Պատմվածք, Սիրանուշ Զախարյան

Վարագույրները չեն իջնում

Մեկ տարի առաջ էր։ Միասին թատրոն էինք գնացել։

Օրս սկսվել էր արևի ճառագայթների խուտուտից։ Չնայած պատերազմ էր, բայց արևը նույն փայլն ուներ, ինչ երեկ։ Հետո մայրս եկել էր ինձ արթնացնելու, նախաճաշել էինք, համբուրել էր ինձ ու ճանապարհել համալսարան՝ ամեն օրվա պես, իսկ ինքը գնացել էր դպրոց․ ուսուցչուհի էր։ Գիշերը քնելուց էլ համբուրել էր, գրկել ու բարի գիշեր մաղթել։ Էս «խաղաղության» մեջ չեմ հասկանում՝ որտեղի՞ց էր ամբողջ օրվա ընթացքում ձևավորվում ու գլխիս փուլ գալիս կյանքի պատերազմը։

Վերջին երեք տարիների ընթացքում դա իմ ամենաերջանիկ, ամենադժբախտ, ամենահակասական ու ամենաիսկական օրն էր։ Նրան ասելու էի,  որ երեխա ենք ունենալու։ Ներկայացման ողջ ընթացքում վախի, սիրո, անհանգստության զգացումը թույլ չէր տալիս ընկալել կատարվող գործողությունները։ Նայում էի բեմին ու պատկերացնում, թե ոնց եմ Նրան ասում մեր կյանքի ամենակարևոր նորությունը, ոնց է Նա գրկում ինձ ու պտտվում, ոնց են աստղերը պարում մեր գլխավերևում, ու լուսնին թևանցուկ՝ օրորվում։ Ես պատկերացնում էի օրորոց, շապիկներ, խաղալիքներ ընտրելը, մեր վեճերը անձրևի ու ձյան ժամանակ զբոսանքների համար, Նրա հոգ տանելը իմ մասին, մե՛ր մասին, մեր ստեղծվող ընտանիքի մասին։

Վարագույրները իջան։ Բոլորը ծափահարում էին, իսկ ես շշնջում էի Նրա ականջին․

– Վարագույրները չեն իջնում․․․ ես քեզ ասելու բան ունեմ․․․

– Ես էլ։ Բայց արի դրսում խոսենք։

– Աստղերի տա՞կ։

– Ըհը։

Դուրս եկանք դահլիճից, քննարկումների փսփսոցներից փախանք, ու ես սկսեցի ագահաբար կլանել մաքուր օդը։

– Լա՞վն էր։

– Ի՞նչը։

– Ներկայացումը։

– Դա մի կողմ, ես քեզ ասելու բան ունեմ։

– Թող առաջինը ես ասեմ։ Հետո գուցե դժվարանամ։

– Ասա, իմ սեր։

– Մի արա։

– Ի՞նչ չանեմ։

– Ինձ էդպես մի ասա։

– Ինչո՞ւ։ Ի՞նչ եղավ քեզ։

– Ես․․․ Մի քանի օր է, չեմ կարողանում ասել։ Բայց․․․ Մեր վարագույրներն էլ իջան։

– Ի՞նչ։

– Մեր ներկայացումն ավարտվեց։

– Ի՞նչ ներկայացում։

– Դու հասկացար։

– Խոսե՞նք, գուցե․․․

– Չէ․․․

Ես շրջվեցի։ Ավելորդ էր որևէ բառ ասելը։ Ես քայլում էի, քայլում էի․․․ Այնքան քայլեցի, մինչև ծնկներս սկսեցին ցավել այնպես, ասես ծանր պարկ էի կրում ուսերիս։ Քայլեցի այնքան, մինչև ուսերս ցավեցրեց այդ ծանրությունը։ Գլուխս թմրել էր։ Թվում էր՝ երկու շիշ գինի եմ կոնծել։ Թեպետ տաք էր, բայց ես անտանելի մրսում էի․ մարմինս ջղձիգ լարվել էր, կոկորդս՝ սեղմվել։ Դժվարությամբ, պատերից բռնվելով, հասա մուտքի մոտ, բարձրացա երրորդ հարկ, տուն մտա ու միանգամից գնացի իմ ննջասենյակ։

– Եկա՞ր։ Ո՞նց անցավ։

– Հետո, մամ։ Վաղը կխոսենք։

Քնեցի մինչև հաջորդ երեկո։ Իզուր էի սպասում Նրա զանգին․ չքացել էր։ Ինձ թվում էր՝ պատերազմների ժամանակ մարդիկ ավելի են մտերմանում, հարազատանում, անձնական վեճերն ու սկզբունքները մի կողմ են դնում ու սկսում են ապրել վաղվա օրվա հանդեպ վախով։ Իսկ գուցե Նա իսկապես ափսոսո՞ւմ էր ինձ հետ անցկացրած ժամանակը։ Ու էլ ե՞րբ պետք է ասեր ինձ այդ մասին, եթե ոչ հիմա, երբ ամեն հաջորդ վայրկյանին գուցե պատերազմն ավելի մեծ թափ առներ ու հասներ մեր քաղաք, ուր դեռ թատրոններն ու կինոները չէին թողնում մարդկանց մեռնել։    

Երկու օր անց որոշեցի շարունակել ապրել։ Գնացի համալսարան։ Ամեն ինչ տարօրինակ էր։ Տարօրինակ էին զուսպ ու լուրջ դեմքով իրար ձեռք սեղմող մարդիկ․ գիտեի, որ իրար տանել չէին կարողանում։ Տարօրինակ էր, երբ ընկերներիցս մեկը բարձրաձայն անունն էր տալիս մեկի, որի անունն ու աչքերը դաջված էին սրտում․ ասել էր, որ սիրում է։ Տարօրինակ էր, երբ տեսնում էի խնամքով թաքցվող բարևի թրթիռը, այնինչ դրանից սիրուն կակազ չկա։ Տարօրինակ էի ես, երբ լռում էի մեկի մասին, ով ապրում էր իմ մեջ, ում հետ մտովի քայլում էի, զրուցում, սրճում, վազում ու պրոֆեսիոնալ խաղում իմ հորինած ֆիլմերում։

Մի ժամանակ ես ուրախանում էի, երբ ճանաչում էի մարդկանց, ովքեր ունեին իմ վշտերից ու մտատանջություններից։ Կարողանում էի խոսել նրանց հետ, մտքում համեմատել ցավի իմ բաժինն ու թեթևանալ կամ ավելի ծանրանալ․․․ Բայց այդ օրերին ոչ մեկի հետ չէի կարողանում շփվել։  

Մեկ շաբաթ անց համալասարանից դուրս եկա։ Որոշեցի օրագիր ունենալ։

«Անքեզ օրերի օրագիր

Օր 1․ Եթե մենք միասին լինեինք․․․ Ես անունդ ավելի սիրով կտայի ու քեզ կսպասեի պատուհանիս մոտ ավելի կարճ ժամանակ, որովհետև դու կշտապեիր գրկել ինձ ու կրճատել առանց քո գգվանքի ապրած վայրկյաններս։ Ես ձեռքերդ ավելի քնքշորեն կշոյեի, ու դու կզգայիր, որ աշխարհի մարդկանց մեջ կա մեկը, ով պատրաստ է փռվել թևերիդ, ափերիդ մեջ տաքանալ ու մատներիդ խուտուտից թռչել։

Օր 2․ Եթե մենք միասին լինեինք․․․ Ես քեզ լսելու համար կանջատեի բոլոր ձայները, ու դու կլսեիր ձայնիդ արձագանքը սրտիցս։ Դու կիմանայիր, որ քո ձայնն արձագանք ունի։ Ես մի ֆիլմ կընտրեի, որը միասին կնայեինք ու համբուրվողների հետ կհամբուրվեինք, վիճողների հետ կլարվեինք, հաշտության ժամանակ իրար կգրկեինք ու այդպես կքնեինք, հետո կհանդիպեինք երազում ու կհասկանայինք, որ այն ոչնչով չի տարբերվում մեր իրականությունից։

Օր 3․ Եթե մենք միասին լինեինք․․․ Ես մի պտղունց լույս կլցնեի քո մութ աշխարհում, ու դու կսկսեիր տեսնել մանրուքները, կսկսեիր սիրել սպիտակ կետերը սև մշուշի մեջ։ Ես կճանաչեի ոտնաձայներդ, շունչդ կզգայի հեռվից, կշնչեի քո բույրը․․․ Դու կզգայիր կարոտս․․․ Միակը, որն ունեմ։ Ամենաթանկը, որ պահում եմ քեզ համար։

Օր 4․ Եթե մենք միասին լինեինք․․․ Ես կընկնեի գիրկդ այնպես, ինչպես խոտերի մեջ թավալ է տալիս արևակարոտ մի կենդանի, և կամ անհագորեն սուզվում է ջրում երկար ժամանակ ջուրը չմտած լողորդը․ միայն թե գայիր․․․ Բայց ո՞վ եմ ես, որ որոշեմ իմ իրականությունը, փոխեմ էս իրողությունը։

Օր 5․ Ես քեզ հորինել եմ իմ խաղաղ օրերում։ Սակայն հիմա ներսումս բողոք է, կռիվ, ցասում, շփոթմունք։ Գուցե հիշես իմ մասին, գուցեև գաս ավելի ուշ, քան պետք է․․․»

Մոտ երեք ամիս շարունակեցի ապրել․․․ Իրականությունից կտրված, կիսաստվեր, կիսակյանք, բոլորից գաղտնի․․․

Մայրս բուռն չարձագանքեց իմ հղիության փաստին։ Ծնողներս բաժանված էին, ու նա լուրջ չէր վերաբերում «ընտանիք» կոչվածին։ Չնայած ես որոշել էի կայուն ու սիրուն ընտանիք ունենալ, բայց այդ ո՞ւմ ապագայի հետ կապված որոշումներն են իրագործվել, ո՞ւմ «երբեք»-ներն են անկատար մնացել, որ ինձ հետ պատահեր։

Ինն ամիս էր անցել, բայց երեխաս դեռ չէր ծնվել․ բժշիկներն անհանգստանում էին, իսկ ես համոզված էի, որ նա սպասում էր։ Օրեր առաջ պատահաբար հանդիպել էի Նրա քրոջը․ իմ սերը, իմ ընտանիքը, իմ հերոսը կամավորագրվել էր։ Նա համարվում էր անհետ կորած։ Հիմա ամեն բան պարզ էր։

«Օր 281․ Ես գիտեմ, որ գալու ես։ Ես չեմ ուզում մեռնել։

Օր 282․ Եթե դու չգաս, մենք չենք ապրի։

Օր 283․ Ոչ ոք չի հասկանում, որ մեր պուճուրը քեզ ա սպասում։ Ինձ համար միշտ միևնույն է եղել, թե ինչ կմտածեն մարդիկ։ Բայց հիմա նրանց մտքերը, նրանց էներգիան կարևոր է ինձ համար․ չէ՞ որ մի նոր մարդուկ է մեծանալու այդ էներգիաների ու մտքերի ներքո։

Օր 284․ Ես զգում եմ, որ լավ չեմ։ Մարդիկ չեն պատկերացնում, որ իրական սեր կա։ Չարացել ու անսեր են դարձել մարդիկ, որդնել են նրանց սրտերը ճոխ ու անբովանդակ սեղանների առաջ։ Ու ոչ մի սրսկում, ոչ մի դեղ արդեն որդնած էդ երևույթներն ունակ չէ բուժել։ Արի, որ միասին փորձենք բուժել, արի, որ հավատան սեր կոչված հրաշքին։»

285-րդ օրը- գիտակցությունս կորցրի։ Ասում են՝ հիվանդանոցի ճանապարհին սրտի կանգ եմ ունեցել։ Մի քանի օր անց մայրս ինձ տուն էր տանում՝ ոտքիս նյարդը ձգված, ձեռնափայտով, հյուծված ու կծկված։ Պուճուրին տեղափոխել էին այլ հիվանդանոց․ գուցե դեռ երկար ժամանակ չկարողանայի տեսնել նրան։

– Տար ինձ, մամ։ Տար ու գրկիր ինձ, գրկիր էս աշխարհը ու հաշտեցրու, ինչպես հաշտեցնում ես քո աշակերտներին։ Ինչի՞ էս աշխարհին մայրություն չես անում․․․

Մայրս լուռ էր։

Հիվանդանոցի աստիճանների մոտ հայացքս բախվեց քիչ հեռվում կանգնած մեկի հայացքին։ Դեմքն անճանաչելի էր՝ սպիները թույլ չէին տալիս նշմարել դիմագծերը, սև ակնոցներով էր, ձեռնափայտ ուներ․ մի ոտքը չկար։ Լսեցի կարոտած ձայնը․

– Վարագույրները չեն իջել․․․ Ես եմ․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *