Տաթևիկ Դեբենց, ՏՈՆԱՊԵՏ պատմվածքի մրցույթ

Օրոր

Ճանճերի թռիչքը չափվում է հենց այն քանոնով, որով վերջերս իմ ծնոտի բարձրությունը չափեցին։ Գուցե լավ չհնչի, բայց այնքան տարօրինակ էր՝ տասնմեկ սանտիմետր։

-Լուռ է իմ սիրտը, չունի պատասխան, ինչո՞ւ ես տխուր, երբ սիրում եմ քեզ․․․

Առանց վարանելու լքեցի ատամնաբուժարանը։ Եթե միայն տեսնեիք այդ սարքը․․․

Ուրախ են անցնում իմ բոլոր գիշերները։ Մի քանի նոր ամսագիր՝ պետքարանի հրաշալի ընկեր, մեքենաներ գրասեղանիս՝ անթիվ ու անսահման շատ։ Մոռանում եմ քնելու ու քեզ հետ խոսելու մասին։ Սա այն չէր, ինչ ուզում էի հայտնել քեզ։

Հոսանքից էլ են զրկել։ Ուրիշ գործ չունե՞ք։

-Քո տխուր օրվա ցավը ամոքե՜մ․․․

Պատերին խփվել արագ ու ինքնամոռաց։ Ծեփը սահում է ձյան փաթիլի պես։ Կաթ-կաթ։ Վաշ-վուշ։ Նուշ մնա՞ց սեղանին։ Այնտեղ, որտեղ գործողություն չկա, կօգնի նկարագրումը։

-Ամբողջը սրբել են, պատկերացնո՞ւմ ես։

Ուստի պատերը կապույտ էին։ Գուլպաներս կապույտ չէին, սև էին։ Իմ առաջ աթոռ կա՝ դեղին նախշերով։ Նաև ամանոր է։ Ուրեմն՝ ինչպե՞ս թե սեղանին նուշ չկա։

-Չամիչ է մնացել։

Չորացրած խաղող՝ չամիչ։ Սիրում է բառերը կարճել։ Մեկ, երկու ու վերջ․ գրապահարան չէ, գրքի պահոց է, և չասես այդ բառը՝ հոսանքազրկում․ ընդամենը լո՜ւյս չկա։ Այն էլ՝ միայն մի որոշ ժամանակով։

Բայց ինչի՞ց է, որ այժմ բոլորս մեր տեղերում ենք, ու ոչ մեկիս մտքով չի անցնում աթոռից պոկել հետույքը։

-Լալա, լսիր, հո սոսինձ չկա՞ր քո նստատեղին։

-Նստատեղ չէ, հենակ ասա։ Ոչ, չկար։

Պարզ է․ ալարում ենք։ Ալարելով ոչինչ չես գրի, նուշը կվերջանա, նորը գնելու չես վազի, անգամ զուգարան չես գնա, խայտառակություն։

Շիկնում է, բայց միայն գազօջախը։

-Զգուշացրել էի՝ մինչև վերջ չմիացնես․ քեռի Սուրոն մեղկ է։

Նա ո՞վ է ընդհանրապես։

-Լալա, Լալա, Լալա, Լալա՜։

-Երգելու ժամանակ գտա՞ր։

-Հիմար աղջիկ, քեզ հետ եմ խոսում։

-Հասկացա, որ խոսում ես, բա հիմար աղջի՞կն ով է։

Իհարկե չեմ ասի, որ ինքն է։ Մարդկանց չի կարելի հայտնել, որ հիմար են։ Եվ հիանալին այն է, որ նրանք դա երբեք չեն հայտնաբերելու։

-Ինչքա՞ն ենք այսպես մնալու։

Բերանը ծամածռում է, մի կերպ արտաբերում․

-Սիրելիս։

Բերանը փակում է։ (Վարագույր) Գործողություն երկու արարով։

-Ի՞նչ իմանամ։ Կերգե՞ս։

-Միայն հանուն քեզ,- և նայում է դեպի օրորոցը։

-Ես կերգեմ, Լալա, Լալա, Լալա, Լալա։

Վատ չի ստացվում, չէ՞։ Այս ամսագրում ձայնագրման ստուդիայի հեռախոսահամար կա։ Կարգին փող էլ պետք չէ՝ հասկացող մարդիկ են։

-Շոկոլադ ունե՞նք։

-Վերջինը կերա քիչ առաջ։

-Լավ է, որ անկեղծ ես։

Ի՞նչ կար անկեղծ չլինելու։ Դեռահասի պես է զրույց վարում։ Ուզում եմ սեղմել պատն ու հայտնվել մի քանի դար հետո։ Ես չեմ կարծում, թե մահը փրկում է։ Փրկողը միայն առանց մահերի կյանքն է։

-Սիրելու հարցում քեզ պես անհոգ եմ։

-Սոխակի ձայն է, սոխակի՜։ Էլի՜ երգիր, էլի՜։

Հաճույքը հակառակվելու մեջ է։

-Մի երգիր, մի երգիր։

Ձեռքերս գրպաններս եմ տանում․ ոտքերի առաջ նետելու ոչ մի մանրադրամ։

-Ինչո՞ւ ես տխուր, երբ սիրում եմ քեզ։

Լացում է փոքրիկը։ Փոքրիկը՛ս։ Արևի լույսն ուզում է ներս թռչել պատուհանով, և ինչ լավ է, որ վարագույրը դեռ չի կախել։

-Եթե ասեմ՝ մի՛ լաց, կլացի՞։ Երբ խնդրեմ, որ զռռոցը գցի ամբողջ տնով մեկ, կկտրի՞ ձայնը։

-Նա քո լեզուն չգիտի։

-Միայն մենք գիտենք իրար լեզուն։ Ե՞րբ կհասկանաս սա։

Նրանք երիտասարդությունն են վաճառում, ո՛չ տաղանդը։ Երբ մեծանաս, քեզ բանի տեղ կդնեն ավտոբուսում ու հերթերի մեջ։ Բեմը ջահելինն է։

-Այդպե՞ս ես համոզել նաև քրոջդ, որ թատրոն չգնա։ Իսկ նա տխմա՞ր էր, ինչ է, սեփական կարծիքից զուրկ ոչնչությո՞ւն։

Ո՞րն էր այս զայրույթի պատճառը, փոքրիկս։ Ես երկու փոքրիկ ունեմ, միայն մեկն է օրորոցում։

-Պարզապես փող չկար։

Հպարտորեն շոյում եմ գլուխը, որովհետև միայն մենք գիտենք իրար լեզուն։ Այս տրամաբանական անվերջ շարքերում, այս բոլոր փողոցների ու պատուհանների արանքում միայն մեզ է հայտնի, թե ինչ ենք ուզում ասել իրար և ինչ ենք ասում։

-Լալա, Լալա, Լալա, Լալա՜։

֊Հա՞, ցավո՞ւմ է։

-Չէ, ստամոքսս չի։ Բախտս բերեց՝ տոլմա չունենք։

-Նուշ էլ չունենք, կոնֆետ էլ։

Կատակելը վատ է ստացվում, երբ դրա ցանկությունը չունես։ Պարտադիր պայման չէ բոլորին ծիծաղեցնելը։ Կարևորն այն է, որ ճիշտը կատակի տաս, ասենք՝ իմանա՝  լավ չի պատրաստում։ Հատկապես այն վերջին խմորեղենը թափելու բան էր։

Հայելու մեջ զննում է դիմագծերը։ Վերջապես պոկվել է աթոռից։ Փաստորեն։ Ձեռքերը վեր ու վար է անում՝ հայացքիս հետևելով։

-Դու դադարե՞լ ես։

-Ես դադարել եմ վաղուց։

Ձեռքերս ծոցագրպանս եմ տանում․ կրծքավանդակից հանելու ու նրան տալու ոչինչ չի մնացել։

-Ատամ բուժողն իրո՞ք այդքան վատն էր։

Վատը չէր իհարկե։ Պարզապես թանկ էր։

-Ես խնայողություն ունեմ։ Կվերցնե՞ս։

Դրանի՞ց էր այդքան բացվում ու փակվում սառնարանի դուռը։

Մի բան ասելու համար լարում եմ դեմքիս մկաններն ու ժպտում։ Այնքան եմ ժպտում, մինչև լացս գալիս է։

-Ինչի՞ համար ես լացում, որ քեզնից թաքուն հավաքե՞լ եմ։

Չէ, այդ բանից չի։ Պատերը դեռ կապույտ են, հա՞։ Պատճառ չեմ կարող հորինել, ճիշտն էլ կատակի տալ չի լինում։ Ծեփը դեռ ձյան պես սահո՞ւմ է։ Սուտն ինչի՞ համար է․ ճշմարտությունից պաշտպանվելո՞ւ։ Բա լա՞ցն ինչի համար է․ ճշմարտությունն առանց բառերի հայտնելո՞ւ։ Երկու չենք, երեքն ենք, գրասեղանիս էլ հինգ մեքենա կա, եղավ տա՞սը։ Քեռի Սուրոն ո՞վ էր, սիրո՞ւմ է տասը թիվը։

Տաբատիս փողկերն ամենից մեծ ուշադրությամբ է արդուկել։ Երևի մտածում ես՝ արդուկել չի, հարթել է։ Իհարկե ճիշտ ես։

-Լալա, Լալա, Լալա, Լալա՜։

-Քեզ տամ սիրտս, քեզ պես անսիրտ դառնամ, սրտիդ կարը մնամ․․․

Լալա՜, Լալա՜։

Եվ ի՞նչ, եկե՞լ են արդեն։ Տաբատիս փողկերն ինչո՞ւ էիր այսպես արդուկել։ Ինչո՞ւ էիր հարթել այսպես։ Դու գիտեի՞ր։ Հենց դո՞ւ էիր, որ գիտեիր։ Եվ ես չգիտեի՞։

Վերից վար ձգված սպիտակ կտորը հիմարի պես ծիծաղում է վրաս։ Նրա պատճառով ձեռքերս չեմ կարող տանել մազերիս ու անզորությունից խառնել դրանք։ Այս ի՞նչ ճանապարհ է։ Ո՞ւր են պատերը, որոնց խփվում էի ամբողջ ուժով ու հենման կետ համարում։

-Ինձ հետ գոնե մի երկու ամսագիր դրե՞լ ես, Լալա։

Վա՜յ, բա ձեռքերս կապված էին, ո՞նց եմ կարդալու։ Նրանք ինձ կօգնե՞ն։ Նրանք ո՞ւմ են օգնել։ Մի քանի ամսո՞վ է, հա՞։ Հետո էլի կվերադարձնե՞ն ինձ ձեզ։ Ատամներս ձրի կսարքեն իրենց մոտ, հա՞։ Ամբողջ խնայածդ տվեցիր սրանց, որ ինձ հետ այսպե՞ս վարվեն։ Դու նույնիսկ կարող ես ասել, որ այլմոլորակայիններ կան, և ես քեզ կհավատամ։ Բայց ինչի՞ համար է այս բոլորը, ասես եռանկյուն պրիզմա դրեցիր աչքերիս, ու ամեն բան այլ ձև դարձավ մի վայրկյանում։ Եթե սա է վերջը, ուրեմն խնդրում եմ․․․ Գրասեղանիս մեքենաները․․․ Խնդրում եմ՝ առավոտյան դասավորիր նույն շարքով, երեկոյան տեղավորիր լապտերների տակ։ Կարմիր մեքենան սիրում է արագ ընթանալ, իսկ ձմեռային անվադողերով, օ՜, ներիր, անիվներովն ընդհանրապես չի սիրում կարմիր մեքենային։

Ու ձեռքս տանում եմ ծոցագրպանս, որ տեսնեմ՝ ինչ֊որ բան մնացե՞լ է։ Կապերն այնքան ամուր են, որ ճանճերի թռիչքի չափով իսկ շարժվել չեմ կարողանում։

-Դուք կարո՞ղ եք ստուգել ծոցագրպանս, ինչ֊որ բան մնացե՞լ է այստեղ,- խնդրում եմ։

-Ձեռքեր չունեմ,- պատասխանում է։

Ես վշտանում եմ։ Ինչո՞ւ ձեռքեր չունի։

-Մի օր հիմարություն արեցի՝ ինձ կրակը գցեցի։

Բարդ կլիներ կրակից դուրս գալը,  համոզված եմ։

-Լալա, Լալա, Լալա, Լալա՜։ Ինչո՞ւ չես երգում։

Լալան ո՞վ է։ Լալան ո՞ւր է։ Մեքենայում քեզ տեղ չեղա՞վ։ Ուրեմն չեղավ, որ չկաս, թե չէ անպայման քեզ այստեղ կխցկեիր։ Կատուն մլավում է ուղիղ աչքերիս մեջ, և նույն պահին վեցերորդ հարկից մեկը հորանջում է նույն ճշգրտությամբ։ Իմ սևեռուն հայացքից փակվում է լուսամուտը։ Ես մենակ եմ մնում այս բոլորի արանքում։ Թևերս կապված են, բերանս էլ փակեիք, որ լուռ մնայի․ մտքիս մեջ խոսելն իմ բանը չէ։ Աչքերս էլ փակեիք, որ կապույտ պատը կապույտ երկինք չդառնար։ Ձյուն է սահում վերևից, և տեսնես ո՞վ է հարվածել երկնքին, այդ ո՞վ։

Ճանճերի թռիչքը չափում են այն քանոնով, որով այժմ էլ աչքերիս լայնությունն են չափում։ Իմ սենյակի համար վճարված է, լայնությունն էլ նորմայի սահմանում էր։

-Քեզ դուրս ենք գրում։ Կարող ես հետ գնալ, առողջ ես։

-Բայց Դուք դեռ չեք հասցրել բուժել ատամներս․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *