմ, լոխ ջահիլ տոխեր են:

Ելեն աքիրը այնպիսի համոզիչ տոնով ասաց, կարծես որ պառաված հավ ունենար, կմորթեր: Եվ ինչո՞ւ միայն Ելեն աքիրը, գյուղացու համար մի հավը մի կով էր, կարողություն: Հավը այնքան պիտի ձու ածեր, մինչև պառավեր ու նույնիսկ ակնոցը նրան չփրկեր, չափարի տակերին «պըշպոշին» տար, մինչև հարևանի շան բերանն ընկներ (տան շունը անգիր գիտեր իրենց բոլոր հավերին): Կամ էլ ազար պիտի ընկնեին ու, եթե չհասցնեին սատկել, ա՜յ, այդ ժամանակ դանակի սուր խրթոցին կարժանանային, տանտիրուհու մեծ ճիգերի շնորհիվ համեղ խորտիկ կդառնային, ոչի՜նչ, որ միսը մի քիչ կապտած, սևացած կլիներ: Քաղաքից գնացածներին ամեն մեկին չէին ջահել հավի պատվի արժանացնում: Իսկ եթե արժանացնում էլ էին, տան երեխաներին մի թիքա անգամ չէր հասնում: Նրանք խելոք նստում էին թուլացած զսպանակով, գետնին քսվող մահճակալին այնքան, մինչև ուտողներն ավարտեին, որ տեսնեին`իրենց գոնե մի ոսկոր կընկնե՞ր: Բայց նստածները շատ պինդ էին նստում, քանի գնում գինովանում-քեֆովանում էին ու մի ձենի ասում.

-Էս ի՜նչ խելունք ըրախեք են, սեղանին մոտ չեն կյալի:

Ելեն աքիրն էլ որքան առատաձեռն էր, հավի հարցում նույնքան պահպանողական էր: Բայց մի մեթոդ էր մշակել. որպեսզի ղալբ թոռանը աշխատացներ, խաբում էր, որ բոլորին ճամփելու է քաղաք, երկուսով են մնալու, լրիվ հավերը մորթոտելու են ու երկուսով ուտեն: Թոռը մեծացավ, բայց նույն մանկամիտը մնաց, դեռ սպասում է այդ օրվան:

Հավաբանական խորհրդածություններս ընդհատեց հարևան տնից եկող կանացի նեղացած ձայնը.

-էդ խի՞ չեք կյալի -, ծեզ տուն չունե՞ք, Ելենի ծեռին կիլի պան կա՞,- բաց բալկոնից վիրավորված ձայնով կանչում էր դասախոսի մայրը:

«Կիլի պանը» թալիսման է, ասում են` ում մոտ կա, նա կարողանում է բոլորին իր կողմը գրավել, հրապուրել: Դրա համար մեր որսորդները էգ գայլ սպանելուց հետո, անատոմիական այդ օրգանը կտրում էին ու հարյուր դոլարով վաճառում: Ելեն աքոր երկար փեշերի արանքում դժվար թե նման թալիսման լիներ, ուղղակի նրա բնածին քաղցրությունը բոլորին ձգում էր: Ո՞վ չի սիրում քաղցր խոսք, քաղցր վերաբերմունք, այն էլ այս դառը ժամանակներում: Պատահական չէր, որ ի պատասխան նրա սփռած քաղցրության` բոլորը նրան մարիկ էին ասում` մայրիկ-ի համառոտած ձևով: Պատճառն նաև այն էր, որ մերոնք խոսելիս արագաբանում են.

-Մեծ մարիկ, մեծ մարիկ…

Քանի որ մայրը ձայնեց, դասախոսը ստիպված էր թողնել Ելեն աքոր քաղցր հյուրասիրությունն ու ներկայությունը և մանր-մանր շարժվել պատկից հայրական տուն:

Հյուրերի գնալուց հետո Ելեն աքիրը շարունակեց տանձ հավաքելը: Ձմռան բերան էր, աշնան խոնավ այգու մնացած բերքը հափուռ-չփուռ էին անում, որ տուն նստեն: Վերջի դժվար գործն էր մնացել. արաղ քաշելը:

Տանձը հասունացել ու կաթում էր: Քար տանձ էր, շատ պինդ ու չոր, դրա համար էլ մեր կողմերում այդ տեսակին քար տանձ են ասում: Մինչև գարուն մնում էր: Հասունանալուց հետո համեղ ու ջրալի էր դառնում: Խակ ժամանակ մռտոց էր, մեռելի գլխով տայիր` տեղից վեր կթռչեր: Ծառն այնքան էր վերցրել, որ մատղաշ ճյուղերը ճկել, խոնարհել էր հողին: Ելեն աքիրը հավաքում ու խորհրդածում էր. «Ամենալավ արաղը տանձի արաղն ա, բուժարար, հոտը լավը»: Ելեն աքիրը հասած տանձերը պլաստմասսե կանաչ դույլի մեջ էր լցնում, կիսախակերն ու կիսահոտածները` փեշի գոգնոցը: Մտամալոր էր: Տանձի հետ նա կարծես հավաքում էր իր անցած կյանքի ցաքուցրիվ օրերն ու մեկտեղում փեշում:

Հանկարծ հարայ-հրոց բարձրացավ: Ելեն աքիրը փեշի պարունակությունը թափեց դեռ կանաչ ու խոնավ խոտերին ու շփոթված աջ ու ձախ նայեց: Հարևանի այգում` ղազանի մոտ, հրդեհ էր բռնկվել:

-Վա՜յ, վա՜յ, վառվո՜ւմ եմ, վառվո՜ւմ եմ,- լսվում էր մի կանացի ահաբեկված ձայն:

Ելեն աքիրը երկար, արագիլի բարակ ոտքերը օդում ճոճելով`վազեց, չափարի գլխով թռավ ու ղազանի մոտ դրված դույլի հեղուկը շպրտեց վառվող կնոջ վրա: Կինը վայրկենապես բոցավառվեց:

Հարա՜յ-հրո՜ց, ծվո՜ց-ճչո՜ց, բայց այրվողին փրկել չհաջողվեց:

-Վաաա՜յ, Ելեն աքիր, ա՜յ կաչալիդրը, քե ո՞վ էր ասում էդքան արագաշարժ լինես, էդքան հարեհաս լինես, վաաա՜յ մեզ, վաաա՜յ….եդինդ էլ էդ էր,- ծնկներին խփում էր ձախ թևի ահաբեկված հարևանը:

Հաջորդ առավոտ շուտ, կարծես ոչինչ չէր եղել, Ելեն աքիրն էլի տանձի տակերն էր հավաքում, երբ այգու ծայրի փայտե դռնակը կամաց ճռռաց: Ելեն աքիրը կռացած տեղը գլուխը բարձրացրեց: Դեպի իրեն էր գալիս թաղայինը` թևի տակ սև պորտֆել:

-Բարի լույս, Ելեն աքիր,- կարելվույն չափ հանգիստ, քաղաքավարի ու զգուշավոր ողջունեց թաղայինը` նախապես իմանալով ծեր կնոջ լեզվական անսպառ կարողությունները:

-Աստծու պարին, քե՜ մատաղ,- քաղցրախոսեց Ելեն աքիրը:

Նրանք նստեցին ծառի տակ դրված ինքնաշեն կոպիտ աթոռներին, ու թաղայինը սկսեց խոսել դեսից-դենից,  հարցեր տալ Ելեն աքորը` թե երեկ ին՞չ ա արել, ի՞նչ չի արել: Ելեն աքիրն էլ իր նման կեսկատակ, կեսլուրջ պարտաճանաչ պատասխանում էր:

Թաղայինը զգուշորեն անցում կատարեց և հիշեցրեց  հրդեհի միջադեպն ու դժբախտ պատահարը: Ելեն աքիրը անբռնազբոսիկ նկարագրում էր վառվողին օգնության հասնելու իր ճիգերը: Վերջում էլ թաղայինը` թե.

-Ելեն աքիր, գիտակցու՞մ ես, վեր էդ կնգանը սպանել ես:

Ելեն աքիրը նախ զարմացավ, հետո հարցրեց,

-Էդ վե՞նց եմ սպանել, վեր ուզել եմ քյոմագ անեմ:

-Բա վեդրի մեջ մաքուր քաշած արաղ ա ըլել, վաթսուն տոկոսանոց սպիրտ, վեչ թա ճուր,- որպեսզի համոզի կնոջը, նրա լեզվով բացատրեց թաղայինը,- սպիրտը լցրել ես վրեն, կրակը թեժացրել ու պաժառ տվել:

-Վա՜յ, բալա ջան, շատ էլ վրեդ էրկու սաբաթ /կոճակ/ կա, էտ ո՞ւր ես տհե պաներ խոսում:

Թաղայինը հպանցիկ նայեց իր պաշտոնական հագուստին ու ոչինչ չգտավ ասելու: Նա պորտֆելից հանած մաքրամաքուր, ճերմակ թղթերն էլի տեղավորեց իրենց տեղը, ծանր-ծանր վեր կացավ` քթի տակ մրթմրթալով.

-Էս ի՜նչ մարդիկ են, ի՞նչ անես դու սրանց հետ, դե արի սրանց հետ աշխատի:

Նա կռացավ, ոտքի տակի տանձը վերցրեց, ձեռնափով սրբեց վրայի սառը ցողն ու հիստերիկ կծոտելով` գնաց: Հասավ այգու դռնակին ու, անտեսելով իր «սաբաթներով» պաշտոնական հագուստը, լայն բացած լոնքերով թռավ ցածր, խարխուլ փայտե դռնակի վրայով:

Ելեն աքիրը, կարծես ոչինչ չի եղել, տանձով լիքը դույլը դրեց կողքն ու տանձերը մեկ-մեկ շարելով սեղանի վրա դրված հաստ տախտակին` սկսեց փայտե չաքուջով խփել: Կիսահաս տանձերը տասը տեղից ճաքճքում էին, քաղցր հյութը ցայտում էր Ելեն աքոր դեմքին, կարմրած այտերին, աչքերին, շիրոտում ծերությունից կռկված ձեռքերը:

-Լա՜վ արաղ դի տուս կալ, ճրալի ա, – մրթմրթում էր նա ու, հիշելով թաղայինին ու նրա մեղադրանքները, չաքուջն ավելի ուժեղ էր խփում տանձերի գլխին: Կարծես դրանով ջարդում էր իրեն հետամուտ բոլոր ձախորդությունները: Վերջերս ամեն ինչ իրեն դեմ է: Էն հա՜րսը, հա՜րսը, կանգնում է ու ասում, որ Վասոն` մեծ տղեն, իրանն ա, Ելեն աքորը չի: Ելեն աքիրն ասում ա.

-Աղջի՜, Վասոն իմ մեծ տղեն ա, իմ փառաշն ա, ե՛ս եմ պիրել:

Հարսը հետը չանա-չանա վիճում է.

-Չէ՜, քունը չի, ի՛մն ա, ես եմ պիրել:

Ելեն աքիրը անհույս այս ու այն կողմ է նայում, աջակից է փնտրում, աչքն ընկնում է հնամենի բուխարուն.

-Ա՜ղջի, ա՜յ, էն բուխարիկը վկա, Վասոյին ես եմ պիրել: Իմ մատները վեսկի, պատշար Վասոյին, նա իմ ըռըչնեկն ա, վեն՞ց ես տու պիրել:

-Չէ՜, վեր չէ՜, ես եմ պիրել, Վասոն ի՜մն ա,- ծկլթում էր հարսը` լայն բացած ձեռնափը խփելով բաց, չոր դոշին:

Ելեն աքիրը շփոթված է, դրա համար է տանձերն այդքան ուժով թակում: Իր խոսքի տիրույթում նա անհաղթելի է եղել, մրցակից չի ունեցել: Հիմա արդեն ստիպված կամաց-կամաց ընկրկում է, նահանջում: Որ հարսների մոտ անցյալից ինչ-որ բան է ուզում պատմել, զգուշավոր ասում է.

-Մի վախտ վեր ես կնիկ ի՜…

Կարծես ներողություն էր խնդրում, կարծես «գիշերային դասատու» հարսներին ուզում էր ասել` մի՛ բորբոքվեք, հիմա կնիկը դուք եք, ինձնից էլ ի՜նչ կնիկ…

-Ի՜նչ-ի՜նչ, բայց ինքը Մակարի համար հո լավ կնիկ է, ինչ ուզում են` ասեն, կամ էլ ո՞վ կարող էր այդ հարցում կասկածել,- տանձերի գլուխները ջնջխելով` ինքն իրեն մխիթարում, քաջալերում, հարյուրերորդ անգամ ինքնահաստատման տխուր փորձեր է անում ութ տասնամյակից ավել ապրած Ելեն աքիրը:

Որ ուրիշները չասեն, Մակարը հո ինքը գիտի, թե ինչ նվիրված, ղոչաղ, անձնազոհ կողակից է եղել Ելենը: Մակարը մի բոյ ու բուսաթ էլ չուներ, իր փորիցն էր տալիս, հետն էլ հոգու հիվանդություն ուներ: Ինքը համբերությամբ բուժել է, խնամել, իր սիրալիրությամբ ու կանացի նրբանկատությամբ, երբեմն էլ խորամանկությամբ մեղմել Մակարի բնածին խենթությունները: Է՜հ, Մակա՜ր, Մակա՜ր, քար լիներ, չէր դիմանա: Բայց ինքը դիմացավ ու դիմանալու է, ճա՜րն ինչ: Ա՜յ, իր կյանքը նման է էս ճխլված տանձին, ամբողջ կյանքում չորս կողմը քաղցր հյութ է արձակել, բոլորին քաղցրացրել, բայց ինքը` քամվել: Իր կյանքը նմանվել է կրակի վրա դրված, քյուլ արած, տտիպ դարձած դառը արաղի: Է՜հ…բոլորին նրա կյանքի ապրած օրերն  շռայլած բառերի նման քաղցր են թվում:

-Հա, ի՞նչ է եղել որ,- շարունակում է խորհրդածել, ինքն իրեն հուսադրել Ելեն աքիրը` ջնջխելով տանձերը,- կարևորը Մակարը կա, ու ինքը գնահատված է: Ճիշտ է` հիմա էլ է հիվանդ, պառկած, բայց Ելեն աքոր կենսական էներգիան անսպառ է: Մակարը ամեն օր Կարմիր ըրըքունի (արևկող) աղբյուրի սառը ջուրն է ուզում, իր մանկության հեռո՜ւ-հեռո՜ւ աղբյուրի, որը հիմա վտանգված է՝ թուրքերին մերձ: Առավոտյան շուտ` լուսածագին, դեռ բոլորը քնած, ինքը ջրամանը վերցնում է, գնում հասնում վանքի տակը, բռնում աղբյուր տանող խաշամածածկ կածանը, զգուշորեն, որպեսզի շատ չխշխշացնի, կուզեկուզ, որ թուրքերը չնկատեն, աղբյուրից ջուր է լցնում ու նույնքան էլ կուզեկուզ, ծառերի, թփերի մեջ թաքնվելով, տուն հասնում: Մակարը մի ապակյա թափանցիկ բաԺակ սառը, պաղպաջուն ջուրը խմում է ու օրեցօր խամրող աչքերում մի պահ կյանքի շողը նորից է լուսարձակում: Վեց ամիս է՝ Ելեն աքիրը ամեն օր ջրի վտանգավոր Ճանապարհին է: Վեց ամիս մանկության աղբյուրի կենարար ջրով երկարացրեց Մակարի կյանքի կտրվող թելը:

Այդ առավոտ շատ ավելի վաղ արթնացավ: Մակարը ամբողջ գիշեր չքնեց, զգալի էր, որ տանջվում է: Առավոտյան ջուր ուզեց: Ելեն աքիրը բաժակը մոտեցրեց նրա անարյուն շութերին: Մակարը մերժողական գլուխը տարուբերեց: Ելեն աքիրը հասկացավ, որ թարմ ջուր է ուզում: Որոշեց`թեթև ամանով հասնի աղբյուր, որ շուտ հետ դառնա: Աչքին Մակարը լավ չէր, շա՜տ վատ էր:

Դեռ լույսը չէր բացվել: Գյուղը քնած էր, բոլորը քնած էին: Ղանթարը կապած տեղը ծմրաց` առնելով տիրոջ հոտը: Մի տեսակ դիվային լռություն էր: Բայց անվախ, սարերում ու չոլերում կյանքն անցկացրած, կյանքի փորձությունների, տանջանքների մեջ թրծված կինը ոչնչից չէր վախենում, միայն թե թուրքերը ռաստ չգան, միայն նրանցից կարող էր վախենալ Ելեն աքիրը, ավելի ճիշտ` ոչ թե նրանցից, այլ նրանց քստմնելի արարքներից, թե չէ` մու՜թ, գա՜յլ, ա՜րջ… Ելեն աքոր համար հեչ բան էին:

Երբ աղբյուրին մոտեցավ, արեգակն արդեն դուրս էր եկել: Շուրջբոլորը աշնանային գունագեղ համայնապատկեր էր: Վաղորդյան սառը ցողը դեռ եղյամ չէր դարձել: Կարմիր մասուրի, տերևաթափ թփերի ու ծառերի մերկ ճյուղերին ուլունքաշար կախկխվել էր ու փայլփլում էր աշնանային արևի դեղին ճառագայթներից` ծիածանի յոթնագույնով: Ողջ բնությունը թաց էր ու արցունքոտ: Ելեն աքոր սիրտն էլ էր արցունքոտ: Նա հոգնել էր, շա՜տ-շա՜տ էր հոգնել: Ծերացած, կեռված մատներով կառչեց թաց խոտերից` դիքը հաղթահարելու համար: Ոտքերը սայթաքեցին խոտերի թացությունից, մի պահ գլորվում էր, բայց արագ կողմնորոշվեց ու կախվեց մամուխի կարճ, արդեն տերևազուրկ ու մերկ թփից: Լերկ ճյուղերին կպած մուգ կապույտ, հասուն հատապտուղները սփռվեցին տեղ-տեղ կանաչ, տեղ-տեղ դեղնած ու թաց խոտերին:

-Է՜հ, աբաշխարանք քաշեցի (ապաշխարել), մափարս կտրեց,- հաղթահարելով դիքը` կյանքում առաջին անգամ դժգոհեց Ելեն աքիրը: Նա ավելի շատ իրար էր խառնվել Մակարի վատ վիճակից:

Հասավ, խոնարհվեց աղբյուրին, հոգնածությունն ու մի պահ իրեն համակած վախը փարատելու համար մի քանի կում սառը ջուր խմեց: Սիրտը հովացավ, քաջալերվեց: Ջրամանը լցրեց ու զգուշավոր, որպեսզի երկար բոյը թշնամին չնկատի տերևազուրկ ծառերի արանքից, կուզեկուզ, համարյա գլորվելով` ընկավ փոսորակ ճանապարհը: Բարակ, երկար ոտքերով լայն-լայն կաչաներ դնելով` համարյա սկսեց վազել: Շտապողականությունից ջրամանը մի քիչ կիսատ էր մնացել ու վազքի հետ ջուրը համընթաց լփլփում էր ու ճողփում, կարծես ամեն քայլի հետ ասում էր.

-Շտապի՜, վազի՜, շտապի՜, վազի՜…

Բայց նա հանկարծ արգելակեց վազքն ու մեխվեց տեղում. մեջքի հետևում թուրքերեն խոսակցություն լսեց: Կանգնած տեղը ընդոստ հետ շրջվեց: Չորս թուրք, իրենց սահմանագլխի բլրին կանգնած, հրացանները դեպի իրեն պարզած, նայում էին: Ելեն աքոր վախը վայրկենապես չքացավ: Նա անսպասելիորեն վերագտավ իրեն հատուկ համարձակությունն ու, հանդիպակաց կանգնած, առանց աչքերը թարթելու, նայում էր ուղիղ թուրքերին: Այդքան էլ հեռու չէին, կարելի էր նույնիսկ որսալ նրանց բորենու դեմքի լպիրշ արտահայտությունները: Հրացանները ծեր կնոջ վրա պարզած` նրանք աղմկում էին, հռհռում, նրանցից մեկը օդ կրակեց: Մեկն էլ կանչեց.

-Ա՜յ գըզ, հա՞րա գեդերսան (աղչի՛, էդ ո՞ւր ես գնում):

Ելեն աքիրը չէր շարժվում, մտածում էր, որ շրջվի թե չէ, թուրքերը թուրքավարի թիկունքից կկրակեն: Նա ուղիղ նրանց էր նայում: Թուրքերը զարմացած ծիծաղում էին: Նրանք դեռ շարունակում էին աղմկել.

-Ա’յ, գըզ, նա՞վար, նա՞յոխ (աղչի, ի՞նչ կա, ի՞նչ չկա):

Նրանցից մեկն էլ, երևի ամենաջահելը, հռհռոցով կանչեց.

-Ա՜յ գըզ, ման սանի սեվիրա՜մ (աղչի՜, ես քեզ սի՜րում եմ):

Նրանք հերթով ասում էին այդ բառերն ու միասին հռհռում: Ելեն աքիրը մայրենի լեզվի նման լավ գիտեր թշնամու լեզուն, ամեն ինչ բառացի հասկանում էր, հասկանում էր նրանց հեգնանքն ու ինքն իր մեջ փրփրելով`քթի տակ նրանց ասածին համարժեք թուրքերեն հեգնախառը հայհոյանքներ թափում.

-Քոփ օղլիք (շան որդիք) ա՜յ թե Մակարը վետին ըլեր, տենամ տուք տհե կհռհռա՞ք,-անցած օրերի հուրսով` քրթմնջում էր նա:

Մակարի ցավը որ բռնում էր, կացինն առած թուրքի հանդամաս էր վազում ու սկսում սուր կացնով նրանց հաճարի ու թխկի ծառերը կտրել,  գազազած ասելով` «Այ սհե խրիդ դեմ անիլ»: Հետո էլ կասեին՝ խենթ է, դե որ խենթ էր, թող մեր ծառերը կտրեր, ոչ թե թուրքի: Մարդկության մեջ խենթեր, իհարկե, կան, պարզապես նրանց ուղեղն ավելի առաջ է անցում մեր ուղեղից, նրանք ավելի մոտ են «վերին ուժերին», այլապես Մակարը այն ժամանակ ի՞նչ գիտեր, որ իր դոստ թուրքերը մի օր պիտի դուշման դառնան, ինչպիսին եղել են միշտ ու կան մինչև այսօր: Ուրեմն գիտեր, մեզնից շուտ է իմացել, դրա համար էլ նրանց անտառն էր կտրում: Թուրքի անտառապահը նրա կացնի թխկթխկոցի ձայնից, ձիու շալակը թռած, կանգնում է Մակարի գլխավերևում: Մակարը վայրկենապես շուռ է գալիս ու դիրքավորվում: Կարծում եք՝ պաշտպանողակա՞ն, ո՜չ` հարձակողակա՛ն: Նա ոտքերը չռած, աջ ոտքը առաջ դրած, ձախը` հետ, երկու ոտքի վրա ամուր հենված, կացինը գլխից վերև ամուր բռնած, ամեհի ձևով արձանանում է` մերթ ընդ մերթ էլ սուր կացինը օդում ճոճելով, կացնի հետ էլ աչքերը ոլորելով ու թուրքերեն հիշոցներ արձակելով: Թուրք անտառապահը, նայելով նրա մարտական տեսքին ու ցասումնալից աչքերին, զարհուրում է, ձիու գլուխը շուռ է տալիս ու քառատրոփ փախչում: Ա՜յ, այսպիսի օրեր էլ են եղել: Հիմա այդ նույն թուրքի լամուկները ձեռ են առնում Ելեն աքորը: Նրանք, երևի այդ օրերին ոչ իրենց օգտին հնչող լրատվության առատ հոսքից խուսափելով, չվնասեցին ծեր կնոջը, բայց նրանց հեգնախառը ձայներն ու հռհռոցը դեռ երկար ուղեկցեցին Ելեն աքորն ու ցավոտ, չարագուշակ արձագանքեցին նրա ականջներում.

– Ա՜յ գը՜զ, ման սանի սեվիրա՜մ, սեվիրաաա՜մ, …աաաա՜մ…

Ելեն աքիրը մերկացած ծառից մի քանի հասուն զկեռ պոկեց, ալոճենուց` կարմիր ու սև ալոճի մատղաշ ուլունքաշար ճյուղեր ու, թուրքերին մոռացած, ինքն իր ցավի հետ, ինքն իրեն խոսելով`առաջ էր վազում.

-Սիրտը կուզի,- զգույշ տեղավորելով հասուն զկեռները խալաթի գրպանում, իրեն մոռացած` դեռ Մակարի մասին էր խորհում նա: Զկեռների հասուն տեսքը մի հին ու քաղցր հուշ արթնացրին: Այն ե՞րբ էր, ջահել աղջիկ էր, ընկերուհիներով անտառը զկեռի էին գնացել: Ցրվեցին անտառով մեկ, ինքը մոտեցավ մի մեծ ծառի: Ծառի հաստ ճյուղին մի փեշ զկեռ էր կախված: Նա ուրախացավ, հետո զարմացած նայելով շուրջ բոլորը`տեսավ, որ մի ջահել տղա ծառերի արանքով իրեն է նայում: Տղան շշնջում էր.

-Քոնն ա, փեշը քոնն ա:

Ելենի սիրտը տաքացավ: Ջահել տղան Մակարն էր: Նախօրոք իմացել է Ելենի անտառ գնալու մասին ու գիշերով մի փեշ զկեռ է քաղել նրա համար: Քաղել է, որ սիրտը շահի: Ու շահեց: Թավշյա զկեռները գրպանում շոյելով`իր սիրո նախապատմությունն էր վերապրում ծերացած կինը, ու մի պահ սառած, քնած սիրտը անցած օրերի հուշից անցած օրերի նման տաքացավ, խլրտաց: Մի պահ ամաչեց իր ապրումներից, ինքն իրենից, բայց քայլերը ինքնաբերաբար ջահելավարի աշխուժացան:

Փառք Աստծո, անվտանգ հասավ տուն, թուրքի շառից հեռու…

Տնեցիները դեռ քնած էին: Միայն Ղանթարը կապած տեղը նորից ծմրաց` տիրոջ հոտն առնելով:

-Ջա՜ն, – շան հավատարմությունը գնահատեց Ելեն աքիրը:

Ղանթարը, ի պատասխան, տխուր կլանչեց: Շան կլանչոցը Ելեն աքորը չարագուշակ թվաց: Նա փութով մտավ Մակարի մոտ: Մակարը, աչքերը բաց, սպասում էր:  Մի տեսակ զգոնություն էր իջել վրան, կարծես ինչ-որ կարևոր բանի էր պատրաստվում: Նա խամրած աչքերով կարոտով նայեց ալոճի գունավոր ճյուղերին, հեռավոր զգացողություններից թույլ ժպիտ գծագրվեց հյուծված երեսին, որից մահամերձ դեմքն աղավաղվեց: Նա գլխի շարժումով Ելեն աքորը հասկացրեց, որ մոտենա: Ելեն աքիրը մտածեց` ջուր է ուզում: Նա Մակարի համար նախատեսված ապակյա թափանցիկ բաժակը ողողեց, սառը ջուր լցրեց, մոտեցավ, աթոռը քաշեց, նստեց ու խոնարհվելով` բաժակը մոտեցրեց Մակարի անարյուն, մագաղաթի նման սփրթնած, սպիտակած շուրթերին: Մակարը գլուխը աջ ու ձախ տարուբերեց. չուզե՞ ց, թե՞ չկարողացավ խմել: Ջուր չուզեց, բայց ինչ-որ բան էր ուզում, զգացվում էր, որ մահվան մահճում ճգնում էր  կարևոր բան ասել: Բարակած վիզը ձգել էր, անհույս ճիգ էր գործադրում, կարծես ապաշխարանքի էր պատրաստվում, վերջին խոստովանությունն էր անում, վերջին թողությունն էր խնդրում: Ելեն աքիրն ավելի կռացավ նրա վրա, ականջը գրեթե հպեց չորացած շուրթերին: Ծեր կինը այդ դիրքում ասես ճկված քնար լիներ` խոնարհված իրար հետ գրեթե մի դար ապրած մեռնող ամուսնու սնարին: Նա գերլարվեց, որպեսզի լսել կարողանա մահացողի վերջին մրմունջը:

Մակարը, ծանր շնչելով, հազիվ լսելի, հևիհև շշնջալով` ծյուրաց.

-Ելե՜ն, ես քե սի՜րել չեմ… Վերջին շշունջը դուրս եկավ նրա անգույն հոգու փու՜-ի հետ համատեղ:

Ելեն աքիրը, բաժակը ձեռքին, սառել, քարացել էր: Երկար այդպես մնաց արձանացած, նստած: Միայն թե ձեռքի բաժակի սառը ջուրը, չգիտես ինչո՞ւ, արդեն գո՜լ, գո՜լ էր: Երևի կարմիր այտերով առատորեն հոսող ու սառը ջրին միախառնվող կանացի` անզորությա՜ն, տա՜ք- տա՜ք, հորդաբու՜խ արցունքներից…

Ղանթարը բակում աղիողորմ կլանչում էր…                                     

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *