Պատմվածք, Սեդա Մինասյան

Նարոն

Մի հարևան ունեինք, Նարո էին ասում (լրիվ անունը էդպես էլ չիմացանք)։ Ինձանից մի տաս տարով էր մեծ։ Ծաղկավոր, երկար զգեստ էր հագնում, ասես ժառանգություն էր մնացել իր քսաներորդ դարի առաջին կեսին ապրած տատից։ Երկա՜ր, հա՜ստ հյուսք ուներ Նարոն, քայլելիս էլ փութկոտ էր քայլում, ասես միշտ շտապում էր ինչ-որ տեղ։ Երբեք չէր աշխատել, ծնողները տասնիննում ամուսնացրել էին ու վստահեցրել, թե կինը պիտի երեխա ունենա, պահի, ամուսնու մասին հոգ տանի ու ինչքան կարող է՝ գլուխը կախ ապրի։ Նարոն էլ էր արդեն վստահ դրանում։

Գարնանային օր էր, արդեն լավ տաք, ծլվլան օրերից։ Ինձ ու Նարոյին սուրճ դրեցի մեր տան փոքրիկ սեղանիկին, որի սփռոցի տեսքը տատիս երբեք չէր գոհացնում։ Մեր դիմացի հարևանի տղան մաթեմատիկայի գիրքը թևի տակ, մրոտ ափերը իրար քսելով ներս մտավ, թե․

-Քուրիկ, էլի սրանից բան չհասկացա։

-Արի կօգնեմ,- ասացի ու նստեցրի մեր կողքին։ Գնացի, հատուկ պստիկի համար պահածս կոնֆետների հետևից՝ ճանապարհին մտածելով, որ պիտի համոզեմ՝ գնա սկզբում մրոտ ձեռքերը լվանա։

-Էս ո՞ւր, բա մաթեմատիկան,- զարմացած հարցրի ես, երբ տեսա, որ Դավիթիկն արդեն գիրքն էր հավաքում։

-Նարո քուրիկն օգնեց,- ասաց, թևքով սրբեց քիթն ու դուրս վազեց։

-Նարո, քեզ նայողը չի ասի, թե թվի արմատ հանել գիտես,- ծիծաղեցի ես։

-Բա՛, ես դպրոցում լավ եմ սովորել,- կիսաժպտաց Նարոն:

-Ինչի՞ մի տեղ չընդունվեցիր,- անկեղծ ափսոսանքով հարցրի ես։

-Դպրոցն ավարտեցի, հայրս հիվանդ էր, սկսեցի նրան խնամել, հետո ծնողներս ամուսնացրին, որ հայրս հասցնի թոռներին տեսնել, էն էլ․․․,- Նարոյի աչքերը խոնավացան,- պայքարում էի, որ գոնե փոքր քրոջս ուսման տան, էն էլ մայրս ի վիճակի չէր ուսանող պահելու, էդպես…- հոգոց հանեց նա։

-Տխուր ես, Նարո՛, ինչ է եղել,- փորձում էի բռնել նրա հայացքը։

-Բան չէ,- ուսերը թոթվեց նա,- էրեխուս հետ չգիտեմ ինչ է կատարում,- հետն էլ խաղում էր սուրճի բաժակի հետ՝ անձեռոցիկով սրբելով ափսեի մեջ թափված սուրճի կաթիլները,- քանի օր է՝ տեղին-անտեղի վրաս գոռում է։

-Ոչինչ, դեռահասության շրջան է, կանցնի,- փորձեցի հանգստացնել։

-Չեմ իմանում ինչահասության շրջան է, ինչ տեսել է՝ էդ սովորել է, որ մարդուս նորմալ խոսելու ձևը գոռալը դարձած լինի, ինքն էլ պիտի հոր հետևից կրկնի։

Սուրճս սառեց Նարոյի խոսքերից, ոչինչ, ես պաղ-պաղ եմ սիրում խմել։

Քանի օր է՝ չէր երևում Նարոն, էլ առավոտյան յոթն անց կեսին փութաջանորեն չէր ավլում իրենց դռան առաջը, ասես բակի մաքրությունը իր կյանքի միակ գերնպատակը լիներ։ Միշտ անթաքույց զարմանք եմ ապրել նայելով այն կանանց, որոնք տան մաքրությունը օրվա ամենակարևոր խնդիրն են համարել։ Հիշում եմ՝ մի անգամ Նարոն ասաց. «Բա էլ ի՞նչը համարեմ, հա, մեկ էլ էրեխեքս կուշտ լինեն, մարդս էլ գոհ, ըհը․․․»: «Եսի՞մ, ա՛յ, օրինակ դու՝ լավ նկարում ես, ինչի կտավներ չես գնում, սկսես նկարել ու վաճառել, ես լինեի՝ էդպես կանեի»։ Ամեն կերպ փորձում էի մի կայծ բորբոքել Նարոյի մեջ, ինքն էլ թե․«Է՜, ես դրա ժամանակը չունեմ, տան գործերից հետո, հոգնած հալիս, էլ դրա հավե՞սը ունեմ»,- ասաց ու ինքն իր ասածից գոհ՝ շրջեց սուրճի բաժակն ու գնաց ճաշ եփելու։

Քանի օր է չէր երևում: Մտածում էի՝ ո՞ւր կորած կլինի Նարոն։ Որոշեցի որևէ պատրվակով գնամ իրենց տուն։ Դասական պատրվակը միշտ էլ կա՝ գնացի մի պտղունց աղ ուզելու։ Հի՜ն դուռ էր Նարոյենց դուռը՝ փայտը մաշված, ներկերը՝ թափված։ Հիշում եմ, մի անգամ հարցրի, թե ինչու չեն փոխում, ասաց. «ԿեսուրՍ ասում է՝ դրա վրա գումար ծախսելը տեղին չէ էս նեղ վիճակում։» Նույնը սկեսուրն ասում էր երեխաներին շորեր գնելու մասին։ Ինքն էլ ձայն չի հանում, դե ծնողներն ասել են՝ պիտի գլուխը կախ ապրի։

-Բարև Ասյա տատ,- դռան շեմից ողջունեցի Նարոյի սկեսրոջը ու, ինչքան հնարավոր է, հայացքով ներս սողոսկեցի՝ Նարոյին գտնելու համար։

-Բարև, բալա ջան, ներս արի։

Ոտքս շեմքից ներս դրեցի․

-Ինձ մի պտղունց աղ կտա՞ք,- ասացի ու աչքերս հանդիպեցին մեջքով կանգնած, կարճ մազերով մի կնոջ, ով Նարոյի զգեստն էր հագել,- բա էս Նարոն ո՞ւր է, Ասյա տատ։

-Հե՜ն ա, չես տեսնում, խոհանոցում։

Ես քարացա. կարճ մազերով, Նարոյի զգեստով կինը հենց Նարոն էր։ Նա առաջ եկավ կարմրած դեմքով, ձեռքին՝ աղը՝ պոչը ջարդած սուրճի բաժակի մեջ։

            -Նարո, հյուսքդ ո՞ւր ա։

            -Չկա՜,- ծիծաղեց Նարոյի սկեսուրը,- մարդը երեկ բռնեց քոքից ու կտրեց էն մեծ դանակով,- Ասյա տատը մատով ցույց տվեց սեղանին դրաված դանակը,- շա՛տ էլ լավ արեց տղես, թող քիչ էդ հյուսքով էսկողմ-էնկողմ աներ հրևանների ամուսինների, թաղի ջահել տղերքի առաջ։

            Արագ վերցրի աղով բաժակն ու շտապ դուրս եկա:

Մի քանի շաբաթ Նարոն տնից դուրս չէր եկել։ Աշխատանքից տուն էի գալիս, Նարոն ձայն տվեց․

-Սպասի՜, ես էլ եմ գալիս ձեր տուն։

-Էս ո՞ւր ես կորել, ինչքան ժամանակ է՝ ձենդ չկա,- անհանգիստ հարցրի ես։

-Է՜, կարևոր չի, կեսուրս է ուղարկել ձեր տուն, արի ներս, կասեմ։

Ներս մտնելուն պես Նարոն արագ տեղավորվեց՝ իր թեթևաշարժ բնավորությանը համապատասխան։

-Կեսուրս ասաց՝ քո ընկերուհիների մեջ մի աղջիկ է տեսել, դուրն էկել է, ուզում է գնա ուզելու մեծ տեգրոջս համար,- արագ-արագ ասաց նա։

-Բայց տեգրդ երկրում չէ, չէ՞,-զարմացա ես։

-Հա, սկեսուրս ասաց՝ առանց տեգրոջս կգնա կուզի, հետո տեգրս կգա, հարսանիք կանենք։

-Էս ո՞ր դարն է, Նարո՛,- ասացի ու աչքս ընկավ Նարոյի ձեռքերին, նա շորի թևքերը քաշում էր դաստակների վրա,- էս ի՞նչ է էղել, Նարո՛,- բռնեցի դաստակը, որի վրա պա՜րզ կարմիր հետքեր էին երևում։

-Հեչ, հեչ,- արագ հեռացրեց Նարոն,- վնասվել եմ։

-Չես վնասվել։

-Չեմ վնասվել,- հանձնվեց Նարոն,- մարդս է մի քիչ պինդ սեղմել, բան չկա, կանցնի,- վրա-վրա շարեց բառերը, որ չհասցնեմ որևէ բան ասել։

-Շուշու՞տ է էսպես լինում, ինչու՞ չես պայքարում, էն Սուսանին հիշո՞ւմ ես, մեր փողոցի վերևներն էր ապրում, մի օր էլ չդիմացավ, չհաշտվեց իր ապրելակերպի հետ, չհաշտվեց արհամարհված լինելու հետ, 8 ամսական հղի էր աղջիկ երեխայով, թողեց ու գնաց հոր տուն, աշխատանք գտավ, աղջկան մեծացրեց, ասում են՝ նշանել է, ինչն է քեզ խանգարում նույն կերպ վարվել։

-Է՜, էն կրթություն ուներ, ես ի՞նչ ունեմ,- հոգոց հանեց Նարոն։

-Է՛, կստանաս, հիմա էն դարում չենք, որ համարես տարիքդ անցել է, փորձի՛ր։

-Բա որ չստացվի, կմնամ համ անմարդ, հա՛մ անտուն, էրեխեքիս էլ հորից կզրկեմ, չէէ՜, պետք չէ, ավել լավ է՝ լուռ ապրեմ։

-Բա լա՞վ է էսպես նվաստացած ապրելը, ամեն օր մի նոր փորձանքի սպասելը, որ նույնիսկ երեխադ, ում ծնել, աշխարհ ես բերել, տանջանքով մեծացրել, իրավունք ունենա վրադ ձայն բարձրացնելու,- խղճահարությունս փոխարինվեց հիասթափությամբ։

-Ոչինչ, գոնե կասեն՝ նամուս ունի, ինչ արին՝ չգնաց։

-Նարո՛, միշտ էլ մեկը կա, որ հետևիցդ ասում է՝ մի բանը ծուռ էր։ Մորս տատն ասում էր՝ կնոջ փեշն անգամ իրեն թշնամի է։ Ուզում ես կոտորի քեզ ու կյանքդ դիր մարդկանց ոտների տակ, վերջում, մեկ է, չեն ասի՝ հանուն լավի դիմացավ, կասեն՝ խեղճ էր, ոչինչ անել չկարողացավ, տեղն է իրեն, թո՛ղ դիմանա։

Մինչև այսօր փողոցում խոսում են, թե Սուսանը գնաց, աշխատանքը գտավ երեխային ունեցավ, մեծացրեց ամենաընտիր ձևով, ասում են՝ հայրը օգնեց, սատար եղավ աղջկան, հայրը մահացավ, բայց ինքը հոր արածի վրա բազմապատկեց ու մինչև հիմա մորը պահում է, աղջկան ամուսնացրել է, ու մի քանի տեղ է աշխատում, քաղաքի առաջատար մասնագետներից է։

Ասում են՝ Նարոն դեռ քայլում է փութկոտ քայլվածքով, ծաղկավոր զգեստի փեշերը քոլքոտել, խզրտվել են։ Համարյա չի նայում ոչ մեկի աչքերին, շորի թևքերի տակ թաքցնելով կապտուկները, աչքերում պահելով արցունքները ու ամեն պատի տակ ասում է. «Ես նամուս ունեմ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *