Ա
Աղունիկները ծրտում են պատուհանիս: Հիշում ես տատիս խոսքերը. «Կհարստանաս»: Հացը փշրում եմ, դնում պատուհանագոգին. էլի ավազի անձրև կգա, իսկ ես ոտքով գնում եմ Երևան՝ մեր հնացած և սովետական տունը շոշափելու: Խռուստալի վազից շոկոլադ պիտի ուտեմ: Համից չկշտացած նետվեմ բացմոցին, որ հորս պապն է շինել դեռ հիսունականներին:
Մեր տունը սովետական թանգարան է մուրաբայի, չրերի և սմբուկով խավիարի համով:
«Ինչու՞ են հիշողությունները այսքան տաք»,- մտածում եմ ես՝ նայելով թեյի դատարկ բաժակին։ Նորից ուղտը նստած վերադառնում եմ արևելք, երբ արաբուհի հարևանուհուս ձայնը հասնում է ականջիս: Հասկանում եմ`վիճում է ամուսնու հետ առանց դադարի։ Թուխ է և գիրուկ, արևելյան հայելու մեջ կարող է գեղեցիկ երևալ: Անապատի կանայք նման են միմյանց, երբ գլխաշորով են: Նրանք չեն սիրում ուտել տղամարդկանց արցունքներ՝ ո՛չ նախաճաշին, ո՛չ էլ ընթրիքին։
Արևը հալվում է մզկիթին թառած աղավնիների վրա: Հարևանուհիս գնում է աղոթելու: Աստծո փնտրտուքն ամենուր է: Տատս ասում է`բոլոր կանայք տարբեր են, երբ կանգնում են Աստծո առաջ: « Չմտրակե՛ս քեզ, թե հոգիդ հողիցդ դուրս է: Խնայի՛ր մաշկդ ամենաուրախ սառնարանում, որ չդառնաս ցավի օազիս»-, շշնջաց մեկը կոկորդումս։
Ծորակի կաթկթոցից բացում եմ աչքերս: Նայում եմ հայելու մեջ, հարևանուհուս հայացքը ժպտում է դանդա՜ղ, դանդա՜ղ… Էլ սևազգեստ չէ, կապույտ է հագել, ի՜նչ տարօրինակ երջանիկ է… Անապատում աղավնիները շատ են, հատկապես տանիքներին ճերմակ թարթիչների…
Բ
Մեքենաների հայելիներից երկնաքեր շենքերն են ժպտում: Ծովագույն խուճապ է: Լոքեյշնով գտնում եմ ինձ` ֆաստ ֆուդ ուտելու երջանկությամբ: Հողաթափերով մարդկանց ալիքը ետ ու առաջ է գալիս:
-Իսկ դուք գիտե՞ք, որ ինձանից առաջ եք անցել,- ճվճվում է հնդիկ մի կին` աչքերը դուրս թռած: Ֆիլիպինցի տղամարդը լռում է` իր հերթը զիջելով:
-Էստեղ շտապում են,- քթի տակ մտմտում է եգիպտացի ծերունին:
-Բոլորը,- ավելացնում եմ ես: Մի տեղ ուտելիք, մի տեղ գիրք, ինչ-որ մի տեղ էլ պարզապես դիահերձարան, ուր բերում են մեռածներին: Արևելքը կարմիր խունկ է, որը չի այրվում, սակայն բուրում է: Լուսնի դարչինը քաղցրանում է մզիկաթձև գիշերների ուսերին: Աչքերիս մեջ կուտակված ավազը սկսում է թափվել: Ես գտել եմ Աստծուն։ Նա կանգնել է ճամպրուկով`մեջը լիքը գլխաշոր լցրած: Մենությունը հավաքական է էստեղ: Նստարանին նստած սևամորթ մի կին աղոթում է: Ասաց՝ երեկ գիշեր հրդեհվել էր իր հայրենի տունը: Մաշկս փոխվում է, սպիտակ կարեկցանքով գրկում եմ կնոջը:
-Վերդարձե՛ք այնտեղ, ուր Ձեզ չեն լքել ,- երգում է երկնքի նվագարկիչը: Նետեցի գրպանիս չիրը, որի արցունքները մարմնից էին հողի, այն էլ հայկական: Զրո թռիչք: Դատարկություն է:
Գ
Սառցարանում մինուս քսան է: Արցունքներս լցնում եմ Կոկա Կոլայի շշի մեջ ու նետում մի կողմ: Կքարանամ, կսառեմ: Ասում են՝ երազանքների ջինը գոյություն ունի: Եթե գտնես գիշերվա լամպը` կարող ես հավատալ ինքդ քեզ:
-Մակթուփ,- մրթմրթում է շենքիս պահակը՝ ավազոտ հողաթափերը հագած: Արաբերեն մի քանի բառ եմ հասկանում, գուգլում եմ արագ մտքերս, համարժեքը՝ ճակատագիր: Ճակատագիրը նույնանում է հաշտության հետ, նախ՝ ինքդ քո, ապա աշխարհի, որում քեզ հորինել են ուրիշները: Վերելակը կանգ է առնում:
-Բարձրանա՞նք,- հարցնում է հնդիկ հարևանուհիս՝ մատը տանելով կոճակին: Լռում եմ, հետո հիշում` հարևանուհիս խուլ է: ժպտում է փղի աչքերի նման մաքուր՝ կրելով խլությունը կարմրանախաշ տարազի մեջ: Քսքստոցով հեռանում ենք իրարից: Ճամպրուկներս ծանր-ծանր քարշ եմ տալիս դեպի շքամուտք: Շորերիս արանքից չորացրած դաղձի հոտն է բուրում: Ինչ-որ մի օր մայրս ու տատս շոշափել են ծոծրակս: «Իսկ դուք գիտե՞ք մասուրոտ քարերի մասին»,- նայելով ինձ՝ քերում եմ սալահատակը: Կանաչել եմ: Սա է միակ ներգաղթը ոչ ոքի դեմ։
Մի կնոջ էսսե
***
Երբ ծնվեցի, պատերազմ էր ու մութ: Տատս միակ հեքիաթի գիրքն էր, որը չայրվեց վառարանում:
***
Արաբական ձմեռ է, անապատում ձյունը ավազն է, որը շոշափում ու տեսնում եմ ամբողջ տարին: Կոշիկներս խրթխրթում են ավազի մեջ: Հագնում եմ ձմեռային շորերս, շարֆ կապում, գրկում կատվիս: Հիշողությունը կամաց մլավում է, ուզում եմ ոչ հետ գնալ, ոչ առաջ: Լավագույն վայրկյանը, որ ունեմ հենց այս է, ուղղակի ապրել առանց պատճառի, ուղղակի չսիրել կյանքը, ուղղակի վերադառնալ, վերադառնալ տուն, ուր իննսունականներից առաջ և հետո ոչինչ չի փոխվել:
***
Տատս ծնվել է ինձնից կես դար առաջ, երբ համացանց չկար, իսկ հեռուստացույցն անգույն էր: Նա ապրել է մութը՝ նստելով վառարանի տակ, հացի փշրանքներից բաժին հանելով եղբայրներին։ Հեռուստացույցը միացավ։ Հաստ շերտով սառույց է բռնել։ Երեխաները վազվզում են, մեկը մյուսի համար սահնակ է։ Սայթաքել, բայց չընկնել։ Սա է երջանկությունը։ Թուխ մաշկով, երկարավուն, նեղ աչքերով, կարճ ու փոքր քթով աղջնակ է տատս, թեև ոչ շատ հայկական, սակայն յուրօրինակ արտաքին ունի։ Երազանքներում ձկները միշտ թռչում են։ Շատ է ցուրտ։ Մորը օգնելու համար ուռկան է գցում լիճը, հետո անհասցե նամակները դառնում են նավեր ու սուզվում ջրի տակ։ Ձուկ չկա։ Ցուրտը է։ Տատս տիկնիկ ունի արդեն՝ երկու փայտ ամրացված թելով, հարևան Ծաղիկն է պատրաստել։ Հետո աչքերը փակում է, որ քնի։ Երեխաները չեն հավատում մանկությանը, երեխաները ավարտվում են մի օր, երբ տեսնում են պատերազմը։ Հոր վերքերը տաք են, արցունքները շիթ առ շիթ հոսում են արյան հետ։
Տատս վիրակապում է իր հոր ոտքը․ նա այլևս ութամյա աղջնակ չէ, այլ երազանքի վիրակապ, որը ծաղկելու է ջրից։
***
Քաղաքը ճանաչել եմ տատիս պատմած տրամվայի լարերից, որոնք երևանյան փոքրիկ շենքերի կողքին լվացքի պարաններ էին թվում։
-Ինչքա՜ն քիչ էին մեքենաները ու որքա՜ն շատ էին քայլող մարդիկ,- հիշում է տատս հաճախ: Իսկ ես մտքումս քաղաքի հատակագիծն եմ գծում:
-Գորգագործների փողոց,- ավելացնում է տատս՝ աչքերում երջանկություն շողարձակելով,- մեր վարձով տունը նեղ էր, երբ տեղափոխվեցինք էնտեղ ու չկար որևէ կահույք: Հայրս իր ձեռքերով մահճակալներ ու սեղան պատրաստեց: Հետո սովորեցինք ռուս հարևանների հետ համերաշխ կեցությանը, որովհետև մի խոհանոց և սանհանգույց էինք կիսում:
Տատս ժպտում է, չնայած մաշված ատամներին, զգում եմ այն ապրած խինդը, որը եղել է հեռավոր հասցեի տակ:
Լռում ենք։
-Աշխատանքն է հաջողության միակ հավաստիքը,- ասում եմ ես և չեմ հավատում, որ ձկնորս աղջնակից ինքնուրույն կինը մեկ քայլ է: Իսկ տատս, որ տասնհինգ տարեկանից անցել է երազանքի փուլերը և շատ չարչարվել՝ մի քանի հաստիքներում, նստել է իմ դիմաց առանց որևէ դժգոհության:
«Տատ, դու մեղու ես, շշնջում ես և թեյ պատրաստում»: Մանկությունս ծորում է դեղին-դեղին բաժակին մեջ… Լուսանկարներով կրկին հետ չենք գնում:
-Պապդ նվիրեց այս մատանին,- ասում է տատս՝ ցույց տալով մատը օղակած պապիս սերը:
-Վաթսուհինգ տարի,- շարունակում եմ ես ժպիտով: Ճիշտ այդքան տատս ու պապս ապրում են միասին: Նրանք հատել են սիրո մահվան ժամանակը:
-Կինը պետք է լինի մի քիչ ձկնորս, մի քիչ դերձակ, մի քիչ բուժքույր ու վարսահարդար, ծիծաղում է տատս` Սևանին ծով ասող ու պապիս գեղեցկությամբ թաքուն հիացող հայացքով:
