Հրաչ Բեգլարյան, ՏՈՆԱՊԵՏ պատմվածքի մրցույթ

Արծիվը

Աշնան իրիկնամուտի արևը հողվորի նման մի պահ նստել էր սարի գագաթին: Նստել էր շունչը տեղը բերելու համար, բայց հոգնածությունից աչքը կպել էր ու դանթում էր ինքնամոռաց: Մի պահ, ասես, անժմի եղած՝ ժամանակից դուրս էր ընկել, մոռացվել էր, ասես, Ստեղծողի կողմից, բայց հետո բացել էր աչքերը, ժամանակն առել վրան ու շարունակել էր գլորվել սարնիվար: Ամառվա ուժը չուներ ու ստվերները նրանից թաքուն նախ խտացել էին  քարափների տակ, հետո թանձրացել ու մութ էին դարձել սարերի դեմքը սպիի նման ակոսող ծործորներում: Հետո կիջներին գյուղ, իրենցով կանեին տները, նեղլիկ ու ծուռ փողոցները, աննկատ կպատեին նաև Սաքո ամու՝ չեչաքարից շարած ցանկապատը, որ հավաքատեղի ու գյուղամեջ էր արդեն քանի տարի: 

Չեչաքարն այդքան տարի առել էր մարդկանց հոգս ու ցավը, խինդն ու ծիծաղը, բայց այդպես էլ գոնե մի պուտ մարդկություն չէր ստացել, չէր կոկվել գոնե մի քիչ ու հիմա ցավեցնում էր պատի տակի ինքնաշեն նստարանին  նստած Դերոյի մեջքը: Մեջքն առանց  այն էլ ցավում էր: Թեք նստել էր՝ մի թիակը պատի մեծ, կարմրավուն քարին, իսկ մյուսը՝ փայտե հեռագրասյանը հենած: Մատների արանքում ծխախոտն էր: Մեկ ուժեղ սեղմում էր գլանակի մեջքը, մեկ թուլացնում, մեկ միջնամատով ու ցուցամատով իրենից գաղտնի շոյում, ապա մոտեցնում էր հաստ, մի քիչ կապտավուն շուրթերին ու վախվխելով մուխ էր  առնում: Շրթունքներն ուզում էին սովորականի նման մի տաք համբույր քաղել ծխախոտից, բայց հետո հիշում էին կլորերես, փայլուն ակնոցներով բժշկուհուն, որ բարակ, երկար,  անձրևի շիթի նման սառը մատներ ուներ, ակնոցի տակից ավելի մեծ երևացող նշաձև աչքեր ու թեթև շունչ:

-Առիթմիա է, հասկանո՞ւմ եք, ա-ռիթ-միա… Ձեզ ծխել չի կարելի, կատեգորի՛կ չի կարելի…

Ասում ու ցուցամատի կապույտ ներկած եղունգի թրով կտրում էր օդը: Ասում էր այնպես, կարծես Դերոն առաջին անգամ էր իմանում այդ մասին: Ճիշտ է, առաջին անգամ էր բժշկի շուրթերից լսում, բայց ինքը արդեն քանի տարի գիտեր, որ իր սիրտն աշխատում է մի քիչ, հետո մեկ-երկու վայրկյան կանգ է առնում վախվորած, հանգստանում է, թե՞ տիրոջ վախն է չափում, իսկ հետո նորից զարկում է: Գիտեր, սրտի հետ հաշտ էր: Իր սիրտն էր, հո իրեն վնաս չէ՞ր տա, հո անպատեհ մի պահի չէ՞ր դավաճանի: Ապրում էր ցավի հետ, մանավանդ, որ էդ հիվանդության պատճառով իրեն երբեք չէին մերժել Արցախ գնալիս: Առաջին անգամ սիրտն զգացնել տվեց երկու տարի առաջ՝ երբ բանակից հետո կամավոր մեկնեց Արցախ: Անդիգի զարկվելը տեսավ, կռացավ վրան, հասկացավ, որ ասող-խոսող, խոսքի մեծ մասը կատակ սարքող Անդիգն այլևս չկա ու սիրտը ծակեց: Հետո… Հետո սովորեց սրտի ցավին ու առիթմիային, բայց ինչքան էլ սովորեր՝ սրտի վայրկենական կանգը սովորական չէր կարող  դառնալ: Այդ պահերին կարծես փոսն էր ընկնում, ամեն բան պատվում էր մթով ու անորոշությամբ: Բայց անորոշությունը, թեկուզև վայրկենական, վատ բան է: Դիրքերից իջնելուց հետո եկավ բժշկի մոտ: 

 Բժշկուհին խոսում էր ասես աչքերով ու փայլող ակնոցներով:

 Նայում էր նրա կարմիր ներկած շուրթերին, որ կարծես շարժվում էին տիրուհուց անկախ, նրա կլորիկ կրծքերին էր նայում և ուզում էր ամուր, ամուր գրկել նրան ու սեղմել կրծքին: Ինչո՞ւ: Ինքն էլ չգիտեր: Մտքում կռվում էր գլխի մեջ գվվացող այդ մտքի հետ ու փորձում էր ուշադիր լինել նրա թրթռացող շուրթերից ելնող բառերին:

-Մի անգամ էլ կանգ կառնի ու վերջ,- իրենն էր շարունակում բժշկուհին:

Ասաց, վախեցրեց, հետո թղթի վրա ինչ-որ բաներ գրեց ու ժպտալով մեկնեց իրեն.

-Էս դեղերը կխմես…

-Կբուժվե՞մ,- ոչ այն է՝ փորձեց, ոչ այն է՝ թեթև ձեռ առավ Դերոն:

-Չեմ կարծում,- կակազեց բժշկուհին,- բայց հաստատ ավելի լավ կզգաս:

Հետո, երբ Դերոն արդեն դուռը կիսաբաց էր արել, որ դուրս գա, ասաց անուշ ժպիտով.

-Հիշեք, որ ես եմ հայտնաբերել այդ հիվանդությունը:

Ասաց այնպես, կարծես լուսնի հակառակ երեսին տաք ջուր էր հայտնաբերել կամ մարդկության  վիշտ ու ցավերը փարատող հրաշք բալասան:

 Դուրս եկավ բժշկուհու մոտից, երկար նայեց նրա  ծուռումուռ, «բժշկերեն» անընթեռնելի ձեռագրին ու դեղատան մոտ թուղթը գցեց աղբարկղը: Իսկ հետո՝ գյուղ տանող ավտոբուսի մեջ մերթ ընդ մերթ հոտ էր քաշում մատներից, որոնցից բժշկուհու օծանելիքի բույրն էր գալիս՝ թղթի ու հիվանդանոցի հոտին խառնված:

Մի քանի օր մնաց տանը, հետո Արցախ գնաց և ամեն անգամ, երբ թշնամու դեմ մարտը թեժանում էր,  սիրտը թպրտում ու կանգ էր առնում: Կանգ էր առնում մի քիչ, հետո նորից շարունակում էր աշխատել իր կաղ ռիթմով:

Բայց վերջերս սիրտն ավելի շատ էր կաղում: «Եթե առաջ մի ոտքից էի կաղ, հիմա արդեն կաղում եմ երկու ոտքով»,- ինքն իրեն ասում էր մտքում: Բայց ո՛չ ընկերների մոտ էր   գանգատվում, ո՛չ մոր, ո՛չ, մանավանդ, Լուսիկի: Թե Աստված հաջողեր, շիկամազ, կլորերես ու անուշ նայվածքով Լուսիկին մի օր տուն կտաներ… Մայրը ժամանակ առ ժամանակ  հիշեցնում էր իրենց հարևանի աղջիկ Լուսիկի մասին, իսկ ինքը ժամանակ չուներ դրա համար: «Երկրի ցավերը հոգանք,- ինքն իրեն համոզում էր մտքում,- հետո մի օր Լուսիկին տուն կբերենք: Էս պատերազմի ու գաղթի ժամանակ հո հարսանիք չե՞նք անի»: Լուսիկին սիրո որևէ խոսք չէր ասել, հետը կարգին չէր էլ խոսել, «պոստափոխման» օրերին, երբ տուն  էր եկել, նրանց տան մոտով անցնելիս մեկ-մեկ ժպտացել էր աղջկան ու անցել-գնացել:  Նրան ավելի շատ մայրն էր հավանում, մայրն էր խոստացել, թե. «Դերենիս կուզեմ»: Իսկ մի ամիս առաջ, երբ ինքն էլի Արցախում էր, Լուսիկը Ռուսաստան էր գնացել:   

-Ռյազան եմ գնում,- ասել էր ժպտալով:  

-Խոպա՞ն,- հուզմունքը չմատնելու համար կատակել էր մայրը:

-Չէ, մի քիչ հանգստանամ, կգամ:

«Հանգստանամ» ասել էր այնպես, կարծես ամբողջ օրը աշխարհի հոգսն ուսերին առած տարել էր, կարծես թշնամու դեմ կանգնած էր եղել գիշեր ու զօր, կարծես յոթ զավակ էր ծնել, յոթ զինվորացու ու յոթն էլ մի քանի օր առաջ բանակ էին զորակոչվել:

-Տունդ չքանդվի, տղա,- հեռախոսի մեջ ճչկվեց մայրը,- էն աղջիկը Ռուսաստան գնաց:

Մոր հետ խոսելու օրը նորից «բոյ» սկսվեց ու ինքը ստիպված խոսակցության կեսից անջատեց հեռախոսը: Մտածեց՝ ավելի ուշ կզանգի, բայց ավելի ուշ գլուխը խառն էր: Սև ու շեկ թուրքերն  աղբերացած՝ վրա էին տալիս ու տուն զանգելու ժամանակ չկար: Անցավ մի ամիս, գյուղ  եկավ ու իմացավ, որ Լուսիկը Ռյազանում ամուսնացել է: Սիրտն այս անգամ  սովորականից ավելի երկար ժամանակով կանգ առավ, շունչը կտրվեց, այս անգամ կարծես անդունդ ընկավ, բաց հետո ուժ ու կուղ արեց, փոսից ելավ ու ջրից հանած ձկան նման փորձեց շնչել: Բերանը  բացուխուփ արեց, աչքերից ցայտող արտասուքը սրբեց ձեռքերի ափով ու սիրտը նորից թպրտաց: Մայրը հանդիմանությամբ նայեց դեմքին, բայց բան չասաց, իսկ ինքը կատակի տվեց.  

-Այ մեր, էդ աղջկան ավելի շատ դու էիր սիրահարված, քան ես:

Հիմա, նստել էր պատի տակ, չեչաքարից ու փայտե սյունից ջերմություն էր ուզում քամել ու ծխախոտի բարակ մեջքը տրորում էր ցավեցնելով: Նայում էր մայր մտնող արևին ու կրծքի տակ խլրտում էր խիղճը. «Արևը մեղք է»:

Լուսիկի պատմությունը մի տարի առաջ էր եղել: Հիմա նրանց լուսամուտն իր տուն գնալու ճանաապարհին կուրացած աչք էր հիշեցնում: Այլևս ոչ ոք չէր ապրում տանը և լուսամուտն անորոշ սպասումով նայում էր գյուղ բերող ճանապարհին:

Հիմա Լուսիկի ցավը մեղմվել է մի քիչ, նրա կլոր դեմքը, խաղացկուն հոնքերը, մի վայրկյանի մեջ մի քանի անգամ ծիծաղող ու թախծող աչքերն ամեն պահի չի հիշում, մանավանդ, որ սրտի ցավին մեջքի ցավն էլ է գումարվել:

 Գյուղամիջում հավաքված մարդիկ չգիտեին ինչ է մտածում Դերոն, չգիտեին՝ մեջքն  ինչու է հենել չեչաքարին, չէին հետաքրքրվում, թե նրա սրտի մեջ բացված վիհն ինչ  խորություն ունի և մեկ որսորդ Արշոյին էին նայում, մեկ գետնին ընկած արծվին: Արծիվն   ասես ծանր բեռան տակ էր. կուչ էր եկել, փետրազուրկ վիզը շարժում էր ասես չուզելով և ժամանակ առ ժամանակ թշշոցի նման ձայն էր հանում: Հետո փակում էր կլոր աչքերը, իրեն  անջատում  մարդկանց աշխարհից, նրանց  ձայներից ու չէր հասկանում՝ իրեն ինչո՞ւ են իր քարափից կտրել:

Արշոն պատին էր հենել երկփողանին, կանգնել էր նստարանին շարված տղամարդկանց առաջ ու բեմում ելույթ ունեցողի պես խոսում էր՝ ձեռքերը թափահարելով.

-Տեսա՝ Ուրցաքարի գլխին է, ասի հեռվից կրակեմ, բայց մտածեցի՝ կվրիպեմ ու մոտեցա: Հենց առաջին կրակոցից կպա: Ուզեց թռնել, բայց թևը վիրավոր էր ու գլորվեց: Գիտեք՝  Ուրցաքարի բարձրությունը, գիտեք՝ ինչ թեք է լանջը: Ինքը գլորվում էր, ես, ոչ էն է, գլորվելով,   ոչ էն է՝ չորեքթաթ՝ վազում էի հետևից: Հասա, բռնեցի…,- ասում ու հոգոց էր հանում հոգնած: Ասում ու հերոսություն արածի նման ցցում էր կուրծքը:

Դերոն լսում ու չէր լսում Արշոյին: Իրար հետ էին մեծացել, նույն դասարանում սովորել: Արշոն իր լավն ու վատն էն գլխից գիտեր: Գիտեր՝ երբ գյուղամիջում երևա, երբ հիվանդանա, գիտեր՝ երբ խոսի ու երբ լռի, իրեն համրի տեղ դնելով:  Արշոն Դերոյի նման իրեն ուրիշի համար կրակ գցող չէր: Արշոն կյանքի գաթայի յուղոտ մասն էր սիրում:

Արծիվը կիսափակ աչքերն ուղղել էր մայր մտնող արևի կողմը, Արշոյից թաքուն արևի մի շող էր բռնել և ցավն ու վիրավորանքը բանի տեղ չդնելով, լույս էր ըմբոշխնում իր մեջ: Լսում էր Արշոյին, որ իրեն հերոսացնում էր՝ իբրև գյուղի հավերին փրկել է արծվից:

-Դե թող էլի հավ թռցնի,- ասում էր Արշոն, սև հոոնքերը ճակատի վրա խտացնելով: Ասում էր՝ սև գլխարկի հովարը մերթ ընդ մերթ կարմրած լայն ճակատից վերև հրելով:

Արծիվը հասկանում էր նրան, ուզում էր փաստերով պատին դեմ տալ, թե՝ ես կյանքիս  մեջ ո՛չ գյուղին եմ վնաս տվել, ո՛չ գյուղացու հավերին, բայց մարդկային լեզվով խոսել չէր    կարողանում ու կտուցը բացած՝ ձայնում էր ֆշշացնելու նման: Ուզում էր ասել, որ վերջերս   մի աղվեսի ձագ է որսացել, մի գուրզա, իսկ գյուղից հավ չի տարել երբևէ, բայց մարդերեն խոսել չէր կարողանում ու բավարարվում էր ֆշշոցով:

 Տղամարդիկ նայում էին՝ ոմանք անտարբեր, ոմանք զարմացած կամ հետաքրքրված: Դերոն գիտեր՝ կնստեին էլի մի քիչ, հետո տուն կգնային, որ մի երկու գդալ տաք սպաս ֆռթացնեն անհավես, լսեն հեռուստացույցի էկրանից թափվող սև մաղձն ու թուրքի հարձակման մասին լուրերը, մտքում կամ բարձրաձայն նախշեն թուրքի յոթը պորտը, հետո ափսոսան, որ իրենք էդքան խելք ու ճարպկություն չեն ունեցել, որ ժամանակին  հեռանան Հայսատանից, թուրքից ու իրենց անհանգիստ ճակատարգրից: Իսկ հետո, աչքները  կփակվեին իրենք իրենց, որ լուսադեմին ելնեն ու գործի անցնեն: Հետո ի՞նչ, թե դաշտ ու հանդ բերքաթափ են եղել, հետո ի՞նչ, որ հիմա վարուցանքի ժամանակը չէ: Ինչքան չլինի ապրում են և կյանքը, մանավանդ գյուղացու կյանքը, հազար ու մի հոգս ունի:

-Ասում են՝ արծիվը հարյուր, թե երկու հարյուր տարի է ապրում,- իրենն էր շարունակում Արշոն ու թեք նայում տղամարդկանց,- որ էդքան ապրեր ու գյուղից էդքան հավ տաներ…

Իսկ Դերոն վիզը քաշել էր փորն ու նստել-մնացել էր: «Արծիվը մեղք է»,- ասում էր խիղճը, բայց ինքը չլսելու էր տալիս: Տուն գնալը չէր գալիս, բայց նստելուց էլ հոգնել էր: Չէր ուզում Արշոյի հետ խոսել, չէր ուզում որևէ մեկի հետ խոսել, մանավանդ, որ շնչափողը անտանելի քորվում էր ծխելու փափագից, իսկ ինքն իրեն զսպում էր: Նայում էր արծվին,  մեղքը գալիս էր, իսկ ականջների մեջ Ճարտարեցի Գոռի ձայնն էր.

-Հազար տոկոսով սկսելու են,- թուրքի հարձակման օրը ասել էր Գոռը:

-Չէ հա՜,- հակադարձել էր Դերոն, չնայած ինքն էլ էր համոզված, որ եթե թուրքն իրենց դիմաց էքսկավատորով խրամատ է փորում, տանկերը խրում մեջը, նշանակում է սկսելու է:

-Չէ՜, հա, կբանակցեն,- ընկերոջը հանգստացնում էր, բայց գիտեր, որ սկսելու են: Երեկ էր զանգել մորը, ասել էր՝ լավ է, ասել էր՝ շուտով գալու է, չլսելու էր տվել նրա լացը, կատակի  էր տվել՝ գալ, ամուսնանալու նրա սովորական հորդորը: Ավելի շատ Գոռի մասին էր մտածում: Գոռը Ղարաբաղցի էր, ամուսնացել էր մի տարի առաջ, հիմա կինը հղի էր: Գիտեր, որ տղա է ծնվելու, գիտեր, որ Գոհարը էս երկու օրը հիվանդանոց է գնալու, բայց ուրախանալը չէր գալիս:

-Սկսելու են, ախպեր,- ասում էր սրթսրթաալով, չնայած դրսում տաք էր, չնայած կուշտ էր ու գիշերը քնել էր: Ասում էր մրսելով: – Ես դրանց գիտեմ, սկսելու են: Դրանք բանակցություն չեն հասկանում, դրանց միայն չոր ուժը կկանգնեցնի:

-Առաջին անգա՞մն է,- համոզելու պես հակադարձում էր ինքը,- կգան, կդիմադրենք:

-Գիտես, ծնված օրից պատերազմ, շրջափակում, կռիվ  ու արյուն է եղել տեսածս, բայց էս անգամ վախենում եմ:

-Վախենո՞ւմ ես,- զարմացած նրան նայեց Դերոն,- դո՞ւ…

-Հա, ախպեր, Գոհարի ու էն դեռ չծնված տղի համար եմ վախենում:

-Էն տղեն էլ քո պես՝ դեռ չծնված՝ թնդանոթի ու գնդակի ձայնի է սովոր:

-Չգիտեմ, չգիտեմ,- ասաց Գոռն ու նորից գլուխն ուսերի մեջ քաշեց:

-Հիսուն գրամ թթի օղի լցնե՞մ տաքանաս,-հարցրեց Դերոն:

-Չէ,- ձեռքը բացասաբար շարժեց Գոռն ու հրակնատից դուրս նայեց:

Դերոն նախ դիմացի խրամատի մեջ թաղված տանկի թնդանոթից ելնող ծուխը տեսավ, հետո բամփյունը խլացրեց ականջները, իսկ հետո նոր զգաց, որ արկն անցավ իրենց գլխի վերևով ու պայթեց ինչ-որ տեղ՝ թիկունքում:

-Ասում էի, չէ՞,- թեք նայեց Գոռն ու ձեռքը հենակ սարքեց ինքնաձիգի համար:

Հետո, մարտ էր: Ուժերն՝ անհավասար, զենքերն՝ անհավասար: Բայց իրենց համար սովորական էր: Կրակում էին,  արանքում խոսում, քրֆում ու  կատակում: Տղերքից ոչ ոք իր դիրքերից չէր նահանջում: Թշնամին կրակում էր հեռահար հրանոթներից ու տանկերից,   անօդաչուներով նկարում ու ռմբահարում էր ու թվում էր՝ այդքանից հետո ոչ ոք ողջ մնացած չպիտի լիներ: Բայց տղերքը կային: Վիրավորները, եթե ծանր չէին, շարունակում էին մարտը, ծանր   վիրավորներին վիրակապում էին առանց խուճապի: Ամեն ինչ սովորական   էր, ամեն բան՝  ասես գյուղամեջի պատի տակ ամեն օր աշխարհի վեր ու վարից զրուցող մարդկանց  հանդարտ անշտապողականությամբ լցված:

-Քո թուրք մայրիկը…,- ասաց Գոռն ու հայհոյանքի կեսը բերանում՝ լռեց:

Դերոն ժամանակ չուներ Գոռի ու մյուս տղաների հայհոյանքին ու խոսքին ականջ դնելու: Ամեն ինչ անում էր մեխանիկորեն, կռվում էր սովորականի նման: Զարմանալին այն էր, սակայն, որ թեև այսքան մարտ էր մղել, բայց կռիվը, արյունն ու զոհերը երբեք սովորական չէին դառնում: Արդեն երկու տարի Արցախում էր ու երբևէ չէր զղջացել բանակից հետո այստեղ մնալու համար: Հողը, ջուրը, ձորերն՝ իրենց մեջ խտացած մշուշով, ընկերոջ նման անդավաճան խշշացող անտառն իրենն էին ու առանց նրանց ապրելն առանց սեփական եսի ապրելու նման էր: 

Կռիվ էր ու սեփական սիրտը չէր զգում, մարմինը չէր զգում, հետկեսօրի արևի թիկունքը տաքացնող շողերը չէր զգում: Առավոտից բան չէին դրել  բերանները, մանավանդ, որ հացն  արդեն քանի ամիս սակավ էր Ացախում: Զինվորի սնունդն այդքան պակաս չէր, բայց էլի սակավ էր: Հաց ուտելու ժամանակ չէին ունեցել: Սկզբում մտածում էին՝ ուր որ է մարտը  կավարտվի, բայց հետո հասկացան, որ այս անգամ կենաց ու մահու կռիվ պիտի տան: Կռվում  էր և Գոռի մասին չէր մտածում, ոչ ոքի մասին չէր մտածում: Ինքն էր, իր ինքնաձիգը,  թշնամին… Կռվի ժամանակ ամպագոռգոռ բաների մասին չեն մտածում, մարտի ժամանակ հայրենիքի անուն չեն տալիս, հայրենիքին սեր ու հավատարմություն չեն խոստանում: Կռվում են պարզապես, ցավը թաքցնում, սեղմած ատամների արանքից մեկ-մեկ հայհոյանքի պատառ են բաց թողնում…

Վերջին մեծ կռվից մի քանի օր առաջ էր: Ինքն ու Գոռը խրամատի պատին հենված զրուցում էին: Գոռը գրպանից հանել էր հեռախոսն ու ասես նրա հետ կռվելով ասում էր. «Սրա մեջ խոսողներին որ հավատաս, հայրենիքի գինն ու արժեքը միայն իրենք գիտեն»: Ասաց, հետո դարձավ Դերոյին. «Քեզ համար հայրենիքն ի՞նչ է»: Դերոն անակնկալի եկավ: Երբեք չէր մտածել այդ մասին: Հաստ շուրթերը լիզեց ծխախոտից դառնացած լեզվով, հևաց անօգնական, հետո հավաքեց մտքերն ու նայեց խրամատի եզրին՝ չոր ցողունին կանգնած գույնզգույն թիթեռին: Որտեղի՞ց էր հայտնվել էս ուշ աշնանը: Նրա նման խատուտիկ թիթեռներն ամռան բաժինն են: Աշունը նրանց համար չէ: 

-Հայրենի՞քը,- հարցրեց էլի:

-Հա,- իրենը պնդեց Գոռը,-հայրենիքը:

-Էս գունավոր թիթեռն է,- մատը թիթեռի կողմն ուղղեց նա,- էս չորացած խոտի ծեղը, աջ կողմում խշշացող անտառը, էն սարի գլխին գիշեր ու զօր մոմի նման լույս ու հույս տվող եկեղեցին, տանը՝ քնած, թե արթուն ինձ համար աղոթող մայրս… Է՞լ: Հա, մեր գյուղմեջի չեչաքարի պատը, որ եսիմ քանի տարեկան է:

Ասաց ու փորձելով նայեց ընկերոջը: Գոռը ձայն չհանեց, դեմքի վրա մկան չշարժվեց, որ Դերոն իմանար նրա վերաբերմունքը: Հազաց բռունցքի մեջ ու հայացքն ուղղեց զենիթ բարձրացած արևին: «Բա արև՞ը»,- ասաց մտքում, բայց ձայն չհանեց:

Գոռի վիրավորվելն ուշ հասկացավ: Այն ժամանակ, երբ Նաիրին վիրակապում էր նրան: Մի պահ դադարեցրեց կրակելը, կռացավ վրան: Գոռի աչքերը, որ սովորական  ժամանակ մեղրագույն էին, հիմա ցավից, թե այն աշխարհի մոտիկությունից դարձել էին  կապտա-կանաչավուն: «Ի՜նչ սիրուն գույն են ստացել»,- ակամա մտածեց, կռացավ վրան ու սև մազերը մի կողմ տանելով  ափը դրեց լայն ճակատին: Ճակատը սառն էր: Չգիտես ինչու՝  մտածում էր, թե տաք պիտի լինի՝ ինչպես տենդի ժամանակ, բայց ճակատը սառն էր: Գոռը բացակա հայացքով նայում էր երկնքին: Հույզ ու ցավի հետք չկար դեմքի վրա: Նայեց, նայեց  հետո ետ եկավ ու հայացքը իր դեմքին կենտրոնացրեց.

-Ինձ էստեղ՝ էս խրամատի մեջ կթաղես, իսկ Գոհարը…Գոհարը մեղք է,- ասաց, հետո հառաչեց ու բացակա հայացքը երկինք ուղղելով՝ հանգավ:

Հետո էլի կռիվ էր, էլի զոհեր ու վիրավորներ: Ինքը ո՛չ վիրավորվում էր, ո՛չ զոհվում: Կռիվ էր տալիս ու մտքի մեջ վիճում էր ինչ-որ մեկի հետ, որ իրենից դուրս էր, բայց իր մասին ամեն բան գիտեր և օրհասական պահերին միշտ ավելի մոտիկ էր թվում:

«Ախր ինչո՞ւ Գոռը: Ախր Գոռը կին ունի, ախր շուտով զավակ կծնվի: Էդ տղեն մեղք չէ՞, որ առանց հոր մեծանա»: Խոսում էր, բայց պատասխան չէր ստանում: Մտքում վիճում ու կռվում էր նրա՝ իրեն այդքան մոտ, բայց իր բոլոր հարցերն անպատասխան թողնող Մեկի հետ, իսկ բարձրաձայն խոսում էր, հրահանգներ տալիս, ինքնաձիգն էր լիցքավորում ու նռնակ էր նետում…

Գիշերը թաղեցին Գոռին: Թաղեցին ինքն ու Ճարտարեցի Սամոն:

-Որ մի քիչ հանդարտվի, կտանենք, կամփոփենք մոր կողքին,- մխիթարեց ու խոստացավ Սամոն: Բայց չգիտեր, որ լուսադեմին ինքն էլ է զոհվելու:

-Ախր, իմ սիրտն է անորակ,- արդեն բարձրաձայն խոսում էր Դերոն ու շարունակում  էր «բոյը»,- ախր ճիշտ կլիներ, որ թուրքի գնդակն իմ սրտին դիպչեր: Ախր ես տանը երեխա ու կին չունեմ: Մերս…Մերս շատ ցավի է դիմացել, էս մեկին էլ կդիմանա: Գոհարն ախր էրեխու է սպասում…Գոհարն ախր մեղք է:

Արդեն չէր խնդրում, որ տղերքի փոխարեն ինքը վիրավորվի կամ զոհվի, այլ ասում էր պահանջելու նման և զարմանում ու նեղանում էր, որ իր խոսքը, աղոթք-պահանջն անլսելի է մնում:

…Հետո հրադադար եղավ: Սիրտն այլևս չէր թպրտում: Զարկում էր հանգիստ և ալեկոծվեց միայն այն ժամանակ, երբ ասացին, թե զենքերը պիտի հանձնեն: Ինչ կարող էին՝ փչացրեցին, ինչ հնարավոր էր՝ անպետք դարձրեցին, բայց էլի ահագին բան հանձնեցին:

Համոզում էր, խնդրում տղերքին, որ զենքերը լցնեն կողքի լճակը, բայց ինքը հասարակ զինվոր էր, հրամայողն ուրիշներն էին: Ու երբ իր ինքնաձիգը գցեց զինվորական բեռնատարի թափքը, ձեռքերը դողացին և սիրտն էլի սովորականի նման կանգ առավ: Ասես  հարազատ ընկերոջը դավաճանեց, ասես մանուկ թաղելիս լիներ, ձեռքերը դողում էին ու աչքերը մրմռում էին անարցունք լացից: Թվաց՝ այս անգամ սիրտը վերջնականապես կանգ կառնի ու վերջ, բայց սիրտն էլի շարունակում էր կաղալով աշխատել: 

Գոռի մահվան մասին հայտնելն սպասածից ավելի հեշտ ստացվեց: Գոհարը նայեց իրեն ու սև աչքերը կլորացան հարցական: Մի խոպոպ խաղում էր ճակատին: Դուրս էր պրծել գլխաշորի տակից ու սպիտակ ճակատի վրա հարցական էր դարձել ասես: Դերոն կնոջ աչքերին չէր նայում, նայում էր մազի այդ հարցական դարձած խոպոպին ու չէր խոսում: Հետո գլուխը շարժեց դրական:

-Որտե՞ղ է,- հարցրեց կինը: Աչքերը չոր էին ու կրակ էին ժայթքում: Չորությունից  կսկծում էին ցավոտ: Չէր կարողանում աչքերը թարթել ու անթարթ նայում էր Դերոյի գլխից վերև՝ ինչ-որ կետի: Փորին դրած ձեռքը դողդողում էր, բայց  նա մեկ-մեկ շոյում  էր փորը, ասես հանգստացնում էր երեխային, ասես ձեռքով խոսում էր նրա հետ, դեռևս չիմացած  բաներն էր բացատրում նրան: Արյունազուրկ, սպիտակ  մատներով ասես հասկացնում էր տղային, թե այս աշխարհը ցավոտ է, արցունքոտ ու արյունոտ և մարդիկ, չգիտես ինչու, սիրում են ցավ պատճառել իրար: Կարճ ժամանակում քանդում, հողին են հավասարեցնում երկար ժամանակ կառուցածն ու հետո նորից սկսում են կառուցել: Կամ հայերը կառուցում են, զարդարում քարը, նրա դեմքին ծաղիկ ու խաչ են քանդակում, որպեսզի թշնամին գա, կործանի կամ զավթի ու ասի՝ իմն է:

-Որտե՞ղ է,- չորացած շուրթերը շարժելով էլի հացրեց Գոհարը:

-Ինքը խնդրեց, որ խրամատում թաղենք: Հանդարտվի՝ տեղը ցույց կտամ:

…Հետո գաղթն սկսվեց ու Դերոն Գոռի մեքենայի ղեկին նստեց: Գոհարն էր, մայրը, Գոռի մայրը, էլի երկու տարիքով կին: Ճանապարհին չէին խոսում: Զինվորական հագուստը հանել էր վերջին պահին՝ ավտո նսելուց առաջ: Նայել էր բաճկոնի կրծքին ամրացրած մեդալներին ու ափսոսացել էր թողնել: Հանել, Գոռի, Սամոյի ու Նաիրիի մեդալների հետ լցրել էր մեքենայի պահախուցը:

Գալիս էին դանդաղ, մեքենաները շատ էին: Ամեն տեղ կանգնեցնում էին, ստուգում: Հաքարիի կամրջին չհասած՝ կանգնեցրին, մեքենան ստուգեցին ու մեդալները տեսան.

-Քո՞նն են,- մեդալներն ափի մեջ զննելով հարցրեց դեմքը սև դիմակով ծածկած թուրքը, որ հազիվ էր ռուսերեն խոսում:

-Իմը,- ասաց հանդարտ: Հո չէ՞ր ասի, թե տղերքի մեդալներն էլ է բերել:

Հարվածն անսպասելի էր: Նախ վզին հարվածեցին խզակոթով, հետո երիկամներին, ապա գցեցին գետնին ու սկսեցին ոտքերով հարվածել: Կանայք լաց ու կոծը դրեցին: Իսկ ինքն աշխատում էր չտնքալ: Գիտեր՝ անզեն է, գիտեր՝ նրանք շատ են, հաղթել են ու լեզուն կծած՝ դիմանում էր հարվածներին: Ուշք ու միտքը Գոհարն էր՝ հանկարծ չվիժի՞:

Հետո էլի խոսեցին թուրքերեն, իրենց մեքենան կանգնեցրին՝ մյուսներին ճանապարհ տալով:  Զանգեցին ինչ-որ տեղ և ուշօրեք ասացին՝ գնա: Սկզբում տաք էր, չզգաց, իսկ ժամանակ անց թիկունքն սկսեց անտանելի ցավել: Երիկամներն էլ էին ցավում, մի երկու անգամ արյուն միզեց: Մեքենան վարում էր կամքը լարած և եթե չլիներ Գոհարը, դժվար թե կարողանար: Չէր խոսում, ցավերից չէր գանգատվում, բայց ներսը լի էր ցավով ու վիրավորանքով: Երբ ինքն անզեն ու անօգնական ընկած էր գետնին, սիրտն ինչո՞ւ կանգ չառավ, ինչո՞ւ չդադարեց զարկելուց: Կլռեր, կանշարժանար, այդ վիրավորանքին չէր արժանանա: Թերթերը կգրեին՝ ադրբեջանցիները ծեծելով սպանել են… Ասենք, ոչինչ էլ չէին գրի: Կամ թեկուզ գրեին էլ՝ մարդկային այդպիսի ողբերգության մեջ մի մարդու մահն ի՞նչ էր, որ չմոռացվեր:

 Գոհարը հասկացավ անխոս: Ձեռքը դրեց նրա մեջքին՝ հենց ցավող տեղին: Մի ձեռքը դրել էր իր փորին, մյուսը՝ Դերոյի մեջքին և անձայն աղոթում էր, որ ծննդաբերության ցավերը մեքենայի մեջ չսկսվեն, որ Դերոն կարողնա անվնաս Հայաստան հասցնել իրենց:

Հասան Գորիս և Գոհարը ծննդաբերեց: Գոռի տղա Գոռը ծնվեց Գորիսում: Նրանց հիվանդանոցում թողեց, եկավ գյուղ: Ախր մորը չէր զանգել մի շաբաթ:

Մեջքը շատ էր ցավում: Սկզբում որոշեց հիվանդանոց գնալ, հետո միտքը փոխեց: Զզվում էր հիվանդանոցից, դեղերի հոտից էր զզվում: Վախենում էր՝ երկար ժամանակ պառկեցնեն: «Կանցնի, ամեն բան անցնում է, էս էլ կանցնի»,- համոզում էր իրեն ու մեջքը պատին հենած՝ գլանակը տրորում է մատների արանքում:

Ստվերներն ուր որ է կփոխվեին մթի: Մութն ուր որ է կիջներ բարդիների կատարներից, սրսփոցով կշոյեր նրանց բները, խնձորենիների աշնանահար եղած երազները կխրտնեցներ չուզելով, հետո կմակաղեր գյուղամեջով անցնող ձորակի մեջ: Կպպզեր գետակի կողքին ու կսպասեր՝ մինչև լույսը բացվեր: Արևն էլի դուրս կգար Ուրցասարի թիկունքից, նախ արծվի բույնը կտաքացներ, հետո հայր արծվին չգտնելով՝ կտագնապեր մի պահ, բայց էլի  կհանդարտվեր: Ինքը հազար ու հազար տարիներ ամեն օր անցնում է այդ ճանապարհը և եթե ամեն բացակա արարածի համար տագնապի, հազիվ թե ուժ մնա մեջը: 

Արշոն շարունակում էր պատմել, իր համար հերոսի լուսապսակ էր հյուսում տենդորեն և չէր հասկանում, որ ամեն բան անցողիկ է և արևի տակ հարաբերական է յուրաքանչյուր հերոսական  արարք: Ցույց չէր տալիս, բայց մտովի էլի մրցման մեջ էր Դերոյի հետ: Էդ  մրցությունը մանկուց էր սկսվել ու շարունակվում էր: Ոչ մեկը մյուսին չէր ասում էդ  մրցության մասին, բայց երկուսն էլ գիտեին: Նախ՝ դպրոցում լավ սովորելու մրցույթ էր, հետո մարզադահլիճում զուգափայտերի վրա վարժություն անելու, պտտաձողից ավելի  շատ ձգում կատարելու, հետո Լուսիկի համար, որ ոչ մեկինն էլ չեղավ: Եթե Դերոն չլիներ, ինքը հաստատ կտիրանար նրան, իսկ սա դեզի վրա նստած շան նման… Ամուսնացավ, բայց Լուսիկին չի մոռանում ու իրեն թվում է՝ կնոջ հետ անհաշտության պատճառն էլի Դերոն է: Դերոյին հիմա այդ մրցույթն անիմաստ ու ծիծաղելի էր թվում: Գոռի խամրող հայացքի ու Գոհարի այրվող աչքերի հետ համեմատած՝ անիմաստ ու անխելք: Կամ ավելի ճիշտ՝ հեռու- հեռավոր ինչ-որ աշխարհում ուրիշ մարդկանց հետ պատահած պատմություն, որ գուցե թե հետաքրքրիր էր, բայց այլևս իր սրտի մեջ չէր արձագանքում ու երակների մեջ  արյան գրգիռ չէր առաջացնում:

 Մարդիկ լսում ու չէին լսում Արշոյին: Կամ կամացուկ զրուցում էին, կամ իրենց մտքերին տրված՝ նայում էին մթի մեջ մակաղած սարերին: Արծիվը, Արշոյի բառերի տարափից, անորոշությունից  կռացել էր մի տեսակ, կուչ եկել ու չգիտեր՝ ինչ աներ: Նրան  թվում էր, թե անտեսանելի կապերով կապված է հողին: Փորձել, տեսել էր՝ թևերը բացվում  են: Ճիշտ է, մի թևը ցավում  էր անտանելի, բայց եթե ինքն իրեն հաղթեր՝ կթռչեր հաստատ:  Բայց նրան թվում էր, թե անտեսանելի գամերով մեխված է հողին: Պտտվում էր իր մարմնի  շուրջը և քանի որ մարդու լեզվով չէր կարողանում հակառակվել Արշոյին, ֆշշացնում էր, կուզ ու պարզ անում: Չէր կարողանում ընդդիմանալ ու ասել, թե սեփական բնի վրա   կանգնած, աշխարհի գեղեցկությունը մի քիչ ավելացնող էակին թիկունքից զարկելը հերոսություն չէ: Ժամանակները փոխվում են ու ամեն բան իր ժամանակն ունի: Հիմա իրեն թուլացած ես գտել ու զարկել ես, բայց մի օր նաև արծիվների ժամանակն է գալու: Չէր ասում, լերկ գլուխը տարուբերում էր ողբասաց կնոջ նման և կլոր աչքերը փակում էր՝ թանձրացող   մութը չտեսնելու, բնի կարոտը մեղմելու հույսով:

…Ասես մի ձայն, մի ձեռք կարծես նստած տեղից վեր հանեց Դերոյին: Նստարանի վրա մի քանի հոգի էին մնացել: Մնացածները կամաց-կամաց գնացել էին տուն: Դերոն վեր կացավ, մոտեցավ արծվին, վերցրեց ու ամբողջ թափով երկինք նետեց.

-Թռիր, ի՞նչ ես խեղճացել,- ասաց զայրացած,- հո հավ չե՞ս, արծիվ ես վերջապես:

Արծիվն ասես անդունդ ընկավ: Ասես երկինքն անծանոթ ու անընտել վայր էր իր համար: Կարծես ժամանակից դուրս ընկած՝ մի պահ մոլորվեց, իրեն կորցրեց մի պահ, հետո թափահարեց թևերն ու օդի մի գաղտնի հոսանք բռնած՝ ճախրեց:  Ասես օդը հենարան  դաձավ, մութն ասես անտեսանելի կերպով գրկեց ու մխիթարեց նրան: Թևերը պարզեց  ու  ցավը բանի տեղ չդնելով բարձրացավ վերև: Բարձրացավ Վերին Երկինք, հետո հյուլեների վերածվեց ու տարրալուծվեց եթերում: Հետո, օրերի մեջ նրա հյուլեները ցավ դարձած աննկատ ու անտես ցողվում էին նախ Ուրցասարի, հետ գյուղի վրա և մարդիկ չէին հասկանում, թե ինչու են օրեցօր ավելանում վշտերն ու ցավերն իրենց աշխարհում…

-Ի՜նչ ես անում,- Արշոյի ձայնն էր,- իմ որսն ո՞ւր ես բաց թողնում,- գոռաց: Հետո հրացանը ճայթեց ու արծվի վիրավոր թևից մի փետուր էլ պոկվեց: Փետուրը փռփռաց օդի մեջ, ընկավ ձորակի պռնկին, հետո զեփյուռից քշված ընկավ ձորակն ու անշարժացավ ջրի կողքին:

-Ի՜նչ ես անում,- էլի զայրացավ Արշոն: Այս անգամ ո՛չ աչքերն էին երևում, ո՛չ զայրույթից կարմրած այտերը, ո՛չ էլ երկփողանու փայլը: Նորածին մթի մեջ միայն նրա զայրացած ձայնն էր լսվում,- գիտե՞ս քեզ ինչ կանեմ:

Ասաց ու երկու ձեռքով բռնեց Դերոյի օձիքը:

Նստարանին նստած, ասես մթի մեջ համրացած տղամարդիկ շարժվեցին: Կարծես հետաքրքրիր բան էր կատարվելու՝ մի քանի օր պատմելու ու քննարկելու թեմա: Ոմանք ոտքի կանգնեցին, մի քայլ մոտեցան՝ ամեն բան ավելի լավ տեսնելու հույսով:

Արշոյին մանկությունից գիտեր, գիտեր նրա սնափառությունը, հիշաչարությունը գիտեր: Արշոն երկու ձեռքով հավաքել էր Դերոյի օձիքն ու ճչում էր.

-Իմ որսն էր, ի՛մը, հասկանո՞ւմ ես:

-Թող,- Դերոյի ձայնը հանդարտ էր ու պողպատե,- թող, Դերոն իր գյուղում թշնամի չունի, Դերոյի թշնամիներն ուրիշ տեղ են, թող:

Արշոն սթափվեց, կանգնեց ձորապռկին, մթի միջով նայեց արծվի փետուրին, մտածեց՝ իջնի վերցնի, որպես հիշատակ ամրացնի պատին խփած գորգի վրա, բայց միտքը փոխեց, թափ տվեց ձեռքն ու գնաց՝ քթի տակ ինչ-որ բան փնթփնթալով: Ուզում էր արծվի խրտվիլակ սարքել ու դնել տանը, բայց… Չարացած էր Դերոյի վրա, բայց չուզեց հետը գլուխ դնել: Ասում են՝ Արցախում անուն ու հեղինակություն ունի, ասում են…

Դերոն ուշօրեք զգաց ձախ ձեռքի ցավը: Չէ, սրտի ցավն այդպես չէր խփում ձեռքին: Նայեց՝ մատից արյուն էր կաթում: Թռցնելու պահին արծիվը ճանկռել էր ձեռքը: Ցավն  սկսվում էր բութ մատից, գնում, հասնում էր մինչև անցած տարի ստացած վերքի սպին:  Կանգ էր առնում մի պահ, հետո ամաչում էր, չէր չափվում գնդակի տված ցավի հետ, նորից ետ էր վերադառնում ու այրում էր բութ մատը:

«Լա՜վ էլ մրմռում է»,- ասաց ինքն իրեն, փորձեց թաշկինակով կանգնեցնել արյունը: Չստացվեց: Նստեց նստարանին ու ձեռքը ներքև կախեց: Արյունը կաթ-կաթ ընկնում էր հողին:

-Մի անգամ էլ հողը ջրենք արյունով, որ գոնե մեզ ճանաչի և մեր չարածի համար ների մեզ,- ասաց քթի տակ, բայց շուրջը նայեց ու տեսավ, որ մենակ է պատի տակ:

Հետո հիշեց Գոհարի ձեռքի հպումը թիկունքին ու սրտի մեջ թաքնված անծանոթ մի երակ անուշ թրթռաց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *