Հարցազրույց Սորբոնի համալսարանի դոկտոր, թարգմանչուհի Լուսինե Աբգարյանի հետ։
-Որքանո՞վ է այսօր հայ ընթերցողը հաղորդակից ֆրանսիական ժամանակակից գրական անցուդարձին։ Կա՞ն հեղինակներ, որոնք դեռևս «սպասում են» իրենց հայերեն թարգմանությանը։
-Հայ ընթերցողը բավականին ծանոթ է ֆրանսիական դասական գրականությանը, սակայն ժամանակակից ֆրանսիական արձակի և դրամատուրգիայի հետ կապը, ցավոք, շատ ավելի հատվածական է։ Թարգմանությունները, որ լույս են տեսնում, բավարար չեն ամբողջական պատկեր կազմելու համար այն բանի մասին, թե ինչ է կատարվում այսօր ֆրանսիական գրական աշխարհում։ Ֆրանսիայում ամեն տարի է լույս է տեսնում հսկայական ծավալի լավ գրականություն, որի ճնշող մեծամասնությունը հայ ընթերցողին անհասանելի է մնում։
Բայց խնդիրն ավելի խոր է, քան պարզապես «թարգմանված չէ» ասելը։ Կան հեղինակներ, որոնք խորհրդային տարիներին հայերեն հասել են մեզ ռուսերեն թարգմանություններից՝ երկրորդ ձեռքով, երբեմն գրաքննության կնիքով, հետևաբար ենթակա են վերաթարգմանության՝ բնագրից։ Ուստի մեր թարգմանիչները և հրատարակիչները կրկնակի մարտահրավերի առջև են. մի կողմից՝ հետ չմնալ ժամանակակից գրականությունից, մյուս կողմից՝ վերականգնել ու ուղղել անցյալի բացերը։ Եվ այս ամենն անել սահմանափակ ռեսուրսների պայմաններում։
-Այսօր շատ է խոսվում թարգմանական դպրոցի բացակայության կամ թուլացման մասին։ Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը. ունե՞նք արդյոք մասնագիտական քննադատություն, որը գնահատում է հենց թարգմանության որակը, այլ ոչ թե միայն բուն գիրքը։
-Մասնագիտական թարգմանաբանական քննադատության բացը, կարծում եմ, ուղղակիորեն անդրադառնում է ընթերցողին հասնող թարգմանությունների որակի վրա։ Երբ չկա մասնագիտական դաշտ, որն անկախ ու պատասխանատու կերպով գնահատում է թարգմանությունը՝ ոչ թե գիրքն ընդհանրապես, այլ հենց թարգմանչի աշխատանքը, բնագրին հավատարմությունը, ոճի փոխանցումը, բաց է մնում շատ կարևոր հարց՝ ի՞նչ է ստանում ընթերցողն իրականում։
Խնդիրն ունի և պատմական արմատներ։ Խորհրդային թարգմանչական դպրոցը հաճախ թարգմանչի դերը ընկալում էր որպես համահեղինակի դեր, ինչն, ի դեպ, ոչ միշտ է բացասական, քանի որ մեծ թարգմանիչներ են ծնվել այդ ավանդույթից, սակայն որոշ դեպքերում դա բերեց ավելորդ ազատության՝ բնագրի հաշվին։ Այս մոտեցումն ու կաղապարները, ցավոք, երբեմն ժառանգվել են։
Կա նաև խմբագրական հարցը, որն ավելի քիչ է արծարծվում, բայց ոչ պակաս կարևոր։ Խմբագիրը, ով չի տիրապետում բնագրի լեզվին, կարող է հայերեն տեքստը հղկել, բայց չի կարող ճիշտ դատել, թե արդյոք բնագրի ու թարգմանության միջև կամուրջը ամուր է կառուցված։
Ես ինձ բախտավոր եմ համարում, որ այս հարցերը կարող եմ անմիջականորեն բերել համալսարանական լսարան։ Ուսանողներիս հետ մշտապես անդրադառնում ենք թարգմանություններին, հատկապես մշակութային տեքստերի դեպքում, քննարկում ենք թարգմանիչների ընտրությունները, կասկածի տակ ենք դնում լուծումները։ Դա, կարծում եմ, նույնպես ձև է քննադատական դպրոցի ձևավորման համար, չնայած ոչ բավարար փոխարինող։
-Հաճախ բախվում ենք խնդրի, որ հայերենը «չոր» է թվում ժամանակակից կենցաղային կամ էրոտիկ տեքստեր թարգմանելիս։ Ինչպե՞ս եք հաղթահարում լեզվական կաղապարները։
-Սա հարց է, որին ամեն թարգմանիչ, ուշ թե շուտ, ստիպված է բախվել։ Հայերենը գրական ավանդույթի մեջ ձևավորվել է որպես «մաքրամաքուր» լեզու՝ ազնվացված, պահպանված, հաճախ ինքնաբավ դարձած իր իսկ կաղապարների մեջ։ Եվ ահա ժամանակակից ֆրանսիական արձակը, օրինակ, կարող է լինել բոլոր ռեգիստրներով, փողոցային խոսքով, էրոտիկ լեզվով, կենցաղային անկաղապար արտահայտություններով, և թարգմանիչն ինքն իրեն հարց է տալիս՝ ո՞ւր է հայերեն համարժեքը։
Կարծում եմ, այստեղ ամենամեծ թակարդն ինքնագրաքննությունն է։ Ընթերցողին «պաշտպանելու», հայերենը «չկեղտոտելու» ցանկությունը, որ, ըստ էության, հեղինակի ձայնը մեղմացնելու, «ազնվացնելու» ձև է, ու արդյունքում ֆրանսիացի հեղինակը հայերեն ավելի «պատկառելի» է հնչում, քան ինքն է ցանկացել։ Դա նշանակում է դավաճանել հեղինակային ոճին։
Ես կողմնակից եմ համարձակ, բայց ոչ կամայական լուծումներին։ Հայերենն ունի ռեսուրսներ, երբեմն՝ բարբառային, երբեմն՝ ոչ գրական շրջանառությունում, բայց գոյություն ունեցող, որ կարող են ծառայել։ Հարցն այն է, թե արդյոք թարգմանիչն իրեն թույլ է տալիս հասնել նրանց։ Ամեն տեքստ, ամեն համատեքստ առանձին պատասխան է պահանջում, ու ճիշտ լուծումը ոչ ամենավուլգար ծայրահեղությունն է, ոչ էլ ամենահարթ ու անվտանգ տարբերակը, այլ այն, ինչ հեղինակի ձայնն ամենաամբողջական կերպով հայերեն կրում է։
-Որքանո՞վ է գրականագիտական հենքը օգնում կամ գուցե երբեմն խանգարում թարգմանական ազատությանը։
-Գրականագիտական հենքը թարգմանչի համար և՛ զենք է, և՛ երբեմն կաշկանդող հանգամանք։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես այն կրում։
Անկասկած, այն օգնում է։ Երբ գիտես, թե ում ես թարգմանում, ճանաչում ես հեղինակի ձեռագիրը, հասկանում ժանրային ավանդույթը, ժամանակաշրջանը, թարգմանչական որոշումներդ ավելի հիմնավոր են դառնում, ոչ թե ինտուիտիվ կռահումների, այլ գիտակից ընտրության արդյունք։ Հատկապես ինտելեկտուալ կամ փիլիսոփայական արձակ թարգմանելիս գրականագիտական հենքն ուղղակի անփոխարինելի է։
Բայց կա մի վտանգ, որ ես անձամբ զգացել եմ։ Վերլուծական մտածողությունը կարող է «կանխել» ինտուիտիվ, կենդանի հոսքը։ Թարգմանիչը սկսում է «ճիշտ» փնտրել, երբ երբեմն պետք է «շունչ» փնտրի։ Հատկապես ռիթմային, ինտուիտիվ արձակ կամ պոեզիա թարգմանելիս չափից շատ վերլուծությունը կարող է հանգեցնել մի տեքստի, որ ճիշտ է, բայց որը չի շնչում։
Ուստի, կարծում եմ, հմտությունն այն է, որ գրականագիտական գիտելիքը կրես որպես ողնաշար, որը կա, սակայն չի երևում։ Տեքստին մոտենալ ազատ, բայց ոչ դատարկաձեռն։
-Մարգրիտ Դյուրասի «Նյութեղեն կյանքը», «Մոդերատո Կանտաբիլե» գրքերն արդեն Ձեր թարգմանությամբ հասանելի են հայ ընթերցողներին։ Հեղինակի լեզուն հաճախ բնութագրվում է որպես մինիմալիստական, բայց միևնույն ժամանակ չափազանց զգայական է։ Ո՞րն էր ամենամեծ մարտահրավերը նրա տեքստերը հայերեն թարգմանելիս։
-Դյուրասի թարգմանությունը, անկեղծ ասած, բոլորովին այլ փորձառություն էր։ Ֆրանսերենը գիտես, բայց Դյուրասի ֆրանսերենը մի առանձին տիեզերք է։ Կա ֆրանսերեն, և կա դյուրասյան ֆրանսերեն, ու դրանք հոմանիշ չեն։ Նրա նախադասությունները պարզ են տեսքով, բայց հոսանքներ ունեն, ու թարգմանիչն ամեն ակնթարթ ստիպված է ընտրել՝ հետևի ձևի՞ն, թե՞ հոսանքին։
Ամենամեծ մարտահրավերը, կարծում եմ, լռությունների թարգմանությունն էր։ Դյուրասի տեքստում այն, ինչ չի ասվում, հաճախ ավելի ծանր է, քան ասվածը, և հայերենը, որ հակված է ամբողջականության, բացատրելու, «փակելու» նախադասությունը, պետք է սովորի բաց թողնել, կիսատ մնալ, չպատասխանել։ Դա շատ ջանք պահանջող ինքնասահմանափակում է թարգմանչի համար։
Երկրորդ բարդությունն ինտերտեքստուալությունն էր։ Դյուրասի տեքստերն իրար արձագանքում են ամենաանսպասելի պահերին, ու եթե ընթերցողը չի «լսում» այդ արձագանքները, ինչ-որ բան կորչում է։ Թարգմանիչն այստեղ ստիպված է լինում ոչ թե կամուրջ կառուցել, այլ համոզվել, որ կամուրջն ուղղակի երևույթ չի դառնում, մնում է ներհյուս։
Ու այս ամենն, ի վերջո, վերադառնում է նույն հարցին. հայերեն, Դյուրասի ոճով, չի կարելի «հարթ» հնչեցնել։ Պիտի համարձակվես «անհարմար» թողնել, ինչպես ինքն է թողնում։
–Դյուրասի գործերում դադարներն ու լռությունն նույնքան կարևոր են, որքան բառերը։ Ինչպե՞ս է հաջողվել թարգմանել այդ «լռությունը» հայերենում։
-Առաջինը կետադրությունն է։ Դյուրասի կետը, բազմակետը, ստորակետը գործիքներ են, ոչ թե քերականական ձևականություն։ Հայերեն թարգմանելիս ամեն անգամ գայթակղություն կա «ուղղելու», ավելի «ճիշտ» կետադրելու, բայց դա ուղղակի կործանում է ռիթմը։ Պիտի հավատաս հեղինակի կետադրությանը, նույնիսկ երբ քերականորեն անտրամաբանական է թվում։
Երկրորդը նախադասության կառուցվածքն է։ Դյուրասը հաճախ կիսատ է թողնում, կրկնում, հետ է գալիս։ Հայերենը սկզբունքորեն ձգտում է ավարտուն նախադասությունների, ու գայթակղություն կա «փակելու» այն, ինչ Դյուրասը դիտավորյալ բաց է թողել։ Ես ստիպված էի ինձ արգելել այդ «ավարտելու» ռեֆլեքսը։
Երրորդը՝ ընդհանուր ռազմավարությունն է, որ, կարծում եմ, ամենակարևորն է. թարգմանիչը պետք է ինքն էլ «լռել» սովորի։ Չբացատրել, չհարթել, չփրկել ընթերցողին անհարմարությունից։ Դյուրասյան անհարմարությունը ոճ է, ու հայ ընթերցողն արժանի է այդ նույն անհարմարությանը ապրելու։
Եվ այստեղ պետք է անպայման ասել, որ այս ամբողջ աշխատանքն ուներ մի կարևոր հենարան։ Խմբագիրը, ով ոչ միայն հայերեն տեքստն է տեսնում, այլ փայլուն տիրապետում է նաև ֆրանսերենին, բոլորովին այլ դիրք ունի՝ կարող է թարգմանչի և բնագրի միջև կանգնել ու ասել՝ «այստեղ Դյուրասն ուրիշ բան է ուզում»։ Դա անփոխարինելի աչք է, և ես բախտ եմ ունեցել ունենալ այդ գործընկերությունը։ Շատ նյուանսներ, որ ի վերջո հայերեն ճիշտ հնչեցին, հենց այդ երկխոսության արդյունք են եղել։ Թարգմանությունը, ի վերջո, երբեք բացարձակ անհատական արարք չէ։
– Անխուսափելի՞ է սեփական կնիքը թողնելը տեքստի վրա։
Կարծում եմ՝ թարգմանիչի իդեալը հենց անտեսանելի մնալն է, և դա ոչ թե պարտություն է, այլ հմտության նշան։ Երբ ընթերցողը թարգմանություն է կարդում և մոռանում, որ թարգմանություն է, դա նշանակում է, որ թարգմանիչն իր գործն արել է։
Անշուշտ, ամբողջական անտեսանելությունն ուտոպիա է։ Ամեն ընտրություն, ամեն բառ, ամեն կետ ի վերջո թարգմանչի ձեռքով է անցել, և դրա հետքն, ինչ-որ իմաստով, մնում է։ Բայց կա տարբերություն այն կնիքի միջև, որ հեղինակի ձայնն ուժեղացնում է, և այն կնիքի, որ իր վրա է ուշադրություն հրավիրում։ Առաջինը ես ընդունելի եմ համարում, երկրորդը՝ թարգմանչական «ամբարտավանություն»։
-Դուք նաև պիեսներ եք թարգմանում հայերեն։ Ո՞րն է ամենամեծ դժվարությունը թատրոնի համար նախատեսված տեքստը թարգմանելիս։
-Թատերական թարգմանությունը բոլորովին այլ կարգի մարտահրավեր է, քան արձակի թարգմանությունը, և դա ի սկզբանե պետք է հասկանաս։ Արձակ թարգմանելիս ընթերցողը ժամանակ ունի, կարող է կանգ առնել, վերադառնալ։ Բեմում ժամանակ չկա։ Բառը հնչում է, անցնում է, և եթե արհեստական է հնչել, ոչ ոք չի սպասի, որ հաջորդ նախադասությունն ուղղի տպավորությունը։
Ուստի ամենամեծ դժվարությունը դինամիկան է՝ տեքստը պիտի շնչի, պիտի ապրի դերասանի բերանում։ Հայերենի գրական ձևերը, որ արձակում հաճախ ճիշտ են ու տեղին, բեմում կարող են մեռած հնչել։ Ու այստեղ «մաքրամաքուր հայերեն» պահելու գայթակղությունը կարող է ուղղակի թշնամի դառնալ տեքստին։ Կենդանի խոսքն ունի իր ռիթմը, իր կոտրված նախադասությունները, իր կիսատ մտքերը, և թարգմանիչը պետք է համարձակվի այդ «անկատարությունը» հայերենում էլ պահել։
-Ինչպե՞ս եք ստուգում տեքստի «հնչողությունը»։ Արդյո՞ք կարդում եք այն բարձրաձայն թարգմանելու ընթացքում կամ վերջում։
-Բարձրաձայն կարդալն ինձ համար թարգմանչական գործընթացի անբաժան մասն է, ոչ թե վերջնական ստուգում, այլ ստեղծագործական գործիք։ Ականջը շատ բաներ է բռնում, որ աչքը բաց է թողնում։ Նախադասությունը կարող է ճիշտ երևալ թղթի վրա, բայց բերանում «կպչել», կորցնել իր հոսքը, և դա ազդանշան է, որ ինչ-որ բան ուղղման կարիք ունի։
Բայց ամենաարժեքավոր փորձն այն է, երբ տեքստը դերասանի ձայնով ես լսում։ Երբ ինքդ ես կարդում, դու արդեն գիտես, թե ինչ ես ուզում լսել, ու ակամա «ճիշտ» ես կարդում, նույնիսկ երբ տեքստը կաղում է։ Դերասանը կողմնակի ականջ է, անաչառ, և նրա ձայնի միջով են երևան գալիս բոլոր այն տեղերը, որ կաղ ռիթմ ունեն, կամ արհեստական հնչող բառ, կամ նախադասություն, որ շնչառությանը հակառակ է գնում։ Այս մեթոդն, ի դեպ, ինձ համար ավելին է, քան ստուգում։ Դա երկխոսություն է բեմի հետ, հիշեցում, որ թատերական թարգմանությունը վերջնական ձևը ստանում է ոչ թե գրասեղանի, այլ բեմի վրա։
-Պիեսում բառը գործողություն է։ Ինչպե՞ս պահպանել այդ դինամիկան, որպեսզի թարգմանությունը չդառնա սոսկ գրական տեքստ, այլ մնա կենդանի թատերական նյութ։
-Պիեսում բառը ոչ թե նկարագրում է գործողությունը, այլ ինքն է գործողությունը, և դա ամեն ինչ փոխում է թարգմանչի մոտեցման մեջ։ Գրական արձակ թարգմանելիս կարող ես երկար, ծավալուն նախադասություն կառուցել, ու ընթերցողը կհետևի։ Բեմում նույն նախադասությունը կարող է դերասանի շնչառությունը կտրել, ռիթմը խլել, պահը սպանել։
Ուստի թատերական տեքստ թարգմանելիս ամեն բառ կշռում եմ ոչ թե միայն իմաստով, այլ ֆիզիկական ծանրությամբ։ Երկա՞ր է բառը, թե՞ կարճ։ Ի՞նչ է անում բերանում։ Հայերենն ունի շատ հարուստ, բայց երկար բառեր, ու երբեմն մեկ ֆրանսերեն վանկանոց բառի դիմաց հայերեն գտնում ես հինգ վանանոց համարժեք, որ արդեն ուրիշ ռիթմ է, ուրիշ շնչառություն, ուրիշ բեմական ժամանակ։
Իսկ դադարը, Փինտերի կամ Բեքեթի դադարը, օրինակ, ոչ մի դեպքում չի կարելի «լրացնել»։ Դա կետ չէ, գործողություն է, ու թարգմանիչը պետք է վստահի դրան, նույնիսկ երբ հայերեն «անհարմար» է հնչում։ Անհարմարությունն էլ հեղինակի ձայնի մի մասն է։
-Իսկ թարգմանելիս պատկերացնո՞ւմ եք արդյոք հայ դերասանին այդ դերը մարմնավորելիս։
Այո, և կարծում եմ դա թարգմանչական անհրաժեշտություն։ Երբ թատերական տեքստ ես թարգմանում, գրասեղանը բավարար չէ։ Ինչ-որ պահ ակամա բեմ ես կառուցում գլխումդ, և դերասան ես դնում այնտեղ, ու նայում՝ արդյո՞ք տեքստն աշխատում է նրա մարմնի, ձայնի, շնչառության հետ։
Բեմադրիչին պատկերացնելն էլ բոլորովին այլ շերտ է բացում։ Բեմադրիչը տեքստին ուրիշ աչքով է նայում, տեսնում է ռիթմը, տարածքը, լռությունն ու լույսը։ Երբ թարգմանելիս պատկերացնում ես, թե ինչպես է բեմադրիչն այս պահը «կարդում», հասկանում ես, որ թարգմանությունդ ոչ թե վերջնակետ է, այլ մի շերտ, որի վրա ուրիշ ձեռքեր են շարունակելու աշխատել։
-Առաջիկա թարգմանությունների մասին էլ խոսենք։ Ո՞ր հեղինակի կամ հեղինակների ստեղծագործություններն ենք ընթերցելու հայերենով։
-2026-ը հայ ընթերցողի և բեմադրիչի համար մի քանի հետաքրքիր անակնկալ կունենա։ Ֆրանսիական և ֆրանկոֆոն գրականությունից մի քանի գործ լույս կտեսնեն հայերեն, որոնց մասին առայժմ այսքանը կասեմ. Անյես Մարտեն Լյուգան, Գաբրիելա Զալապի, իսկ դրամատուրգիայի դաշտից՝ երկու հեղինակ, որոնց հատկապես սիրով եմ սպասում. Ուաժդի Մուաուադն ու Սիմոն Աբգարյանը։
Մուաուադն, ի դեպ, ֆրանկոֆոն թատրոնի այն հազվագյուտ ձայներից է, որ կարող է միաժամանակ ողբերգական լինել՝ թատերական իմաստով և խիստ ժամանակակից, ուղղակի ու ֆիզիկական։ Հայ բեմադրիչի համար ահռելի նյութ է։
Իսկ Սիմոն Աբգարյանի դեպքում ուրախ եմ, որ հայ արմատներ ունեցող ֆրանկոֆոն հզոր ձայն է հասնելու հայ բեմ, ինչ-որ իմաստով՝ «տուն վերադառնալու» պատմություն է, կարծում եմ։ Ավելին՝ ժամանակը ցույց կտա։
Զրուցեց ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
